YouVersion Logo
Search Icon

Բ ՕՐԵՆՔ 5

5
Տասը պատվիրանները
(Ելք 20.2-17)
1Մովսեսը կանչեց բոլոր իսրայելացիներին և ասաց նրանց. «Ո՛վ Իսրայել, լսի՛ր այն կանոններն ու հրամանները, որ ես այսօր ասում եմ ձեզ. սովորե՛ք դրանք և գործադրե՛ք զգուշությամբ։ 2Մեր Տեր Աստվածն ուխտ արեց մեզ հետ Քորեբ լեռան վրա։ 3Տերն այդ ուխտը մեր հայրերի հետ չարեց, այլ մեզ հետ, որ այստեղ այսօր բոլորս էլ ողջ ենք։ 4Տերը դեմ առ դեմ խոսեց ձեզ հետ լեռան վրա, կրակի միջից 5(Ես այն ժամանակ կանգնած էի Տիրոջ ու ձեր միջև, որպեսզի հաղորդեմ ձեզ Տիրոջ խոսքերը, որովհետև դուք, կրակից վախենալով, լեռը չբարձրացաք) և ասաց.
6“Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ քեզ դուրս հանեցի Եգիպտոսից՝ ստրկության տնից։
7Ուրիշ աստվածներ չունենաս իմ առաջ։
8Քեզ համար կուռքեր չշինես ոչ մի բանի կերպարանքով, որ գտնվում է վերևում՝ երկնքում, կամ ներքևում՝ երկրի վրա, և կամ երկրի տակ՝ ջրերի մեջ։ 9Երկրպագություն չանես դրանց և չպաշտես դրանց, որովհետև ես՝ քո Տեր Աստվածը, նախանձոտ Աստված եմ, որ հայրերի անօրենությունը հատուցում եմ որդիներին՝ մինչև երրորդ և չորրորդ սերունդը, որոնք ատում են ինձ, 10և ողորմություն եմ անում նրանց մինչև հազարերորդ սերունդը, որոնք սիրում են ինձ և պահում իմ պատվիրանները։
11Քո Տեր Աստծու անունը իզուր բերանդ չառնես, որովհետև Տերն անպատիժ չի թողնի նրան, ով իր անունը իզուր բերանն է առնում։
12Զգո՛ւյշ եղիր, որ հանգստյան օրը սուրբ պահես, ինչպես պատվիրել է քեզ քո Տեր Աստվածը։ 13Վեց օր կաշխատես և բոլոր գործերդ կկատարես։ 14Բայց յոթերորդ օրը քո Տեր Աստծու հանգստյան օրն է. այդ օրը ոչ մի գործ չպետք է անես, ո՛չ դու, ո՛չ քո որդին, ո՛չ քո աղջիկը, ո՛չ քո ծառան, ո՛չ քո աղախինը, ո՛չ քո եզը, ո՛չ քո էշը, քո անասուններից ո՛չ մեկը, ո՛չ էլ քո հարկի տակ գտնվող օտարականը, որպեսզի քո ծառան և քո աղախինն էլ հանգստանան քեզ նման։ 15Հիշի՛ր, որ դու ստրուկ էիր Եգիպտոսի երկրում, և քո Տեր Աստվածը քեզ այնտեղից դուրս հանեց հզոր ձեռքով և բարձր բազկով. դրա համար քո Տեր Աստվածը քեզ պատվիրեց, որ պահես հանգստյան օրը։
16Պատվի՛ր քո հորն ու քո մորը, ինչպես պատվիրել է քեզ քո Տեր Աստվածը, որպեսզի քո օրերը երկար լինեն, և քեզ համար բարի լինի այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը տալիս է քեզ։
17Մի՛ սպանիր։
18Մի՛ շնացիր։
19Մի՛ գողացիր։
20Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր։ 21Քո հարևանի կնոջը մի՛ ցանկացիր. և մի՛ ցանկացիր քո հարևանի ո՛չ տունը, ո՛չ նրա արտը, ո՛չ նրա ծառային, ո՛չ նրա աղախնին, ո՛չ նրա եզանը, ո՛չ նրա էշին, քո հարևանի ոչ մի բանը”։
22Տերն այն սարի վրա կրակի, ամպի և մառախուղի միջից բարձր ձայնով այս խոսքերն ասաց ձեր ամբողջ ժողովրդին և ոչինչ չավելացրեց։ Նա դրանք գրեց քարե երկու տախտակների վրա ու տվեց ինձ։
Ժողովրդի վախը
(Ելք 20.18-21)
23Երբ լսեցիք այդ ձայնը խավարի միջից, մինչ լեռը վառված էր կրակով, դուք եկաք ինձ մոտ, այսինքն՝ ձեր ցեղերի բոլոր գլխավորներն ու ձեր ծերերը, և ասացիք. 24“Մեր Տեր Աստվածն ահա մեզ ցույց է տալիս իր փառքն ու մեծությունը, և նրա ձայնը լսում ենք կրակի միջից. այդ օրը տեսանք, որ Աստված խոսեց մարդու հետ, և մարդը ողջ մնաց։ 25Հիմա ինչո՞ւ մեռնենք (որովհետև այս մեծ կրակը մեզ կսպառի)։ Եթե մենք մեր Տեր Աստծու ձայնը կրկին լսենք, ապա կմեռնենք. 26որովհետև բոլոր մարմնավոր մարդկանցից ո՞վ է նա, որ մեզ նման լսել է կրակի միջից խոսող կենդանի Աստծու ձայնը և ողջ է մնացել։ 27Դու մոտեցի՛ր և լսի՛ր այն ամենը, ինչ որ մեր Տեր Աստվածը կասի, և դու կասես մեզ այն ամենը, ինչ որ մեր Տեր Աստվածը կասի քեզ, և մենք կլսենք ու կկատարենք”։ 28Տերը լսեց ձեր խոսքերի ձայնը, երբ դուք խոսում էիք ինձ հետ։ Տերն ասաց ինձ. “Լսեցի այն խոսքերը, որ ժողովուրդն ասաց քեզ։ Նրանց բոլոր ասածները լավ են։ 29Երանի թե նրանց սիրտն էլ լիներ այնպես, որ վախենալով ինձանից՝ պահեին իմ բոլոր պատվիրաններն ամեն ժամանակ, որպեսզի հավիտյան լավ լիներ նրանց ու նրանց որդիների համար։ 30Գնա՛ և ասա՛ նրանց. "Վերադարձե՛ք ձեր վրանները"։ 31Բայց դու մնա՛ ինձ հետ այստեղ, և ես քեզ կասեմ այն բոլոր պատվիրանները, կանոններն ու հրամանները, որ պիտի սովորեցնես նրանց, որպեսզի դրանք գործադրեն այն երկրում, որ ես տալիս եմ նրանց իբրև ժառանգություն”։
32Զգո՛ւյշ եղեք, որ անեք այնպես, ինչպես ձեզ պատվիրել է Տերը՝ ձեր Աստվածը. չշեղվեք ո՛չ աջ և ո՛չ ձախ։ 33Գնացե՛ք այն բոլոր ճանապարհներով, որ Տերը՝ ձեր Աստվածը, պատվիրել է ձեզ, որպեսզի ապրեք, և լավ լինի ձեզ համար, որպեսզի ձեր կյանքի օրերը երկար լինեն այն երկրում, որ ժառանգելու եք»։

Currently Selected:

Բ ՕՐԵՆՔ 5: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy