Երբ անցնում ես ծանրագույն դժվարություններովՕրինակ

Երբ անցնում ես ծանրագույն դժվարություններով

ՕՐ 6 7-ից

Սուրբ Հոգին քո լավագույն Օգնականն է

Մենք մոտենում ենք «Երբ անցնում ես ծանրագույն դժվարություններով» անվանումը կրող շարքի ավարտին։ Նախորդ ուղերձի մեջ մենք անդրադարձանք դժվարին ընթացքով անցնող մարդկանց կյանքում մյուսների աղոթքի կարևորությանը։ Սակայն Քրիստոսի հավատարիմ աշակերտներն իրենց դժվարությունների մեջ Տեր Աստծու գերբնական օգնությունն ընդունելու համար ո՛չ միայն կարող են հուսալ մյուսների աղոթքների բացած ճանապարհին, այլև կարող են ընդունել Տեր Աստծու Սուրբ Հոգու օգնությունը։

Սիրելի՛ բարեկամ, Տեր Հիսուսն աշակերտներին ասում էր, որ ավելի լավ է, որ Ինքը գնա, քանի որ այդ պարագայում էր միայն հնարավոր Սուրբ Հոգու ներբնակությունը Իր աշակերտների կյանքում։ Սուրբ Հոգին Աստվածաշնչում երկնային պարգև է կոչվում։ Աստծու Հոգու ներկայությունը մեր կյանքերում ամենազորավոր օգնությունն է, որ հնարավոր է պատկերացնել։

«…որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը՝ փառքի Հայրը, Իրեն ճանաչելու համար տա ձեզ իմաստության և հայտնության Հոգի, որ ձեր սրտի աչքերը լուսավորի, և ճանաչեք, թե ի՛նչ է Նրա կոչման հույսը, ինչքա՛ն է սրբերի մեջ Նրա փառավոր ժառանգության առատությունը, և որքա՛ն գերազանց ու մեծ է Նրա զորությունը, որով Նա զորացնում է մեզ՝ հավատացյալներիս՝ համաձայն Իր զորավոր ուժի ներգործության» (Եփեսացիներին 1.17-19 ՆՎԱԱ):

Սուրբ Հոգին զորացնում է մեզ՝ հավատացյալներիս։ Նա իմաստություն է մեզ տալիս ճիշտ որոշումներ կայացնելու և դժվարին իրավիճակներին պատշաճ ու աստվածահաճո արձագանք ունենալու համար։ Սուրբ Հոգին է լուսավորում մեր աչքերը, որպեսզի տեսնենք հոգևոր իրողությունները և լցվենք Տեր Հիսուսի փոխանցած հույսով։ Սուրբ Հոգին մեր լավագույն Օգնականն է մեր բոլոր դժվարությունների և կյանքի ծանր ընթացքների ժամանակ։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ դու ունե՞ս Սուրբ Հոգու հետ մտերիմ հարաբերություն։ Դու զգո՞ւմ ես Նրա հանդիմանությունն ու հորդորները։ Քո կյանքի դժվարին պահերին զգո՞ւմ ես, թե ինչպես է Նա Իր քաղցր ներկայությամբ մխիթարում ու զորացնում քեզ։ Աստծու Սուրբ Հոգին օգնում է նաև մեր աղոթքներին, երբ չգիտենք, թե ինչպես աղոթել։

«Նույն կերպ և Հոգին է օգնում մեր տկարությանը, որովհետև չգիտենք, թե ինչպես պետք է աղոթենք, բայց Հոգին Ինքը անմռունչ հառաչանքներով բարեխոս է լինում մեզ համար» (Հռոմեացիս 8․26 ՆՎԱԱ):

Երբ մեր կողքին այլևս ոչ ոք չկա, կամ եթե կա էլ, բայց ոչ ոք չի կարողանում մեզ որևէ գործուն օգնություն ցուցաբերել, ապա միշտ պետք է հիշենք, որ Աստծու Հոգին մեզ հետ է և բնակվում է մեր մեջ։ Նա ուզում է դառնալ քո ամենամտերիմ Բարեկամը և ամենազորավոր Օգնականը։ Նա մեր Մխիթարիչն է և մեր Տերը։ Նա Աստված է, որ ընտրել է մեր մարմինները՝ որպես Իր բնակության վայր։ Որքա՜ն խորն ու հրաշալի է աստվածապաշտության ընթացքը։ Թեև անըմբռնելի, սակայն՝ իրական․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Այս Ծրագրի Մասին

Երբ անցնում ես ծանրագույն դժվարություններով

Մենք երբեմն անցնում ենք կյանքի դժվարություններով և կյանքի այդպիսի իրավիճակներում մարդն իր հայացքն ուղղում է Աստծուն և փնտրում Նրա օգնությունը։ Աստված քո կողքին է քո տառապանքի մեջ։ Աստված անտարբեր չէ քո ցավի հանդեպ և մեծ փափագ ունի քեզ զորացնելու և քեզ Իր մխիթարությամբ մխիթարելու։ Մեր կյանքում կարող են լինել դժվարություններ, որոնք հատուկ նպատակ են հետապնդում։ Դրանք զորացնում են մեր հավատքը, կոփում մեր բնավորությունը, մեզ պայքարել ու դիմակայել սովորեցնում: Եթե մենք հավատարիմ ենք Աստծուն և Նրա առաջ ապրում ենք ուղիղ կյանքով՝ սիրելով Նրա կամքը և արյուն թափելու չափ պատերազմելով մեղքի դեմ, ապա մենք անհանգստանալու ոչինչ չունենք։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ Hisus.am