ՀՈՎՀԱՆՆԵՍ 1

1
Եվ Բանը մարմին դարձավ
1Սկզբում էր Բանը, և Բանն Աստծու մոտ էր, և Բանն Աստված էր։ 2Նա սկզբում Աստծու մոտ էր։ 3Ամեն ինչ նրանով եղավ, և առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ 4Կյանքը նրանով էր, և կյանքը մարդկանց լույսն էր։ 5Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, իսկ խավարը նրան չտիրեց։
6Կար մի մարդ՝ ուղարկված Աստծու կողմից, և նրա անունը Հովհաննես էր։ 7Նա եկավ որպես վկա՝ Լույսի մասին վկայելու, որ նրա միջոցով բոլորը հավատան։ 8Նա Լույսը չէր, այլ եկել էր Լույսի մասին վկայելու։
9Ճշմարիտ Լույսն էր, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալիս։ 10Նա աշխարհի մեջ էր, և աշխարհը նրանով արարվեց, սակայն աշխարհը նրան չճանաչեց։ 11Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին։ 12Սակայն նրանց, ովքեր ընդունեցին նրան և հավատացին նրա անվանը, իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու։ 13Նրանք չծնվեցին արյունից, ո՛չ էլ մարմնի ու մարդու կամքից, այլ ծնվեցին Աստծուց։
14Եվ Բանը մարմին դարձավ ու մեր մեջ բնակվեց, և տեսանք նրա փառքը. փառք, որ Հորից ունի Միածինը՝ լի շնորհով ու ճշմարտությամբ։
15Հովհաննեսը նրա մասին վկայում է ու աղաղակելով ասում. «Սա էր, որի մասին ասացի. "Նա, որ գալիս է ինձանից հետո, ինձանից ավելի մեծ է, որովհետև ինձանից առաջ էր"»։
16Եվ նրա լիությունից մենք բոլորս շնորհի վրա շնորհը ստացանք. 17որովհետև օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհն ու ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան։ 18Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միածին Որդուց, որ Հոր ծոցում է. նա՛ է մեզ նրա մասին հայտնել։
Հովհաննես Մկրտչի վկայությունը
(Մտթ. 3.1-12, Մրկ. 1.1-8, Ղուկ. 3.1-18)
19Եվ այս է Հովհաննեսի վկայությունը. երբ հրեաները Երուսաղեմից նրա մոտ քահանաների ու ղևտացիների ուղարկեցին, որպեսզի նրան հարցնեն. «Դու ո՞վ ես», 20նա խոստովանեց և չուրացավ. խոստովանեց, թե՝ «Ես Քրիստոսը չեմ»։ 21Եվ նրան հարցրին. «Հապա ո՞վ, Եղիա՞ն ես»։ Նա ասաց. «Ոչ, չեմ»։ «Մարգարե՞ն ես դու»։ Նա պատասխանեց. «Ո՛չ»։ 22Արդ նրան ասացին. «Հապա ո՞վ ես, որ մեզ ուղարկողներին պատասխանենք. ի՞նչ ես ասում քո մասին»։ 23Ասաց.
«Ես անապատում կանչողի ձայնն եմ.
"Հարթե՛ք Տիրոջ ճանապարհը"» (Ես. 40.3),
ինչպես Եսայի մարգարեն ասաց։
24Եվ ուղարկվածները փարիսեցիներից էին։ 25Նրան հարցրին ու ասացին. «Հապա ինչո՞ւ ես մկրտում, եթե դու ո՛չ Քրիստոսն ես, ո՛չ Եղիան, ո՛չ էլ մարգարեն»։ 26Հովհաննեսը նրանց պատասխանեց. «Ես ջրով եմ մկրտում, բայց ձեր մեջ կա մեկը, որին դուք չեք ճանաչում։ 27Նա, որ գալիս է ինձանից հետո և որ ինձանից էլ առաջ է եղել, որի կոշիկների կապերն արձակելու արժանի չեմ ես»։ 28Այս բանը պատահեց Բեթանիայում՝ Հորդանանի մյուս կողմում, որտեղ Հովհաննեսը մկրտում էր։
Աստծու Գառը
29Հաջորդ օրը Հովհաննեսը տեսավ Հիսուսին, որ գալիս էր իր մոտ, ու ասաց. «Ահա Աստծու Գառը, որ իր վրա է վերցնում աշխարհի մեղքը։ 30Սա է, որի մասին ես ասում էի. "Ինձանից հետո գալիս է մեկը, որ ինձանից մեծ է, որովհետև նա կար ինձանից առաջ։ 31Ես չէի ճանաչում նրան։ Սակայն որպեսզի նա հայտնի լինի Իսրայելին, դրա համար եկա ջրով մկրտելու"»։ 32Եվ Հովհաննեսը վկայեց ու ասաց. «Տեսնում էի Հոգին, որ աղավնու պես իջնում էր երկնքից և հանգչում նրա վրա։ 33Ես նրան չէի ճանաչում, բայց նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, ինձ ասաց. "Ում վրա տեսնես, որ Հոգին իջնում է ու մնում, նա՛ է Սուրբ Հոգով մկրտողը"։ 34Ու ես տեսա և վկայեցի, թե՝ "Սա է Աստծու Որդին"»։
Հիսուսի առաջին աշակերտները
35Հաջորդ օրը Հովհաննեսը իր երկու աշակերտների հետ դարձյալ կանգնած էր։ 36Եվ տեսնելով Հիսուսին, որ գալիս էր, ասաց. «Ահա Աստծու Գառը»։ 37Եվ երկու աշակերտները նրանից լսեցին, ինչ որ ասաց, ու գնացին Հիսուսի հետևից։ 38Հիսուսը շրջվեց, տեսավ նրանց, որ գալիս էին իր հետևից, ու նրանց ասաց. «Ի՞նչ եք ուզում»։ Նրանք ասացին նրան. «Ռա՛բբի (որ նշանակում է "վարդապետ"), որտե՞ղ ես մնում»։ 39Նրանց ասաց. «Եկե՛ք ու տեսե՛ք»։ Եկան ու տեսան, թե որտե՛ղ էր մնում։ Այդ օրը նրա մոտ մնացին, որովհետև տասներորդ ժամն#1.39 Ճաշից հետո ժամը չորսը։ էր։
40Սիմոն Պետրոսի եղբայրը՝ Անդրեասը, մեկն էր այն երկուսից, որոնք լսեցին Հովհաննեսից ու նրա հետևից գնացին։ 41Սա նախ գտնում է իր եղբայր Սիմոնին ու նրան ասում. «Գտանք Մեսիային#1.41 Այսինքն՝ «Օծյալ»։ (որ "Քրիստոս" է նշանակում)»։ 42Եվ նրան տարավ Հիսուսի մոտ։ Հիսուսը նրան նայեց ու ասաց. «Դու Սիմոնն ես՝ Հովնանի որդին, դու պիտի կոչվես Կեփաս#1.42 Այսինքն՝ «վեմ»։ (որ "Պետրոս" է նշանակում)»։
Փիլիպպոսի և Նաթանայելի կոչումը
43Հաջորդ օրը Հիսուսը ցանկացավ Գալիլեա գնալ։ Նա գտավ Փիլիպպոսին ու նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»։ 44Փիլիպպոսն էլ Բեթսայիդայից էր՝ Անդրեասի ու Պետրոսի քաղաքից։ 45Փիլիպպոսը գտավ Նաթանայելին ու նրան ասաց. «Գտանք նրան, ում մասին Մովսեսը օրենքի մեջ և մարգարեները գրել են։ Դա Հիսուսն է՝ Հովսեփի որդին Նազարեթից»։ 46Եվ Նաթանայելը նրան ասաց. «Հնարավո՞ր է, որ Նազարեթից որևէ լավ բան դուրս գա»։ Փիլիպպոսը նրան ասաց. «Արի՛ և տե՛ս»։ 47Հիսուսը տեսավ Նաթանայելին իր մոտ գալիս ու նրա մասին ասաց. «Ահա իսկական իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»։ 48Նաթանայելը նրան ասաց. «Որտեղի՞ց ես ճանաչում ինձ»։ Հիսուսը պատասխանեց նրան. «Նախքան Փիլիպպոսի՝ քեզ կանչելը տեսա քեզ՝ թզենու տակ կանգնած»։ 49Նաթանայելն ասաց. «Ռա՛բբի, դու ես Աստծու Որդին, դու ես Իսրայելի թագավորը»։ 50Հիսուսը պատասխանեց և նրան ասաց. «Հավատում ես, որովհետև քեզ ասացի, թե թզենու տակ տեսել եմ քեզ. դրանից է՛լ ավելի մեծ բաներ պիտի տեսնես»։ 51Եվ նրան ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. պիտի տեսնեք երկինքը բացված և Աստծու հրեշտակներին, որ բարձրանում և իջնում են Մարդու Որդու վրա»։

Արդեն Ընտրված.

ՀՈՎՀԱՆՆԵՍ 1: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում