Երբ անցնում ես ծանրագույն դժվարություններովՕրինակ

Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով
Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Երբ անցնում ես ծանրագույն դժվարություններով» անվանումը։ Մեր նախորդ ուղերձի մեջ տեսանք, որ Աստված Իր Խոսքի մեջ հստակ բացահայտում է այն ճշմարտությունը, որ Ինքն անտարբեր չէ տառապանքով ու դժվարություններով անցնող մարդկանց ցավի հանդեպ։ Սակայն երբեմն մենք մեր ցավի մեջ աղաղակում ենք Աստծուն, որպեսզի Նա մեզ ազատի մեր կյանքի դժվարին իրավիճակից, բայց Աստված կարծես այլ ծրագրեր ունենա մեր կյանքի տվյալ իրավիճակի հետ կապված, և մենք դեռ մնում ենք մեր ցավի ու տառապանքի հովտում․․․
Սիրելի՛ բարեկամ, իսկ պատահե՞լ է, որ Աստծուն ուղղված քո աղոթքներից ու աղաչանքներից հետո անկեղծ հարցնես․ «Տե՛ր, ինչո՞ւ ես լուռ։ Ինչո՞ւ չես միջամտում և քո զորավոր ձեռքով փոխում իմ կյանքի իրավիճակը»։ Անկեղծ ասեմ, որ իմ կյանքում պատահել է դա և ոչ մեկ անգամ․․․ Սակայն իրական դասը մենք սովորում ենք Տեր Հիսուսի և Պողոս առաքյալի կյանքի օրինակներից։ Շատ հայտնի է Տեր Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում։
«Այդ ժամանակ նրանց ասաց. «Հոգիս մահու չափ տրտմած է. այստե՛ղ մնացեք ու Ինձ հետ արթո՛ւն կացեք»։ Եվ մի քիչ առաջանալով՝ երեսնիվայր ընկավ, աղոթում էր ու ասում. «Հա՛յր Իմ, եթե հնարավոր է, թող այս բաժակն Ինձանից հեռու անցնի. բայց ոչ թե ինչպես Ես եմ կամենում, այլ ինչպես Դու» (Մատթեոս 26.38-39 ՆՎԱԱ):
Մեր կյանքում կարող են լինել դժվարություններ, որոնք հատուկ նպատակ են հետապնդում։ Դրանք զորացնում են մեր հավատքը, կոփում մեր բնավորությունը, մեզ պայքարել ու դիմակայել սովորեցնում և այլն։ Սակայն կան նաև դժվարություններ ու ծանր իրադարձություններ, որոնք, ինչպես Հոբի կյանքում, օրինակ են դառնում մյուսների համար, եթե մենք մեր ծանրագույն դժվարությունների մեջ Հոբի նման հավատարիմ ենք մնում Տիրոջը և Նրա օգնությամբ ենք հաղթահարում մեր կյանքի ճգնաժամերը։
«Եվ որպեսզի հայտնությունների առավելությամբ չհպարտանամ, մարմնի համար ինձ խայթ տրվեց՝ սատանայի հրեշտակ, որ ինձ բռնցքահարի, որպեսզի չգոռոզանամ։ Դրա համար երեք անգամ Տիրոջն աղաչեցի, որ նրան ինձանից հեռացնի։ Իսկ Նա ինձ ասաց. «Քեզ Իմ շնորհը բավական է, որովհետև Իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում»։ Արդ ավելի հոժարությամբ իմ տկարություններով կպարծենամ, որպեսզի Քրիստոսի զորությունն իմ մեջ բնակվի» (Բ Կորնթացիս 12.7-9 ՆՎԱԱ):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե դու էլ Պողոս առաքյալի պես խնդրում ես Տեր Աստծուց, որ Նա փոխի քո կյանքի իրավիճակը, սակայն դեռ սպասման ընթացքի մեջ ես, և փոփոխության որևէ նշան չկա, ապա հավատքով բացի՛ր քո սիրտը Տեր Աստծու զորացնող շնորհքի առջև, որը մեզ ուժ է տալիս դիմանալու, չչարանալու և համբերությամբ ու հավատքով առաջ ընթանալու մեզ համար Տիրոջ պատրաստած հաղթանակների մեջ, որոնք միշտ չէ, որ մեր պատկերացրած ու մեր ակնկալած կերպով են գալիս։
Տեր Հիսուսի շնորհիվ դու միշտ հաղթող ես լինելու։ Անգամ եթե քո կյանքի ծանրագույն իրավիճակը դեռ չի փոխվել, դու կարո՛ղ ես հաղթող լինել, եթե հավատարիմ մնաս Տիրոջ Խոսքին ու Նրա կամքը կատարելը քեզ համար դարձնես քո կյանքի կարևորագույն առաջնահերթությունը։ Եթե մենք սովորենք մեր տկարությունների ժամանակ ապրել Աստծուն հնազանդության ու Նրա շնորհով զորանալու կյանքով, ապա կկարողանանք կյանքի ցանկացած դժվարին իրավիճակում Պողոս առաքյալի պես ասել․ «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» (Փիլիպպեցիս 4.13 ՆՎԱԱ):
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին

Մենք երբեմն անցնում ենք կյանքի դժվարություններով և կյանքի այդպիսի իրավիճակներում մարդն իր հայացքն ուղղում է Աստծուն և փնտրում Նրա օգնությունը։ Աստված քո կողքին է քո տառապանքի մեջ։ Աստված անտարբեր չէ քո ցավի հանդեպ և մեծ փափագ ունի քեզ զորացնելու և քեզ Իր մխիթարությամբ մխիթարելու։ Մեր կյանքում կարող են լինել դժվարություններ, որոնք հատուկ նպատակ են հետապնդում։ Դրանք զորացնում են մեր հավատքը, կոփում մեր բնավորությունը, մեզ պայքարել ու դիմակայել սովորեցնում: Եթե մենք հավատարիմ ենք Աստծուն և Նրա առաջ ապրում ենք ուղիղ կյանքով՝ սիրելով Նրա կամքը և արյուն թափելու չափ պատերազմելով մեղքի դեմ, ապա մենք անհանգստանալու ոչինչ չունենք։
More
Հարակից ծրագրեր

Աստծու բարությունը մեղրից էլ քաղցր է

Զրույց «Քո հրաշքն՝ ամեն օր»-ի ընթերցողի հետ

Սուրբ ծննդյան նվերներ Էջմիածնի Էմմանուել եկեղեցուց

Աստծու սիրո խորհրդանիշը

Տեր Աստծու շնորհը մեր մեծագույն օգնությունն է

Երբ անցնում ես ծանրագույն դժվարություններով

Աստվածաշնչի օրհնությունները քո կյանքում

Քո անհուսության բժշկությունը

Աղոթք Հայաստանի և հայ ժողովրդի համար
