Երբ անցնում ես ծանրագույն դժվարություններովՕրինակ

Խնդրի՛ր, որ քեզ համար աղոթեն
Շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Երբ անցնում ես ծանրագույն դժվարություններով» անվանումը։ Այս շարքի նախորդ ուղերձների մեջ մենք անդրադարձանք կյանքի դժվարին ընթացքով անցնող մարդկանց հանդեպ Տեր Աստծու հոգատարությանն ու տված խոստումներին, որոնք, անշուշտ, գործում են այդ խոստումների պայմաններին բավարարող մարդկանց կյանքերում։
Սիրելի՛ բարեկամ, այս ուղերձի մեջ մենք անդրադառնալու ենք դժվարություններով անցնող մարդկանց կյանքում այն գերբնական օգնությանը, որը գալիս է Տիրոջից, սակայն գործում է քեզ հարազատ ու քեզ համար հոգ տանող մարդկանց կողմից քեզ համար առ Աստված բարձրացրած աղոթքների շնորհիվ։
Իրապես, մեծագույն օրհնություն է, երբ քո շրջապատում կան մարդիկ, որոնք անտարբեր չեն քո հոգսի հանդեպ և աղոթում են քեզ համար։ Ես առանձնահատուկ օրհնված մարդ եմ այս առումով, քանի որ հաստատ գիտեմ, որ բազմաթիվ մարդիկ անկեղծ աղոթք են բարձրացնում առ Աստված իմ առողջության, իմ ծառայությունների, իմ ընտանիքի, մեր եկեղեցու և իմ կյանքի մյուս ոլորտների համար։
Գուցե հե՛նց այս ուղերձի ունկնդիրների մեջ էլ կան ինձ համար պարբերաբար աղոթող մարդիկ և, օգտվելով առիթից, ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել այդ մարդկանց։ Այն վարձքը, որ ես ունենալու եմ Երկնքում այս ծառայությունների բերած պտուղների շնորհիվ, նաև բոլոր այն մարդկանց է տրվելու, որոնք աղոթքով աջակցել են մեր ծառայություններին և նպաստել Աստծու Արքայության ընդլայմանն ու մարդկանց հոգիների փրկությանը։
«Արդ, խնդրում եմ, որ ամեն բանից առաջ աղոթեք, խնդրանք ու աղաչանք անեք, գոհություն հայտնեք բոլոր մարդկանց համար․․․ » (Ա Տիմոթեոս 2․1 ՆՎԱԱ):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստվածաշունչը մեզ հորդորում է աղոթել մարդկանց համար։ Եթե դու մյուսների համար աղոթող ես, ապա մի՛ ամաչիր խնդրել, որպեսզի մյուսներն էլ քեզ համար աղոթեն։ Աղոթքը զորավոր մի զենք է հոգևոր աշխարհում։ Թեև մենք չենք կարող մինչև վերջ հասկանալ աղոթքի գործողության կերպն ու էությունը, սակայն այն գործում է և ուղի է բացում Տեր Աստծու գերբնական միջամտության համար։
«Մշտապես աղոթե՛ք ու գոհունակությամբ արթո՛ւն կացեք նրա մեջ։ Մեզ համա՛ր էլ աղոթք արեք, որպեսզի Աստված բացի մեզ խոսքի դուռը՝ Քրիստոսի խորհուրդը հայտնելու, որի համար էլ կապված եմ» (Կողոսացիս 4․2-3 ՆՎԱԱ):
Պողոս առաքյալի նման օծյալ ծառայողը կարիք ուներ, որպեսզի հավատացյալներն իր համար աղոթեն։ Մենք բոլորս ունենք աղոթքի կարիք։ Երբե՛ք չամաչես քեզ մտերիմ մարդկանց խնդրել, որպեսզի աղոթեն քեզ համար, երբ անցնում ես կյանքի ծանր փորձություններով ու դժվարին իրավիճակներով։ Եթե մյուսների համար աղոթող մարդ ես, ապա թույլ տուր, որ նրանք էլ քեզ զորավիգ լինեն իրենց աղոթքներով։
«Եթե Ինձ հետ միավորված մնաք, Իմ խոսքերն էլ ձեր մեջ մնան, ինչ որ կամենաք, խնդրեք, այն ձեզ կտրվի» (Հովհաննես 15․7 ՆՎԱԱ):
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին

Մենք երբեմն անցնում ենք կյանքի դժվարություններով և կյանքի այդպիսի իրավիճակներում մարդն իր հայացքն ուղղում է Աստծուն և փնտրում Նրա օգնությունը։ Աստված քո կողքին է քո տառապանքի մեջ։ Աստված անտարբեր չէ քո ցավի հանդեպ և մեծ փափագ ունի քեզ զորացնելու և քեզ Իր մխիթարությամբ մխիթարելու։ Մեր կյանքում կարող են լինել դժվարություններ, որոնք հատուկ նպատակ են հետապնդում։ Դրանք զորացնում են մեր հավատքը, կոփում մեր բնավորությունը, մեզ պայքարել ու դիմակայել սովորեցնում: Եթե մենք հավատարիմ ենք Աստծուն և Նրա առաջ ապրում ենք ուղիղ կյանքով՝ սիրելով Նրա կամքը և արյուն թափելու չափ պատերազմելով մեղքի դեմ, ապա մենք անհանգստանալու ոչինչ չունենք։
More
Հարակից ծրագրեր

Աստծու արդարությունը մեր ապահովությունն է

Աստվածաշնչի օրհնությունները քո կյանքում

Քո անհուսության բժշկությունը

Աստծու սիրո խորհրդանիշը

Աստծու բարությունը մեղրից էլ քաղցր է

Զրույց «Քո հրաշքն՝ ամեն օր»-ի ընթերցողի հետ

Տեր Աստծու շնորհը մեր մեծագույն օգնությունն է

Աղոթք Հայաստանի և հայ ժողովրդի համար

Երբ անցնում ես ծանրագույն դժվարություններով
