Դու նրանց հույսն ես․․․Օրինակ

Դու նրանց հույսն ես․․․

ՕՐ 5 7-ից

Ստության կապանքից ազատագրվելու խաղաղությունը

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Դու նրանց հույսն ես․․․»անվանումը։ Նախորդ ուղերձի մեջ մենք անդրադարձանք այն ճշմարտությանը, որ առաջնային հոգևոր հաղթանակը, որը խաղաղություն է բերում մարդու կյանքի մեջ, խավարի և հոգևոր կուրության կապանքից ազատագրվելու հաղթանակն է։ Տեսանք նաև, որ հոգևոր կուրությունը և հոգևոր տեսողությունը կապ ունեն Աստվածաշնչում տեղ գտած ճշմարտությունների հանդեպ մեր վերաբերմունքի հետ։ Եթե մենք հավատում ենք և ընդունում Աստվածաշնչում տեղ գտած ճշմարտությունները, ապա Աստծու Խոսքը լուսավորում է մեզ, և մենք խավարի մեջ չենք, այլ լուսավորված ենք Քրիստոսի փառավոր Ավետարանի լույսով։

Սիրելի՛ բարեկամ, հաջորդ հոգևոր հաղթանակը, որը մեզ լցնում է Տեր Հիսուսի շնորհած խաղաղությամբ, ստության կապանքից ազատագրվելու հաղթանակն է։ Տեր Հիսուսի խոսքերը ճշմարտություն են։ Ցանկացած հոգևոր միտք, ուսուցում կամ վարդապետություն, որը հակասում է Տեր Հիսուսի խոսքերին, ստություն է և մոլորություն։ Չարը մարդուն մոլորեցնում է՝ ստության մտքեր և ստության քարոզներ, սուտ մարգարեութուններ և սուտ քաջալերանքներ հրամցնելով։ Ստության կապանքից մարդը ազատագրվում է, երբ ո՛չ միայն լսում և ընդունում է Տեր Հիսուսի ուսուցումները, այլև իր ողջ էությամբ ձգտում է հնազանդվել դրանց։

«Եվ ինչո՞ւ եք Ինձ "Տե՛ր, Տե՛ր" կանչում, բայց չեք անում այն, ինչ ասում եմ։ Ամեն ոք, ով Ինձ մոտ է գալիս ու Իմ խոսքերը լսում և դրանք կատարում, ցույց կտամ ձեզ, թե ո՛ւմ է նման։ Նման է տուն կառուցող մի մարդու, որ հողը փորեց ու խորացրեց և հիմքը ժայռի վրա դրեց։ Երբ հեղեղ եղավ, գետը խփեց տանը, բայց չկարողացավ շարժել այն, որովհետև լավ էր կառուցված։ Բայց նա, ով լսում է և չի կատարում, նման է մի մարդու, որ տուն է կառուցում հողի վրա առանց հիմքի. գետը խփեց, և այն իսկույն փլվեց, և այդ տան կործանումը մեծ եղավ» (Ղուկաս 6.46-49):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, գիտե՞ս արդյոք, թե ինչպե՛ս կարող ես ստուգել՝ դու ստության կապանքի մե՞ջ ես ապրում, թե՞ ազատվել ես դրանից և ապրում ես ճշմարտության հաղթանակի մեջ։ Եթե դու քո ողջ էությամբ հավատում ես Տեր Հիսուսի ուսուցումներին, որոնք տեղ են գտել Աստվածաշնչի մեջ, և եթե մեծ փափագով ձգտում ես հնազանդվել դրանց, ապրել սրբության կյանքով ու հոգևոր ամրության ու աճի ընթացքով, ուրեմն ազատագրվել ես ստի կապանքից։

Միայն ստության կապանքից ազատագրության հարցում հոգևոր հաղթանակներ տարած մարդը կարող է ընդունել Տեր Հիսուսի խոստացած խաղաղությունը։ Եթե կուրության կապանքից ազատագրվում ենք, երբ հավատում ենք Տեր Հիսուսի ուսուցումներին, ապա ստության կապանքից ազատվում ենք, երբ մեր ողջ էությամբ ձգտում ենք ապրել ըստ այն ճշմարտության, որին հավատում ենք։

Ստության կապանքից ազատագրված մարդիկ ունակ են տարբերելու մոլորեցնողներին Քրիստոսի ճշմարիտ աշակերտներից, քանի որ նրանց հոգևոր կյանքի հիմքը Աստվածաշունչն է։ Քրիստոսի Ավետարանը լուսավորում է մարդուն և նրան ունակ դարձնում զանազանելու այդ Ավետարանին հակասող ցանկացած վարդապետություն, ուսուցում, քարոզ ու մարգարեություն։

«Զարմանում եմ, թե ինչպես եք այդպես արագ հեռանում նրանից, ով ձեզ Քրիստոսի շնորհի մեջ կանչեց, և դեպի ուրիշ ավետարան դառնում։ Սակայն ուրիշը չկա, այլ միայն կան ոմանք, որ ձեզ խռովեցնում են և ուզում են Քրիստոսի Ավետարանը փոխել։ Բայց եթե մենք կամ երկնքից մի հրեշտակ նրանից տարբեր բան ավետարանի, քան մենք ձեզ ավետարանեցինք, նզովյալ լինի։ Ինչպես արդեն ասացինք, հիմա էլ դարձյալ ասում եմ. «Եթե մեկը ձեզ ավետարանի ոչ այն, ինչ դուք ընդունեցիք, նզովյալ լինի» (Գաղատացիներին 1.6-9):

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Այս Ծրագրի Մասին

Դու նրանց հույսն ես․․․

Վերջին օրերի փոթորիկների ու խառնաշփոթի մեջ Աստված Իր հավատարիմ զավակներին Իր խաղաղության մեջ է պահելու։ Նա խոստացել Իր բոլոր հավատարիմ աշակերտներին և պատվիրել է այդ խաղաղությունը բաժնեկցել մյուս մարդկանց հետ։ Դու երբե՛ք չես կարող խաղաղության մեջ ապրել, եթե չսովորես հաղթել հավատքի պատերազմում։ Աստված ամեն բան հոգացել է, որպեսզի դու լինես հաղթող։ Տերը քեզ հետ է։ Տիրոջ Հոգին է քո մեջ բնակվում։ եթե գործես Տեր Աստծու պարգևած զորությամբ ու Նրա շնորհած իմաստությամբ կկարողանաս հաղթել:

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ Hisus.am