Դու նրանց հույսն ես․․․Օրինակ

Դու նրանց հույսն ես․․․

ՕՐ 3 7-ից

Խաղաղությունն իրական է միայն հաղթանակի պարագայում

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Դու նրանց հույսն ես․․․»անվանումը։ Մեր նախորդ ուղերձի մեջ մենք անդրադարձանք այն ճշմարտությանը, որ քո շրջապատի մարդիկ կարիք ունեն խաղաղության, սակայն դու նրանց դա չես կարող փոխանցել, եթե դեռ ինքդ չունես այն մեծագույն պարգևը, որը Տեր Հիսուսը խոստացավ Իր հավատարիմ աշակերտներին։ Այս և առաջիկա ուղերձների մեջ մենք խոսելու ենք այն մասին, թե ինչպես կարող ես իրական խաղաղություն ընդունել Տեր Հիսուսից։

Սիրելի՛ բարեկամ, ցանկացած կայուն և հարատև խաղաղության գինը հաղթանակն է պատերազմի մեջ։ Եթե չկա հաղթանակ, խաղաղությունը ժամանակավոր է, փխրուն ու անկայուն։ Նույնը ճշմարիտ է նաև ներքին խաղաղության պարագայում։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ մենք հոգևոր պատերազմի մեջ ենք և, հետևաբար, հոգևոր խաղաղության կարող ենք հասնել միայն հոգևոր հաղթանակների պարագայում։ Եվ այդ հաղթանակները մեզ պարգևողը Տեր Հիսուսն է, որ Իր Հոգին է ուղարկել, որպեսզի մեզ զորացնի, իմաստություն տա և հոգևոր ճակատամարտերում հաղթանակների հասնելու հմտություններ մեզ փոխանցի։

«Աստված է իմ հզոր բերդը, Որ իմ ճամփան ապահով է դարձնում։ Նա հաստատուն դարձրեց իմ ոտքերը, ինչպես եղջերուինը, Եվ ինձ բարձունքների վրա ապահով կանգնեցրեց։ Նա իմ ձեռքերը պատերազմի է վարժեցնում, Եվ իմ բազուկները պղնձե աղեղներ են լարում։ Եվ Դու ինձ տվեցիր Քո փրկության վահանը, Ու Քո բարեհաճությունը բարձրացրեց ինձ։ Դու լայնացրիր ընթացքն իմ ոտքերի տակ, Եվ իմ սրունքները չդողդողացին։ Հալածեցի իմ թշնամիներին և ոչնչացրի նրանց, Ու ես ետ չդարձա, մինչև որ չկործանեցի նրանց» (Բ Թագավորաց 22․33-38):

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, վերը բերված խոսքերը Դավիթ թագավորի խոսքերն են։ Սա հատված է նրա փառաբանության երգից, որը Դավթի սրտի գոհության արտահայտությունն էր իրեն հաղթանակներ պարգևած Տիրոջը։ Այսօր ուզում եմ վստահեցնել քեզ, որ Աստված նաև քե՛զ է կամենում զորացնել քո պատերազմներում հաղթանակներ ունենալու համար և փոխանցել հոգևոր պատերազմի հմտությունները։ Այո՛, մեր պատերազմը մարմնի ու արյան դեմ չէ, այլ՝ հոգևոր ուժերի։ Չարը, գայթակղությունները, վատ սովորությունները, հիասթափություններն ու հուսահատությունը հաղթահարելը քեզ խաղաղություն է պարգևելու։

Խաղաղությունն իրական է միայն հաղթանակի պարագայում։ Դու երբե՛ք չես կարող խաղաղության մեջ ապրել, եթե չսովորես հաղթել հավատքի պատերազմում։ Աստված ամեն բան հոգացել է, որպեսզի դու լինես հաղթող և ոչ միայն հաղթող, այլ ավելի, քան հաղթող։ Տերը քեզ հետ է։ Տիրոջ Հոգին է քո մեջ բնակվում։ Չկա մի այնպիսի մեղք, այնպիսի գայթակղություն, այնպիսի մի վատ սովորություն ու կյանքի այնպիսի իրավիճակ, որը դու չկարողանաս հաղթահարել, եթե գործես Տեր Աստծու պարգևած զորությամբ ու Նրա շնորհած իմաստությամբ։

«Բայց այս բոլոր բաներում առավել ևս հաղթում ենք Նրա՛ միջոցով, ով մեզ սիրեց» (Հռոմեացիս 8․37):

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Այս Ծրագրի Մասին

Դու նրանց հույսն ես․․․

Վերջին օրերի փոթորիկների ու խառնաշփոթի մեջ Աստված Իր հավատարիմ զավակներին Իր խաղաղության մեջ է պահելու։ Նա խոստացել Իր բոլոր հավատարիմ աշակերտներին և պատվիրել է այդ խաղաղությունը բաժնեկցել մյուս մարդկանց հետ։ Դու երբե՛ք չես կարող խաղաղության մեջ ապրել, եթե չսովորես հաղթել հավատքի պատերազմում։ Աստված ամեն բան հոգացել է, որպեսզի դու լինես հաղթող։ Տերը քեզ հետ է։ Տիրոջ Հոգին է քո մեջ բնակվում։ եթե գործես Տեր Աստծու պարգևած զորությամբ ու Նրա շնորհած իմաստությամբ կկարողանաս հաղթել:

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ Hisus.am