Բ ՕՐԵՆՔ 15
15
Յոթերորդ տարին
(Ղևտ. 25.1-7)
1«Ամեն յոթ տարին մեկ թողություն կանես։ 2Թողության օրենքը հետևյալն է. չեղյալ կհամարես այն ողջ պարտքը, որ քո ընկերը պարտք է քեզ. մի՛ պահանջիր քո ընկերոջից և քո եղբորից, որովհետև այդ թողությունը հանուն Տիրոջ՝ քո Աստծու է։ 3Օտարից կպահանջես այն, ինչ քոնն է, սակայն քո եղբոր պարտքը զիջի՛ր նրան։ 4Թող ձեր մեջ կարիքավորներ չլինեն, և Տերը՝ քո Աստվածը, օրհնելու է քեզ այն երկրում, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ, որպեսզի այն տիրես իբրև ժառանգություն։ 5Եթե լսես Տիրոջ՝ քո Աստծու ձայնը, պահես ու կատարես բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, 6Տերը՝ քո Աստվածը, կօրհնի քեզ, ինչպես խոստացել է քեզ։ Շատ ազգերի փոխ կտաս, բայց ինքդ պարտք չես վերցնի, բազում ազգերի կտիրես, բայց քեզ չեն տիրի։
7Եվ եթե ձեր մեջ քո եղբայրներից մեկը կարիքի մեջ լինի, Տիրոջ՝ քո Աստծու քեզ տված երկրի քաղաքներից որևէ մեկում, ապա նրանից երես մի՛ թեքիր, քո կարիքավոր եղբոր նկատմամբ ժլատություն մի՛ արա, 8այլ առատաձե՛ռն եղիր նրա նկատմամբ, նրան պարտք տո՛ւր այնքան, որքան կխնդրի նա իր կարոտության մեջ։ 9Զգո՛ւյշ եղիր, չլինի թե մտքումդ ծածուկ չար բան լինի և ասես. “Մոտ է յոթերորդ տարին՝ թողության տարին”, և անգթորեն վերաբերվես կարիքի մեջ գտնվող քո եղբորը և նրան պարտք չտաս։ Եթե նա քո դեմ բողոքի Տիրոջը, ապա դու մեծ մեղքի տակ կընկնես։ 10Պա՛րտք տուր նրան այնքան, որքան անհրաժեշտ է։ Եվ մի՛ տրտմիր, որովհետև դրա համար քո Տերը՝ Աստված, կօրհնի քեզ քո բոլոր գործերում, ինչ էլ որ ձեռնարկես։ 11Քանի որ կարիքավորներն անպակաս են լինելու երկրի վրա, դրա համար էլ այս բանը պատվիրելով՝ ասում եմ. “Առատաձե՛ռն եղիր քո աղքատ և տառապյալ եղբոր նկատմամբ, որը ապրում է քո երկրում”»։
Գերիների ազատագրումը
(Ելք 21.2-11)
12«Եթե եբրայեցի քո եղբայրը կամ եբրայեցի մի կին վաճառվի քեզ, ապա վեց տարի նա թող ծառայի քեզ, իսկ յոթերորդ տարում նրան ազատ կարձակես քեզնից։ 13Երբ նրան ազատ արձակես, ձեռնունայն չարձակես. 14նրան կապահովես քո ոչխարներից, քո ցորենից ու քո հնձանի բարիքից։ Ինչպես որ Տերը՝ քո Աստվածը, օրհնեց քեզ, դու էլ նրա՛ն տուր։ 15Հիշի՛ր, որ դու էլ ստրուկ էիր եգիպտացիների երկրում, և Տերը՝ քո Աստվածը, փրկեց քեզ այնտեղից։ Դրա համար էլ քեզ պատվիրում եմ, որ կատարես այս բաները։ 16Իսկ եթե քեզ ասի՝ “Քեզանից չեմ հեռանա”, քանի որ սիրել է քեզ ու քո ընտանիքը, որովհետև նրա համար հարմար է քեզ մոտ մնալը, 17ապա հերյունը կվերցնես, դռան սեմի վրա կծակես նրա ականջը, և նա ցմահ կդառնա քո ստրուկը։ Նույն կերպ կվարվես քո աղախնի նկատմամբ։ 18Քեզ ծանր թող չթվա, եթե քեզանից ազատ արձակես քո ստրուկներին, քանի որ նրանք վեց տարի ծառայել են քեզ և վարձկանից կրկնակի օգուտ են տվել քեզ։ Այն ժամանակ Տերը՝ քո Աստվածը, կօրհնի քեզ քո բոլոր գործերում»։
Արջառի և ոչխարի անդրանիկ ծնունդները
19«Քո նախիրներում ու հոտերում ծնված բոլոր առաջնածին արուներին կնվիրաբերես Տիրոջը՝ քո Աստծուն։ Քո առաջնածին եզը գործի չլծես և քո հոտերի առաջին ծնունդները չխուզես։ 20Ամեն տարի դու և քո ընտանիքը կուտեք այն Տիրոջ առջև, այն վայրում, որ կընտրի Տերը՝ քո Աստվածը։ 21Եթե այդ անասունը արատավոր լինի՝ կաղ, կույր կամ որևէ ուրիշ արատ ունենա, դրան Տիրոջը՝ քո Աստծուն, մի՛ զոհիր, 22այլ կե՛ր քո քաղաքում։ Այնտեղ գտնվող անմաքուրն ու մաքուրը նույնպես թող ուտեն այն, ինչպես ուտում են այծյամին ու եղջերուին։ 23Սակայն արյունը չուտես, այլ իբրև ջուր կթափես գետնին»։
Currently Selected:
Բ ՕՐԵՆՔ 15: ՆԷԱ
Highlight
Share
Copy

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն