YouVersion Logo
Search Icon

Բ ՕՐԵՆՔ 16

16
Զատկական և Բաղարջակերաց տոները
(Ելք 12.1-20, 23.15, 34.18)
1«Պահի՛ր Կանխոց ամիսը, կատարի՛ր Տիրոջ՝ քո Աստծու զատիկը, որովհետև Կանխոց ամսին գիշերով դուրս եկաք Եգիպտոսից։ 2Եվ կմորթես Տիրոջ՝ քո Աստծու զատիկը՝ ոչխարներ ու արջառներ, այն վայրում, որ կընտրի Տերը՝ քո Աստվածը, իր անվան պաշտամունքի համար։ 3Դրա հետ թթխմորով բան չուտես։
Դրա հետ յոթ օր բաղարջ՝ չարչարանաց հաց կուտես, որովհետև տագնապով դուրս եկաք Եգիպտոսից, որպեսզի ձեր կյանքի բոլոր օրերին հիշեք եգիպտացիների երկրից ձեր դուրս գալու օրը։ 4Քո բոլոր բնակավայրերում յոթ օր թթխմորով բան չերևա, և մինչև հաջորդ առավոտ չմնա այն մսից, որ մորթել ես առաջին օրվա երեկոյան։
5Չհամարձակվես քո զատիկը մորթել քո քաղաքներից մեկում, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ. 6այլ զատիկը կմորթես այն վայրում, որ կընտրի Տերը՝ քո Աստվածը, իր անվան պաշտամունքի համար։ Այնտեղ կզոհես զատիկը երեկոյան՝ մայրամուտին, այն ժամանակ, երբ դուրս եկար Եգիպտոսից։ 7Կեփես, կխորովես ու կուտես այն վայրում, որ կընտրի Տերը՝ քո Աստվածը, և վաղ առավոտյան կվերադառնաս քո տունը։
8Վեց օր բաղարջ հաց կուտես։ Յոթերորդ օրը կտոնես մեծ շուքով. այն նվիրված է Տիրոջը՝ քո Աստծուն։ Այդ օրը ոչ մի գործ չես կատարի, բացի անձնական պետքերից»։
Շաբաթների կամ բերքի առաջնեկի տոնը
Հնձի տոնը
(Ելք 34.22, 23.16ա, Ղևտ. 23.15-21)
9«Այն օրվանից, երբ կսկսես մանգաղով հնձել ցորենը, կհաշվես յոթ շաբաթ 10և կկատարես Շաբաթների տոնը՝ նվիրված Տիրոջը՝ քո Աստծուն. կբերեք ձեր կամավոր նվերները, համաձայն քեզ տրված Տիրոջ՝ քո Աստծու հրամանի։ 11Եվ կուրախանաք Տիրոջ՝ քո Աստծու առջև, դու, քո տղան ու քո դուստրը, քո ծառան ու քո աղախինը, քո քաղաքում բնակվող ղևտացին, պանդուխտը, որբն ու այրին, այն վայրում, որ կընտրի Տերը՝ Աստված, իր անվան պաշտամունքի համար։ 12Եվ հիշի՛ր, որ ստրուկ էիր եգիպտացիների երկրում, և հետամո՛ւտ եղիր, որ կատարես այս պատվիրանները»։
Տաղավարահարաց տոնը
(Ելք 23.16բ, Ղևտ. 23.33-43)
13«Տաղավարահարաց տոնը կկատարես յոթ օր, երբ կհավաքես քո կալի ու քո հնձանի բերքը։ 14Քո տոնին կուրախանաք դու, քո տղան ու դուստրը, քո ծառան ու քո աղախինը, քո քաղաքում բնակվող ղևտացին, պանդուխտը, որբն ու այրին։ 15Յոթ օր Տիրոջ՝ քո Աստծու տոնը կանես այն վայրում, որ կընտրի Տերը՝ քո Աստվածը։ Եվ Տերը՝ քո Աստվածը, կօրհնի քո բոլոր բերքը և քո ձեռնարկած բոլոր գործերը, և ուրախ կլինես։
16Տարին երեք անգամ՝ Բաղարջակերաց տոնին, Շաբաթների տոնին և Տաղավարահարաց տոնին, քո արուները պետք է կանգնեն Տիրոջ՝ քո Աստծու առջև այն վայրում, որ կընտրի Տերը։ Ոչ ոք Տիրոջ՝ քո Աստծու առջև դատարկաձեռն չպետք է երևա, 17յուրաքանչյուրն ըստ իր կարողության՝ համաձայն Տիրոջ՝ քո Աստծու քեզ տրված հրամանի»։
Արդարադատության օրենքներ
18«Այն բոլոր քաղաքներում, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ, ըստ ցեղերի դատավորներ ու օրենսգետներ կկարգես, որպեսզի ժողովրդին դատեն արդար դատաստանով, 19աչառություն չանեն ու կաշառք չվերցնեն, որովհետև կաշառքը կուրացնում է իմաստունների աչքերը և ապականում արդարների խոսքերը։ 20Արդար դատ կանեք, որպեսզի ապրեք և մտնելով ժառանգեք այն երկիրը, որ Տերը՝ Աստված, տալու է ձեզ։
21Տիրոջ՝ քո Աստծու զոհասեղանի շուրջը պաշտամունքային ոչ մի փայտյա սյուն մի՛ կանգնեցրու, ոչ էլ որևէ ծա՛ռ տնկիր՝ պաշտելու համար, 22ոչ էլ արձան կանգնեցրու, մի բան, որ ատում է Տերը՝ քո Աստվածը»։

Currently Selected:

Բ ՕՐԵՆՔ 16: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in