YouVersion Logo
Search Icon

Հայտնություն 3

3
Պատգամ Սարդիսի եկեղեցուն
1«Սարդիսի եկեղեցու հրեշտակին գրի՛ր.
"Այսպես է ասում նա, որ ունի Աստծու յոթ Հոգիները և յոթ աստղերը. “Գիտեմ քո գործերը, որ անուն ես հանել, թե կենդանի ես, բայց մեռած ես։ 2Արթո՛ւն եղիր և գոտեպնդի՛ր մնացածներին, որ պիտի մեռնեն, որովհետև քո գործերն իմ Աստծու առաջ կատարյալ չգտա։ 3Արդ հիշի՛ր, թե ինչպե՛ս խոսքն ընդունեցիր ու լսեցիր, և պահի՛ր այն ու ապաշխարի՛ր. իսկ եթե արթուն չլինես, ես ինչպես գող կգամ, և չես էլ իմանա, թե որ ժամին կգամ քեզ մոտ։ 4Բայց Սարդիսում ևս ունես մի քանիսին, որոնք իրենց զգեստները չկեղտոտեցին և պիտի շրջեն ինձ հետ սպիտակ զգեստներով, որովհետև արժանի են։ 5Հաղթողը այսպիսի սպիտակ զգեստներ պիտի հագնի, և նրա անունը կյանքի գրքից չեմ ջնջելու. և նրա անունը պիտի հայտնեմ իմ Հոր ու նրա հրեշտակների առաջ։ 6Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին”"»։
Պատգամ Փիլադելփիայի եկեղեցուն
7«Փիլադելփիայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր.
"Այսպես է ասում Սուրբը՝ Ճշմարիտը,
որ Դավթի բանալին ունի.
նա, որ բացում է, և ոչ ոք չի փակում,
նա, որ փակում է, և ոչ ոք չի բացում.
8“Գիտեմ քո գործերը. ահա քո առջև բացված դուռ դրեցի, և այն ոչ ոք չի կարող փակել, որովհետև թեև քիչ զորություն ունես, բայց իմ խոսքը պահեցիր և իմ անունը չուրացար։ 9Ահա քեզ եմ տալիս սատանայի ժողովարան եղողներին, որոնք իրենց մասին ասում են, թե հրեա են, բայց չեն, այլ ստում են։ Նրանց այնպես պիտի անեմ, որ գան և երկրպագություն անեն քո ոտքերի առաջ ու իմանան, որ ես քեզ սիրեցի։ 10Քանի որ համբերության իմ խոսքը պահեցիր, ես էլ քեզ պիտի պահեմ փորձության այն ժամին, որ գալու է այս աշխարհի վրա, որպեսզի փորձության ենթարկի երկրի երեսին բոլոր ապրողներին։ 11Ահա շուտով ես գալիս եմ. պահի՛ր, ինչ որ ունես, որպեսզի ոչ ոք քո պսակը չվերցնի։ 12Հաղթողին իմ Աստծու տաճարում սյուն պիտի դարձնեմ, ու նա այլևս այնտեղից դուրս չի գալու։ Նրա վրա պիտի գրեմ իմ Աստծու անունը և իմ Աստծու քաղաքի անունը՝ նոր Երուսաղեմի անունը, որ իջնելու է երկնքից՝ իմ Աստծու մոտից, և իմ նոր անունը պիտի գրեմ։ 13Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին”"»։
Պատգամ Լաոդիկիայի եկեղեցուն
14«Լաոդիկիայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր.
"Այսպես է ասում Ամենը՝ հավատարիմ ու ճշմարիտ Վկան, Աստծու արարչագործության Սկիզբը. 15"Գիտեմ քո գործերը, որ ո՛չ սառն ես, ո՛չ էլ տաք։ Երանի՜ սառը կամ տաք լինեիր։ 16Ուրեմն քանի որ գաղջ ես և ո՛չ տաք, ո՛չ էլ սառը, քեզ իմ բերանից պիտի փսխեմ։ 17Որովհետև ասում ես. "Ես հարուստ եմ և ավելի հարստացա. ոչ մի բանի կարոտ չեմ"։ Բայց չգիտես, որ դու թշվառ ու ողորմելի, աղքատ, կույր ու մերկ ես։ 18Ես քեզ խորհուրդ եմ տալիս. գնի՛ր ինձնից կրակի մեջ թրծված ոսկի, որ հարստանաս, և սպիտակ զգեստներ, որ հագնես, որպեսզի քո մերկությունը չերևա, և չամաչես. աչքերիդ դե՛ղ դիր, որ տեսնես։ 19Ում ես սիրում եմ, հանդիմանում եմ և խրատում։ Ուրեմն նախանձախնդի՛ր եղիր և ապաշխարի՛ր։ 20Ահա ես դռան առաջ կանգնած եմ ու բախում եմ. եթե մեկն իմ ձայնը լսի և դուռը բացի, նրա մոտ կմտնեմ ու նրա հետ կընթրեմ, նա էլ՝ ինձ հետ։ 21Հաղթողին թույլ կտամ նստել ինձ հետ իմ գահին, ինչպես ես հաղթեցի և իմ Հոր հետ նրա գահին նստեցի։ 22Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին"»։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy