YouVersion Logo
Search Icon

Հայտնություն 20

20
Հազարամյա թագավորությունը
1Տեսա երկնքից իջնող մի հրեշտակի, որ անդունդի բանալին ուներ և մի մեծ շղթա իր ձեռքին։ 2Նա բռնեց վիշապին՝ այն առաջին օձին, որ դևն է և սատանան, և հազար տարով կապեց նրան։ 3Նրան գցեց անդունդը, փակեց ու վրան կնիք դրեց, որ այլևս ազգերին չմոլորեցնի, մինչև հազար տարին լրանա. դրանից հետո նա փոքր ժամանակով պետք է արձակվի։
4Տեսա աթոռներ, որոնց վրա նստողներին դատելու իշխանություն տրվեց, տեսա նաև այն հոգիներին, որոնք գլխատվել էին Հիսուսի վկայության ու Աստծու խոսքի համար, և նրանց, որոնք չերկրպագեցին գազանին ու ոչ էլ նրա պատկերին և չընդունեցին նրա դրոշմը իրենց ճակատին, ոչ էլ իրենց ձեռքին։ Նրանք կենդանացան ու Քրիստոսի հետ հազար տարի թագավորեցին։ 5Իսկ մնացած մեռելները չկենդանացան, մինչև հազար տարին լրանա։ Սա է առաջին հարությունը։ 6Երանելի և սուրբ է նա, ով բաժին ունի առաջին հարության մեջ. նրանց վրա երկրորդ մահն իշխանություն չունի։ Նրանք Աստծու և Քրիստոսի քահանաները պիտի լինեն և նրա հետ հազար տարի պիտի թագավորեն։
Սատանայի պարտությունը
7Երբ հազար տարին լրանա, սատանան իր բանտից պիտի արձակվի 8և պիտի դուրս գա, որ մոլորեցնի երկրի չորս անկյուններում գտնվող ազգերին, Գոգին ու Մագոգին։ Նա նրանց պատերազմի պիտի հավաքի, որոնց թիվը ծովի ավազի չափ է։ 9Եվ պիտի բարձրանան երկրի լայնությամբ և պիտի շրջապատեն սրբերի բանակն ու սիրելի քաղաքը։ Բայց երկնքից կրակ իջավ ու լափեց նրանց, 10իսկ դևը՝ նրանց մոլորեցնողը, կրակի ու ծծմբի լիճը գցվեց, որտեղ էին գազանը և սուտ մարգարեն։ Եվ գիշերուզօր պիտի չարչարվեն հավիտյանս հավիտենից։
11Տեսա մի սպիտակ մեծ գահ ու նրա վրա նստողին, որի երեսից երկինքն ու երկիրը փախան, և նրանց համար տեղ չգտնվեց։ 12Եվ գահի առաջ կանգնած մեծ ու փոքր մեռելներ տեսա։ Գրքեր բացվեցին, և մի ուրիշ գիրք էլ բացվեց, որ է կենաց գիրքը։ Եվ մեռելները դատվեցին ըստ այդ գրքերում գրվածի՝ իրենց գործերի համաձայն։ 13Եվ ծովն իր մեջ եղած մեռելներին տվեց, մահն ու դժոխքը՝ իրենց միջի մեռելներին, և յուրաքանչյուրը համաձայն իր գործերի դատվեց։ 14Մահն ու դժոխքը հրե լիճը գցվեցին. սա է երկրորդ մահը։ 15Եվ ով կենաց գրքի մեջ գրված չգտնվեց, նա հրե լիճը գցվեց։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy