YouVersion Logo
Search Icon

Հայտնություն 18

18
Բաբելոնի անկումը
1Դրանից հետո տեսա երկնքից իջնող մի ուրիշ հրեշտակի, որ մեծ իշխանություն ուներ։ Եվ երկիրը նրա փառքից լուսավորվեց։ 2Նա բարձրաձայն, ուժգին աղաղակեց ու ասաց.
«Ընկա՜վ, ընկա՜վ մեծ Բաբելոնը
ու դարձավ դևերի բնակավայր,
արգելանոց բոլոր պիղծ հոգիների
և վանդակ բոլոր անմաքուր ու ատելի թռչունների։
3Որովհետև նրա պոռնկության թունդ գինուց
խմեցին բոլոր ազգերը,
և երկրի թագավորները նրա հետ պոռնկացան,
ու երկրի վաճառականները նրա զեխության զորությունից հարստացան»։
4Երկնքից մի ուրիշ ձայն լսեցի, որ ասում էր.
«Դո՛ւրս ելեք դրա միջից, իմ ժողովո՛ւրդ,
որպեսզի դրա մեղքերին մասնակից չլինեք
ու դրա պատուհասները չընդունեք,
5որովհետև դրա մեղքերը կուտակվեցին մինչև երկինք,
և Աստված դրա անիրավությունները հիշեց։
6Հատուցե՛ք դրան, ինչպես դա ձեզ հատուցեց,
և նրան իր գործերի չափով կրկնապատի՛կը տվեք։
Այն բաժակով, որ նա լցրեց, նրան կրկնապատի՛կ լցրեք։
7Որքան իրեն փառավորեց ու զեխացավ,
այնքան տանջանք և սո՛ւգ տվեք նրան,
որովհետև նա իր սրտում ասում է.
"Թագուհի եմ նստել,
այրի չեմ
և բնավ սուգ չեմ տեսնի"։
8Դրա համար մեկ օրում նրա վրա կգան իր պատուհասները՝
մահ, սուգ և սով,
և կրակով պիտի այրվի,
որովհետև զորավոր է Տերը՝ Աստված՝ նրան դատապարտողը։
9Եվ նրա վրա պիտի լան ու ողբան երկրի թագավորները, որոնք նրա հետ պոռնկացան և զեխություն արեցին։ Երբ նրա այրվելու ծուխը տեսնեն, 10նրա տանջանքի վախից հեռու կանգնած՝ կասեն.
"Վա՜յ, վա՜յ քեզ, մեծ քաղա՛ք Բաբելոն,
հզո՛ր քաղաք,
որ դատաստանդ մեկ ժամում հասավ"։
11Եվ երկրի վաճառականները նրա վրա ողբ և սուգ պիտի անեն, որովհետև այլևս ոչ ոք չի գնելու իրենց ապրանքը՝ 12ոսկին և արծաթը, թանկարժեք քարերը և մարգարիտը, բեհեզը և ծիրանին, մետաքսը և որդան կարմիրը, խնկե ամեն տեսակ փայտ և փղոսկրյա ամեն անոթ, ամեն ազնիվ փայտից ու պղնձից, երկաթից ու մարմարից պատրաստված անոթ, 13դարչին, խունկեր, յուղ, կնդրուկ, գինի, ձեթ, ալյուր, ցորեն, արջառներ, ոչխարներ, ձիեր և կառքեր, մարմիններ և մարդկային կյանքեր#18.13 Նկատի ունի մարդկանց՝ որպես ստրուկների կամ որպես աշխատուժի վաճառքը։։
14Եվ հոգուդ ցանկալի պտուղները քեզանից հեռացան,
ինչպես և ամեն պարարտություն և լուսափայլ վայելչություն,
և դրանք այլևս չես գտնելու։
15Վաճառականները, որոնք դրանցով հարստացան, կկանգնեն հեռվում՝ նրա տանջանքի երկյուղից լաց ու սուգ անելով,
կասեն. 16"Վա՜յ, վա՜յ, մե՛ծ քաղաք,
որ հագել էիր բեհեզ,
ծիրանի ու որդան կարմիր և զարդարվել ոսկով,
պատվական քարերով ու մարգարտով,
17որովհետև մեկ ժամում այդքան հարստությունն ավերակ դարձավ"։
Նավավարների ողբը
Ու ամեն նավավար և բոլոր նրանք, ովքեր ծովում են աշխատում, հեռվում կանգնեցին 18և նրա այրվելու ծուխը տեսնելով՝ աղաղակում էին և ասում. "Ո՞ր քաղաքն էր այս մեծ քաղաքին նման"։ 19Եվ իրենց գլուխներին հող էին ցանում և լաց ու սուգ անելով՝ մեծաձայն աղաղակում ու ասում.
"Վա՜յ, վա՜յ, մե՛ծ քաղաք,
որով հարստացան ծովի վրա բոլոր մեծ նավեր ունեցողները,
որովհետև մեկ ժամում ավերակ դարձավ"։
20Ուրախացե՛ք նրա վրա, երկի՛նք, սո՛ւրբ առաքյալներ և մարգարեներ,
որովհետև Աստված ձեր դատաստանն արեց դրա դեմ»։
Հրեշտակի խոստումը
21Եվ մի հզոր հրեշտակ երկանաքարի պես մի մեծ քար վերցրեց ու ծովի մեջ գցեց՝ ասելով.
«Այսպիսի հարձակումով պիտի ընկնի Բաբելոն մեծ քաղաքը
ու այլևս գոյություն չպիտի ունենա։
22Եվ քնարահարների ու երաժիշտների,
սրնգահարների ու փողահարների ձայնն
այլևս քո մեջ չպիտի լսվի,
և քո մեջ այլևս ոչ մի արհեստավոր չպիտի գտնվի,
ու երկանքի ձայն այլևս չպիտի լսվի քո մեջ։
23Ճրագի լույսն
այլևս չպիտի փայլի քո մեջ.
փեսայի և հարսի ձայնն այլևս քո մեջ բնավ չպիտի լսվի,
որովհետև քո վաճառականները երկրի մեծամեծներն էին։
Որովհետև քո կախարդությամբ մոլորվեցին բոլոր ազգերը։
24Եվ քո մեջ գտնվեց արյունը մարգարեների, սրբերի
և երկրի վրա մորթված բոլոր մարդկանց»։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy