YouVersion Logo
Search Icon

ԱՌԱԿՆԵՐ 19

19
1Իր պարկեշտությամբ ընթացող աղքատն ավելի լավ է, քան թե նենգ շրթունքներ ունեցողը, որը նաև անմիտ է։
2Լավ չէ նաև անգետ մարդը, և ոտքերով շտապողը կխոտորի.
3Մարդու հիմարությունը կործանում է նրա ճանապարհը, և նրա սիրտը մոլեգնում է Տիրոջ դեմ։
4Հարստությունը շատ բարեկամներ է ավելացնում, իսկ աղքատը լքվում է իր ընկերոջից։
5Սուտ վկան անպատիժ չի մնա, և ստեր արտաբերողը չի ազատվի։
6Շատերն են փնտրում իշխանավորի բարեհաճությունը, և բոլորը բարեկամ են նվեր տվողին։
7Աղքատի բոլոր եղբայրներն ատում են նրան, էլ ո՞ւր մնաց, որ նրանից չհեռանան նրա բարեկամները. նա խոսքերով հետապնդում է նրանց, բայց նրանք չկան։
8Խելք#19.8 Բռց. խելք։ վաստակողը իր հոգին է սիրում, խոհեմություն պահողը բարիք է գտնելու։
9Սուտ վկան անպատիժ չի մնա, իսկ ստեր արտաբերողը կկորչի։
10Անմիտին վայել չէ փափկությունը, էլ ո՞ւր մնաց ծառային՝ իշխանների վրա իշխելը։
11Մարդու ուշիմությունը նրան համբերատար է դարձնում, և նրա փառքը հանցանքն անտեսելն է։
12Թագավորի բարկությունն առյուծի մռնչյունի նման է, իսկ նրա բարեհաճությունը խոտի վրայի ցողի պես է։
13Անմիտ տղան աղետ է իր հոր համար, իսկ կնոջ վեճերը անընդհատ կաթկթոցի պես են։
14Տունը և ունեցվածքը ժառանգություն են հայրերից, բայց ուշիմ կինը Տիրոջից է։
15Ծուլությունը թմբիրի մեջ է գցում, և թույլ մարդը կսովածանա։
16Պատվիրաններ պահողն իր հոգին է պահում. նրա ճանապարհներն անարգողը կմեռնի։
17Աղքատին ողորմացողը փոխ է տալիս Տիրոջը, և նա կհատուցի նրան հասանելիքը։
18Խրատի՛ր որդուդ, քանի դեռ հույս կա, և նրա մահվանը կամակից մի՛ եղիր։
19Բարկացկոտը պատիժ կկրի, որովհետև եթե նրան ազատես, կրկին նույնը պիտի անես։
20Խորհո՛ւրդ լսիր և խրա՛տ ընդունիր, որպեսզի քո հետագայում իմաստուն լինես։
21Մարդու գլխում շատ մտադրություններ կան, բայց Տիրոջ խորհուրդը պիտի հաստատվի։
22Ինչ որ փափագելի է մարդու մեջ, հավատարմությունն է, և աղքատը ստախոս մարդուց լավ է։
23Տիրոջ երկյուղը դեպի կյանք է տանում, և մարդ նրանով գոհացած կհանգչի և ձախորդության չի հանդիպի։
24Ծույլն իր ձեռքը ամանի մեջ է թաղում, բայց այն դեպի բերանն էլ չի տանում։
25Ծաղր անողին ծեծի՛ր, և միամիտը խորագետ կդառնա. և եթե ըմբռնողին հանդիմանես, նա գիտություն կվաստակի։
26Ամոթ և խայտառակություն է բերում այն զավակը, որ բռնանում է հոր վրա ու վտարում է մորը։
27Որդյա՛կ իմ, հրաժարվի՛ր այն խրատը լսելուց, որը քեզ մոլորեցնում է գիտության խոսքերից։
28Անպիտան վկան ծաղրում է արդարությունը, իսկ անիրավների բերանը չարություն է կուլ տալիս։
29Ծաղր անողների համար դատավճիռներ են պատրաստ, և ծեծեր՝ անմիտների թիկունքի համար։

Currently Selected:

ԱՌԱԿՆԵՐ 19: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy