YouVersion Logo
Search Icon

Մարկոս 7

7
Վեճ նախնիների ավանդույթի շուրջ
(Մտթ. 15.1-9)
1Փարիսեցիներն ու դպիրներից ոմանք, որ Երուսաղեմից էին եկել, նրա շուրջը հավաքվեցին։ 2Եվ երբ տեսան, որ նրա աշակերտներից մի քանիսը անմաքուր ձեռքերով, այսինքն՝ առանց լվացվելու, հաց են ուտում, հանդիմանեցին նրանց։ 3Որովհետև փարիսեցիներն ու բոլոր հրեաները, եթե նախօրոք ձեռքերը չեն լվանում, չեն ուտում՝ այդ կերպ պահպանելով նախնիների ավանդույթը։ 4Ինչպես նաև շուկայից վերադառնալուց հետո չեն ուտում, մինչև նախ չլվացվեն։ Շատ այլ ավանդույթներ էլ են պահպանել, ինչպես բաժակների, անոթների, պղնձե ամանների ու անկողինների լվացումը։ 5Արդ, փարիսեցիներն ու դպիրները հարցրին Հիսուսին. «Ինչո՞ւ քո աշակերտները նախնիների ավանդույթով չեն առաջնորդվում, այլ անլվա ձեռքերով են հաց ուտում»։
6Նա պատասխանեց նրանց ու ասաց. «Եսային լավ է մարգարեացել ձեր՝ կեղծավորներիդ մասին՝ ասելով.
"Այս ժողովուրդն ինձ շրթունքներով է պատվում,
իսկ նրա սիրտն ինձանից շատ հեռու է։
7 Զուր են պաշտում ինձ,
քանի որ ուսուցանում են պատվիրաններ,
որոնք մարդիկ են հորինել" (Ես. 29.13)։
8Աստծու պատվիրանները թողած՝ մարդկանց ավանդույթներն եք պահում։ Անոթների#7.8 Հն. ձեռ. չկա անոթների բառը։ ու ամանների լվանալը և սրա նման ուրիշ շատ այլ բաներ եք անում»։ 9Եվ նրանց ասաց. «Շա՜տ լավ. ուրեմն Աստծու պատվիրանը անարգում եք, որ ձեր ավանդույթը պահպանեք։ 10Որովհետև Մովսեսն ասել է՝ "Պատվի՛ր հորդ ու մորդ" (Ելք 20.12, Բ Օր. 5.16) և "Ով իր հորը և մորը չարախոսի, թող մահով պատժվի" (Ելք 21.17, Ղևտ. 20.9)։ 11Բայց դուք ասում եք. "Եթե մեկը հորը կամ մորն ասի՝ Կորբան, (որ նշանակում է "Այն օգնությունը, որ ինձանից ստանալու էիր, Աստծուն է տրված"), 12և նրան իր հոր կամ մոր համար որևէ բան անելու պարտականությունից ազատում եք"։ 13Եվ Աստծու խոսքը անարգում եք ձեր ավանդույթով, որ ժառանգել եք։ Ու սրա նման ուրիշ շատ բաներ էլ եք անում»։
Մաքուրը և անմաքուրը
(Մտթ. 15.10-20)
14Եվ ամբողջ ժողովրդին դարձյալ իր մոտ կանչելով՝ ասաց. «Բոլորդ ի՛նձ լսեք ու հասկացե՛ք. 15դրսից մարդու մեջ մտնող ոչ մի բան չի կարող նրան պղծել, այլ նրանից դուրս եկող բաներն են, որ պղծում են մարդուն։ 16#7.16 Հն. ձեռ. այս համարը չկա։ Ով լսելու ականջ ունի, թող լսի»։
17Երբ Հիսուսը ժողովրդից հեռացավ ու տուն մտավ, նրա աշակերտներն այն առակի մասին հարցրին նրան։ 18Եվ նա ասաց նրանց. «Դուք է՞լ այդքան անմիտ եք, չգիտե՞ք, որ այն ամենը, ինչ դրսից է մարդու մեջ մտնում, չի կարող նրան պղծել, 19որովհետև նրա սրտի մեջ չի մտնում, այլ որովայնի, և դուրս է գնում արտաքնոց՝ ամբողջ կերածը մաքրելով»։ 20Նա նաև ասաց. «Այն, ինչ դուրս է գալիս մարդու միջից, դա է պղծում մարդուն։ 21Որովհետև մարդկանց սրտի միջից դուրս են գալիս չար մտքեր, պոռնկություն, գողություններ, սպանություններ, 22շնություններ, ագահություն, չարություններ, նենգություն, գիջություն, նախանձ, հայհոյություն, ամբարտավանություն, անզգամություն։ 23Այս բոլոր չարիքները ներսից են դուրս գալիս ու պղծում մարդուն»։
Հեթանոս կնոջ հավատը
(Մտթ. 15.21-28)
24Հիսուսն այնտեղից ելավ ու գնաց Տյուրոսի և Սիդովնի սահմանները։ Նա մի տուն մտավ և չէր ուզում, որ որևէ մեկն այդ մասին իմանար, բայց չկարողացավ թաքնված մնալ։ 25Նրա մասին անմիջապես լսեց մի կին, որի աղջիկը պիղծ ոգով էր բռնված։ Նա եկավ և Հիսուսի ոտքերն ընկավ։ 26Այդ կինը հեթանոս#7.26 Հուն. հույն։ էր, ազգությամբ Փյունիկեի ասորի։ Աղաչում էր նրան, որ իր աղջկա միջից դևին դուրս հանի։ 27Սակայն Հիսուսը նրան ասաց. «Նախ թող երեխաները կշտանան, որովհետև լավ չէ երեխաների հացն առնել ու շներին գցել»։ 28Իսկ կինը պատասխանեց ու ասաց նրան. «Այո՛, Տե՛ր, որովհետև շներն էլ երեխաների՝ սեղանից թափած փշրանքներով են կերակրվում»։ 29Եվ Հիսուսը նրան ասաց. «Այդ խոսքիդ համար գնա՛, դևը քո աղջկա միջից դուրս ելավ»։ 30Եվ երբ իր տուն վերադարձավ, աղջկան գտավ մահճակալի վրա պառկած և դևին՝ դուրս ելած։
Խուլ ու համր մարդու բժշկումը
31Եվ դարձյալ Տյուրոսի ու Սիդովնի սահմաններից դուրս ելավ և Դեկապոլիսի սահմանների միջով Գալիլեայի լիճ գնաց։ 32Նրա մոտ մի խուլ ու համր մարդու բերեցին և աղաչում էին, որ ձեռքը նրա վրա դնի։ 33Հիսուսը նրան ժողովրդից հեռու՝ մի առանձին տեղ տարավ, իր մատները նրա ականջների մեջ դրեց և, թքելով, դիպավ նրա լեզվին։ 34Հիսուսը դեպի երկինք նայեց, հառաչեց ու նրան ասաց. «Եփփա՛թա», որ նշանակում է «Բացվի՛ր»։ 35Եվ նրա ականջներն իսկույն բացվեցին, լեզվի կապն արձակվեց, և վարժ խոսում էր։ 36Հիսուսը նրանց պատվիրեց, որ ոչ ոքի չասեն. սակայն ինչքան էլ նա պատվիրում էր նրանց, այնքան նրանք ավելի էին տարածում։ 37Չափազանց զարմանում էին ու ասում. «Սա ամեն բան լավ է անում. խուլերին լսել է տալիս, համրերին՝ խոսել»։

Currently Selected:

Մարկոս 7: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy