YouVersion Logo
Search Icon

Մարկոս 6

6
Հիսուսի այցելությունը Նազարեթ
(Մտթ. 13.53-57, Ղուկ. 4.16-30)
1Հիսուսն այնտեղից դուրս եկավ և գնաց իր հայրենի քաղաքը։ Նրա աշակերտները գնում էին նրա հետևից։ 2Շաբաթ օրը սկսեց ժողովարանում ուսուցանել. շատերը, նրան լսելով, զարմանում էին ու ասում. «Սրան այս բաները որտեղի՞ց, կամ այդ ի՞նչ իմաստություն է սրան տրված, որ սրա միջոցով այդպիսի հրաշքներ են լինում։ 3Սա այն հյուսնը չէ՞, Մարիամի որդին, Հակոբոսի ու Հովսեսի, Հուդայի ու Սիմոնի եղբայրը։ Սրա քույրերն այստեղ՝ մեզ մոտ չե՞ն»։ Եվ դա խանգարում էր նրանց հավատալ Հիսուսին։ 4Հիսուսը նրանց ասաց. «Չկա մի մարգարե, որ չանարգվի իր հայրենիքում, իր ազգականների ու իր տան մեջ»։ 5Եվ չէր կարողանում այնտեղ ոչ մի հրաշք գործել, բացի մի քանի հիվանդների վրա ձեռքերը դնելուց ու բժշկելուց։ 6Եվ զարմանում էր նրանց անհավատության վրա։
Տասներկու աշակերտների առաքելությունը
(Մտթ. 10.5-15, Ղուկ. 9.1-6)
Հիսուսը շրջում էր շրջակա գյուղերում և ուսուցանում։
7Եվ իր մոտ կանչեց տասներկուսին ու սկսեց երկու-երկու ուղարկել՝ նրանց իշխանություն տալով պիղծ ոգիների վրա։ 8Նրանց պատվիրեց, որ ճանապարհի համար ոչինչ չվերցնեն, բացի գավազանից. ո՛չ մախաղ, ո՛չ հաց, ո՛չ էլ դրամ գոտու մեջ, 9այլ հողաթափեր հագնեն և երկուական հագուստ չվերցնեն։ 10Նրանց նաև ասաց. «Ո՛ր տունը մտնեք, այնտե՛ղ մնացեք այնքան ժամանակ, մինչև այնտեղից մեկնեք։ 11Եվ ովքեր ձեզ չընդունեն ու ձեզ ականջ չդնեն, այնտեղից դուրս գալիս ձեր ոտքերից փոշին թա՛փ տվեք՝ որպես վկայություն նրանց դեմ։ Ճշմարիտ եմ ասում ձեզ#6.11 Որոշ ձեռ. չունեն ճշմարիտ եմ ասում ձեզ։. Սոդոմի ու Գոմորի դատաստանի օրն ավելի հեշտ կլինի, քան այն քաղաքինը»։
12Աշակերտները դուրս ելան և քարոզում էին, որ մարդիկ ապաշխարեն։ 13Շատ դևեր էին հանում, շատ հիվանդների յուղով օծում էին և բժշկում նրանց։
Հովհաննես Մկրտչի բանտարկությունն ու գլխատումը
(Մտթ. 14.1-12, Մրկ. 1.14, Ղուկ. 9.7-9)
14Եվ Հերովդես թագավորը լսեց Հիսուսի մասին, որովհետև նրա անունը հայտնի էր դարձել։ Ոմանք ասում էին, թե Հովհաննես Մկրտիչը մեռելներից հարություն է առել, և դրա համար նրա կողմից հրաշքներ են գործվում։ 15Ոմանք ասում էին, թե Եղիան է, ոմանք էլ, թե մարգարե է կամ մարգարեների նման մեկը։ 16Եվ երբ Հերովդեսը լսեց, ասաց. «Սա Հովհաննեսն է, որին ես գլխատեցի. նա մեռելներից հարություն է առել»։
17Որովհետև Հերովդեսն ինքն էր ուղարկել Հովհաննեսին բռնելու և նրան բանտարկելու իր եղբոր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով, որին կնության էր առել։ 18Իսկ Հովհաննեսը Հերովդեսին ասել էր. «Չի թույլատրվում#6.18 Այսինքն՝ «Օրենքի համաձայն չէ»։, որ եղբորդ կնոջն առնես»։ 19Հերովդիան նրա դեմ ոխ էր պահում և ուզում էր սպանել նրան, բայց չէր կարողանում, 20որովհետև Հերովդեսը Հովհաննեսից վախենում էր։ Նա գիտեր, որ Հովհաննեսը արդար ու սուրբ մարդ է, և խնայում էր նրան՝ նրա ասածներից շատ բաներ անելով, և հաճույքով լսում էր նրան։
21Մի հարմար օր պատահեց, երբ Հերովդեսն իր ծննդյան օրն ընթրիքի էր հրավիրել նախարարներին, զորապետներին ու Գալիլեայի մեծամեծներին։ 22Երբ Հերովդիայի աղջիկը ներս մտավ և պարեց, Հերովդեսին ու հրավիրվածներին դուր եկավ։ Թագավորն աղջկան ասաց. «Խնդրի՛ր ինձանից, ինչ ուզում ես, և ես կտամ քեզ»։ 23Եվ նրան երդվեց. «Ի՛նչ էլ ինձանից խնդրես, կտամ քեզ, մինչև իսկ իմ թագավորության կեսը»։ 24Նա դուրս գնաց, իր մորը հարցրեց. «Ի՞նչ խնդրեմ»։ Իսկ նա պատասխանեց. «Հովհաննես Մկրտչի գլուխը»։ 25Աղջիկը շտապ թագավորի մոտ մտավ ու ասաց. «Ուզում եմ, որ հիմա Հովհաննես Մկրտչի գլուխը սկուտեղի վրա ինձ տաս»։ 26Թագավորը շատ տրտմեց, բայց հրավիրվածների ներկայությամբ տված երդման պատճառով չցանկացավ նրան մերժել։ 27Թագավորն իսկույն դահիճ ուղարկեց և հրամայեց Հովհաննեսի գլուխը բերել։ Եվ նա գնաց ու բանտում գլխատեց նրան։ 28Նա գլուխն սկուտեղի վրա բերեց և տվեց աղջկան, իսկ աղջիկը մորը տվեց այն։ 29Երբ Հովհաննեսի աշակերտները լսեցին, եկան վերցրին նրա մարմինն ու գերեզման դրեցին։
Հացի բազմացումը և հինգ հազարի կերակրումը
(Մտթ. 14.13-21, Ղուկ. 9.10-17, Հովհ. 6.1-14)
30Առաքյալները Հիսուսի մոտ վերադարձան և նրան պատմեցին այն ամենը, ինչ արել էին և ինչ որ ուսուցանել էին։ 31Հիսուսն ասաց նրանց. «Դուք առանձին մի ամայի տե՛ղ եկեք ու մի քիչ հանգստացե՛ք»։ Որովհետև եկող-գնացողները շատ էին, և նույնիսկ հաց ուտելու ժամանակ չունեին։ 32Եվ նավով մի ամայի տեղում առանձնացան։ 33Շատերը նրանց գնալիս տեսան և ճանաչեցին։ Բոլոր քաղաքներից ոտքով այնտեղ էին վազում։ Նրանք նրանցից շուտ այնտեղ հասան ու հավաքվեցին Հիսուսի շուրջը։ 34Երբ Հիսուսը ցամաք ելավ, մեծ բազմություն տեսավ. գթաց նրանց, որովհետև հովիվ չունեցող ոչխարների էին նման։ Եվ սկսեց նրանց շատ բաներ ուսուցանել։ 35Երբ արդեն շատ ժամանակ էր անցել, աշակերտները մոտեցան նրան և ասացին. «Այս վայրն ամայի է, և ուշ ժամ է։ 36Ժողովրդին արձակի՛ր, որ շրջակա ագարակներն ու գյուղերը գնան հաց առնելու, որովհետև այստեղ ուտելու բան չունեն»։ 37Նա պատասխանեց նրանց ու ասաց. «Դո՛ւք դրանց ուտելիք տվեք»։ Այդժամ նրան ասացին. «Գնանք երկու հարյուր դինարի հաց առնենք ու նրանց տանք, որ ուտե՞ն»։ 38Իսկ նա հարցրեց նրանց. «Քանի՞ հատ հաց ունեք։ Գնացե՛ք ու տեսե՛ք»։ Երբ իմացան, նրան ասացին. «Հինգ հաց և երկու ձուկ»։ 39Այդ ժամանակ նրանց կարգադրեց, որ բոլորին խումբ-խումբ նստեցնեն դալար խոտի վրա։ 40Եվ նրանք դաս-դաս նստեցին՝ հարյուր-հարյուր և հիսուն-հիսուն։ 41Հիսուսը վերցրեց հինգ հացն ու երկու ձուկը, դեպի երկինք նայեց, դրանք օրհնեց, հացերը մասերի բաժանեց ու աշակերտներին տվեց, որ նրանց բաժանեն։ Այն երկու ձկները նույնպես բոլորին բաժանեց։ 42Բոլորն էլ կերան ու կշտացան։ 43Հացի ու ձկան կտորներից հավաքեցին նաև տասներկու լիքը կողով։ 44Նրանք, որ հաց կերան, մոտ հինգ հազար տղամարդ էին։
Հիսուսը քայլում է ջրի վրայով
(Մտթ. 14.22-33, Հովհ. 6.15-21)
45Ապա անմիջապես իր աշակերտներին ստիպեց, որ նավ մտնեն, գնան դիմացի ափը՝ Բեթսայիդա, և այնտեղ իրեն սպասեն, մինչև որ ինքը ժողովրդին արձակի։ 46Եվ նրանց հրաժեշտ տալով՝ բարձրացավ լեռը՝ աղոթելու։ 47Երբ երեկո եղավ, նավը լճի մեջտեղում էր, իսկ Հիսուսը՝ ցամաքին, մենակ։ 48Եվ տեսավ, որ թիավարելիս նրանք չարչարվում էին, որովհետև քամին նրանց հակառակ էր փչում։ Գիշերվա չորրորդ ժամին Հիսուսը, լճի վրա քայլելով, նրանց մոտ եկավ և ուզում էր նրանցից առաջ անցնել։ 49Երբ աշակերտները տեսան նրան լճի վրա քայլելիս, կարծեցին, թե ուրվական է, և աղաղակեցին։ 50Որովհետև բոլորը նրան տեսան ու վախեցան։ Եվ Հիսուսն իսկույն նրանց հետ խոսեց ու ասաց. «Քաջալերվե՛ք, ես եմ, մի՛ վախեցեք»։ 51Ապա նրանց մոտ՝ նավ բարձրացավ, ու քամին դադարեց։ Եվ աշակերտները չափազանց ապշած ու զարմացած էին։ 52Որովհետև չէին հասկացել նաև այն հացի հրաշքը, քանի որ նրանց սիրտն ընդարմացած էր։
Բժշկումներ Գեննեսարեթում
(Մտթ. 14.34-36)
53Եվ լճի մյուս կողմն անցնելով՝ եկան Գեննեսարեթ ու ցամաք ելան։ 54Երբ նրանք դուրս եկան նավից, մարդիկ իսկույն ճանաչեցին Հիսուսին։ 55Այդժամ գավառի ամբողջ շրջակայքից վազեցին և սկսեցին մահիճներով հիվանդների բերել, որտեղ լսում էին, թե Հիսուսն այնտեղ է։ 56Եվ ուր որ մտնում էր՝ գյուղեր, քաղաքներ թե ագարակներ, հիվանդներին հրապարակներում էին դնում ու նրան խնդրում էին, որ գոնե հագուստի քղանցքին դիպչեին։ Եվ ովքեր որ նրան դիպան, բժշկվեցին։

Currently Selected:

Մարկոս 6: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy