YouVersion Logo
Search Icon

Մարկոս 5

5
Գերգեսացի դիվահարի բժշկումը
(Մտթ. 8.28-34, Ղուկ. 8.26-39)
1Եկան լճի մյուս կողմը՝ գերգեսացիների երկիրը։ 2Երբ Հիսուսը նավից դուրս եկավ, գերեզմաններից պիղծ ոգով բռնված մի մարդ նրա դեմը ելավ։ 3Նա բնակվում էր գերեզմանոցում. նրան ոչ ոք նույնիսկ շղթաներով չէր կարողանում կապել։ 4Շատ անգամ էին նրան ոտնակապերով ու շղթաներով կապել, բայց նա շղթաները կոտրել էր, ոտնակապերը՝ փշրել։ Ոչ ոք չէր կարողանում նրան զսպել։ 5Եվ գիշեր ու ցերեկ շարունակ նա գերեզմանոցում և սարերում աղաղակում էր ու ինքն իրեն քարերով ծեծում։ 6Սակայն երբ հեռվից Հիսուսին տեսավ, վազեց և երկրպագեց նրան 7և բարձրաձայն աղաղակելով՝ ասաց. «Ինձ հետ ի՞նչ ունես, Հիսո՛ւս, Բարձրյալ Աստծո՛ւ Որդի։ Աստծով եմ քեզ երդվեցնում, ինձ մի՛ տանջիր». 8որովհետև Հիսուսն ասում էր նրան. «Պի՛ղծ ոգի, դո՛ւրս արի այդ մարդու միջից»։ 9Հիսուսը նրան հարցրեց. «Անունդ ի՞նչ է»։ Նա պատասխանեց ու ասաց. «Իմ անունը Լեգեոն է, որովհետև մենք շատ ենք»։ 10Եվ դևերը շատ էին աղաչում նրան, որ իրենց այդ տարածքից դուրս չուղարկեր։ 11Այնտեղ՝ լեռան լանջին, խոզերի մի մեծ երամակ կար, որ արածում էր։ 12Դևերը նրան աղաչեցին ու ասացին. «Մեզ այն խոզերի մե՛ջ ուղարկիր, որ նրանց մեջ մտնենք»։ 13Հիսուսն անմիջապես հրամայեց նրանց, և պիղծ ոգիները դուրս եկան, խոզերի մեջ մտան։ Երամակն էլ այն գահավեժ տեղից դեպի լիճը խուժեց։ Եվ խոզերը, որ երկու հազարի չափ էին, լճում խեղդվեցին։ 14Խոզարածները փախան և այդ մասին քաղաքում ու գյուղերում պատմեցին։ Մարդիկ դուրս եկան տեսնելու, թե ի՛նչ էր պատահել։ 15Եկան Հիսուսի մոտ և դիվահարին, որ լեգեոն ուներ, նստած, հագնված ու խելքը գլուխը եկած տեսան ու վախեցան։ 16Տեսնողները նրանց պատմեցին, թե ի՛նչ եղավ այն դիվահարի և խոզերի հետ։ 17Եվ սկսեցին աղաչել Հիսուսին, որ իրենց սահմաններից դուրս գնա։ 18Եվ երբ նա նավ էր մտնում, դիվահարը նրան աղաչում էր, որ նրա հետ լինի։ 19Բայց Հիսուսը նրան թույլ չտվեց, այլ նրան ասաց. «Գնա՛ քո տուն, քո ընտանիքի մոտ ու նրանց պատմի՛ր, թե Տերը քեզ ինչե՛ր արեց ու քեզ ինչպե՛ս ողորմեց»։ 20Նա գնաց ու սկսեց Դեկապոլիսում քարոզել, ինչ որ Հիսուսն արել էր իրեն։ Եվ բոլորը զարմանում էին։
Հայրոսի աղջկա հարությունը և արյունահոսությունից տառապող կնոջ բժշկումը
(Մտթ. 9.18-26, Ղուկ. 8.40-56)
21Երբ Հիսուսը նավով դարձյալ լճի մյուս կողմն անցավ, նրա շուրջը շատ ժողովուրդ հավաքվեց։ Եվ նա լճի ափին էր։ 22Եվ ահա եկավ ժողովրդապետներից մեկը, անունը՝ Հայրոս։ Երբ Հիսուսին տեսավ, նրա ոտքերի առաջ ընկավ. 23նրան շատ էր աղաչում և ասում. «Աղջիկս մահամերձ է։ Արի՛, ձեռքդ վրա՛ն դիր, որպեսզի բժշկվի ու ապրի»։ 24Եվ Հիսուսը գնաց նրա հետ։ Նրան մեծ բազմություն էր հետևում, որը և նեղում էր նրան։
25Մի կին կար, որ տասներկու տարի արյունահոսություն ուներ։ 26Նա բազում բժիշկների կողմից շատ էր չարչարվել, իր ամբողջ ունեցվածքը վատնել ու ոչ մի օգուտ չէր ստացել, ընդհակառակը, ավելի էր վատացել։ 27Երբ Հիսուսի մասին լսեց, ամբոխի միջով նրա հետևի կողմը եկավ և նրա հագուստին դիպավ, 28որովհետև ասում էր. «Եթե միայն նրա հագուստին դիպչեմ, կբժշկվեմ»։ 29Նրա արյունահոսությունն անմիջապես դադարեց, և իր մարմնի մեջ զգաց, որ իրեն տանջող հիվանդությունից բժշկվեց։ 30Հիսուսն էլ միևնույն ժամանակ իր ներսում զգաց, որ իրենից զորություն դուրս եկավ։ Նա դեպի բազմությունը դարձավ ու ասաց. «Իմ հագուստին ո՞վ դիպավ»։ 31Նրա աշակերտներն ասացին նրան. «Տեսնում ես, որ բազմությունը քեզ նեղում է, և հարցնում ես՝ "Իմ հագուստին ո՞վ դիպավ"»։ 32Բայց նա շուրջն էր նայում, որ այդ բանն անողին տեսնի։ 33Այդժամ կինը, իմանալով այն, ինչ իրեն պատահեց, վախեցած ու դողալով եկավ, նրա առաջ ընկավ և ամբողջ ճշմարտությունն ասաց նրան։ 34Հիսուսն ասաց նրան. «Դո՛ւստր, քո հավատը քեզ փրկեց. գնա՛ խաղաղությամբ ու քո հիվանդությունից բժշկվա՛ծ եղիր»։
35Նա դեռ խոսում էր, երբ ժողովրդապետի տնից եկան ու ասացին. «Աղջիկդ մեռավ, էլ ինչո՞ւ ես Վարդապետին նեղություն տալիս»։ 36Հիսուսը հենց այս խոսքերը լսեց, ժողովրդապետին ասաց. «Մի՛ վախենա, այլ միայն հավատա՛»։ 37Եվ ոչ ոքի թույլ չտվեց, որ իր հետ գնա, բացի Պետրոսից, Հակոբոսից ու Հակոբոսի եղբորից՝ Հովհաննեսից։ 38Երբ ժողովրդապետի տուն եկավ, այնտեղ իրարանցում և լացուկոծ տեսավ։ 39Ներս մտավ և նրանց ասաց. «Ինչո՞ւ եք իրար անցել ու լաց լինում։ Երեխան մեռած չէ, այլ քնած է»։ 40Իսկ նրանք ծիծաղում էին նրա վրա։ Բայց նա բոլորին դուրս արեց և վերցնելով երեխայի հորն ու մորը և իր հետ եկածներին՝ մտավ այնտեղ, որտեղ երեխան էր պառկած։ 41Հիսուսը, երեխայի ձեռքը բռնելով, նրան ասաց. «Տալի՛թա, կո՛ւմի», որ նշանակում է՝ «Աղջի՛կ, ասո՛ւմ եմ քեզ, վե՛ր կաց»։ 42Աղջիկն իսկույն վեր կացավ ու ման էր գալիս, որովհետև մոտ տասներկու տարեկան էր։ Բոլորը շատ զարմացան։ 43Հիսուսը նրանց խստիվ պատվիրեց, որ ոչ ոք դրա մասին չիմանա, և ասաց, որ նրան ուտելու բան տան։

Currently Selected:

Մարկոս 5: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy