YouVersion Logo
Search Icon

Մարկոս 4

4
Սերմնացանի առակը
(Մտթ. 13.1-9, Ղուկ. 8.4-8)
1Հիսուսը դարձյալ սկսեց ուսուցանել լճի մոտ։ Նրա շուրջը մեծ բազմություն հավաքվեց, դրա համար նա նավի մեջ նստեց, իսկ ողջ բազմությունը մնաց ցամաքում՝ լճի մոտ։ 2Նրանց շատ բաներ էր ուսուցանում առակներով և ասում. 3«Լսե՛ք. ահա սերմնացանը դուրս եկավ սերմ ցանելու։ 4Եվ սերմանելիս մի քանիսը ճանապարհի եզրին ընկան. երկնքի թռչունները եկան ու կերան դրանք։ 5Մյուսները քարքարոտ տեղ ընկան, որտեղ շատ հող չկար. հողի խոր չլինելու պատճառով արագ բուսնեցին։ 6Բայց երբ արեգակը ծագեց, տաքացավ, արմատ չունենալու պատճառով չորացան։ 7Մեկ այլ մասը փշերի մեջ ընկավ. փշերը բարձրացան ու խեղդեցին դրանց, և պտուղ չտվեցին։ 8Մյուսները պարարտ հողի մեջ ընկան, բուսնելով ու աճելով՝ պտուղ տվեցին. մեկը՝ երեսուն, մեկը՝ վաթսուն, մեկն էլ՝ հարյուր»։ 9Եվ ասում էր. «Ով լսելու ականջ ունի, թող լսի»։
Հիսուսը մեկնում է սերմնացանի առակը
(Մտթ. 13.18-23, Ղուկ. 8.11-15)
10Երբ Հիսուսը մենակ մնաց, ովքեր նրա հետ էին, ինչպես նաև տասներկու աշակերտները, նրան հարցրին այդ առակի մասին։ 11Եվ նա ասաց նրանց. «Ձեզ տրված է, որ Աստծու արքայության խորհուրդն իմանաք, սակայն նրանց, որ դրսում են, ամեն բան առակներով է ներկայացվում, 12որպեսզի
ինչքան էլ նայեն, չտեսնեն,
ինչքան էլ լսեն, չիմանան.
չլինի թե դարձի գան,
ու նրանց մեղքերը ներվեն (Ես. 6.9-10)»։
13Եվ նրանց ասաց. «Եթե այս առակը չեք հասկանում, ապա ինչպե՞ս եք հասկանալու մյուս բոլոր առակները։ 14Սերմնացանը Աստծու խոսքն է սերմանում։ 15Ճանապարհի եզրին ընկածները նրանք են, որոնց մեջ սերմանվում է խոսքը, բայց երբ լսում են, սատանան իսկույն գալիս է և վերցնում նրանց սրտերի մեջ սերմանված խոսքը։ 16Այդպես էլ քարքարոտ տեղում սերմանվածները նրանք են, որոնք երբ խոսքը լսում են, ուրախությամբ իսկույն ընդունում են այն։ 17Բայց իրենց մեջ արմատ չունեն և ժամանակավոր են։ Հետո երբ այդ խոսքի համար նեղություն կամ հալածանք է լինում, իսկույն հրաժարվում են։ 18Փշերի մեջ սերմանվածները նրանք են, որոնք խոսքը լսում են, 19բայց աշխարհիս հոգսերն ու հարստության պատրանքը և ուրիշ ցանկությունները ներխուժում են, խոսքը խեղդում և անպտուղ են դարձնում։ 20Բայց պարարտ հողի մեջ սերմանվածները նրանք են, որոնք լսում են խոսքը, ընդունում և պտուղ են տալիս. մեկը՝ երեսուն, մեկը՝ վաթսուն, մեկը՝ հարյուր»։
Ճրագի օրինակը
(Ղուկ. 8.16-18)
21Եվ նրանց ասաց. «Մի՞թե ճրագը բերվում է, որ գրվանի կամ մահճի տակ դրվի. չէ՞ որ ճրագակալի վրա պիտի դրվի։ 22Այդպես էլ չկա ծածուկ բան, որ հայտնի չդառնա, և չի եղել մի գաղտնիք, որ հայտնի չի դարձել։ 23Ով լսելու ականջ ունի, թող լսի»։
24Եվ նրանց ասաց. «Ուշադի՛ր եղեք, թե ի՛նչ եք լսում. ինչ չափով որ չափեք, նույնով էլ ձեզ համար կչափեն, և ձեզ՝ լսողներիդ, կավելանա։ 25Որովհետև ով ունի, նրան կտրվի, իսկ ով չունի, նրանից կվերցվի նաև այն, ինչ ունի»։
Աճող սերմի առակը
26Եվ Հիսուսն ասում էր. «Աստծու արքայությունն այսպես է. ասես մի մարդ հողի մեջ սերմ ցանի։ 27Գիշերը քնի ու ցերեկը վեր կենա, իսկ սերմը բուսնի ու աճի, այնպես որ ինքը չիմանա։ 28Հողն ինքնիրեն պտուղ է տալիս. նախ՝ ծիլ, հետո՝ հասկ, դրանից հետո՝ հասկի մեջ լցված ցորեն։ 29Բայց երբ պտուղը հասունանա, իսկույն մանգաղ կուղարկի, որովհետև հնձի ժամանակը հասած կլինի»։
Մանանեխի հատիկի օրինակը
(Մտթ. 13.31-32, Ղուկ. 13.18-19)
30Եվ ասում էր. «Աստծու արքայությունն ինչի՞ նմանեցնենք կամ ի՞նչ օրինակով այն ներկայացնենք։ 31Այն նման է մանանեխի հատիկի, որ երբ հողի մեջ է սերմանվում, աշխարհի վրա եղած բոլոր սերմերից էլ փոքր է։ 32Բայց երբ սերմանվում է, բուսնում է, բոլոր թփերից ավելի մեծ է լինում և այնքան մեծ ճյուղեր է արձակում, որ երկնքի թռչունները նրա հովանու տակ կարողանում են բույն դնել»։
33Եվ այդպես նրանց հետ շատ առակներով էր խոսում, որ նրանք կարողանային լսել։ 34Նրանց հետ առանց առակի չէր խոսում, բայց իր աշակերտներին առանձին ամեն ինչ բացատրում էր։
Հիսուսը խաղաղեցնում է փոթորիկը
(Մտթ. 8.23-27, Ղուկ. 8.22-25)
35Այդ օրը՝ իրիկնադեմին, Հիսուսն աշակերտներին ասաց. «Եկեք մյուս կողմն անցնենք»։ 36Եվ ժողովրդին թողեցին ու նրան, որ նավի վրա էր, վերցնելով՝ հեռացան։ Նրանց ուրիշ նավակներ էլ էին հետևում։ 37Ուժեղ փոթորիկ եղավ, և ալիքները նավի մեջ էին թափվում. նավը գրեթե ջրով էր լցվել։ 38Հիսուսը նավի հետևի մասում բարձի վրա քնած էր։ Նրան արթնացրին ու ասացին. «Վարդապե՛տ, քեզ հոգ չէ՞, որ կորչում ենք»։ 39Նա, արթնանալով, քամուն սաստեց ու լճին ասաց. «Լռի՛ր, հանդարտվի՛ր»։ Եվ քամին դադարեց, ու կատարյալ խաղաղություն տիրեց։ 40Եվ նրանց ասաց. «Ինչո՞ւ եք այդքան վախկոտ, ինչո՞ւ հավատ չունեք»։ 41Նրանք սաստիկ վախեցան ու իրար մեջ ասում էին. «Ո՞վ է արդյոք սա, որ և՛ քամին, և՛ լիճը հնազանդվում են սրան»։

Currently Selected:

Մարկոս 4: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy