YouVersion Logo
Search Icon

Մարկոս 10

10
Ամուսնալուծության մասին
(Մտթ. 19.1-12, Ղուկ. 16.18)
1Հիսուսն այնտեղից ելավ, եկավ Հրեաստանի սահմանները՝ Հորդանանի մյուս կողմը։ Նրա շուրջը դարձյալ ժողովուրդ էր հավաքվում, և նա իր սովորության համաձայն նորից ուսուցանում էր նրանց։
2Նրան մոտեցան նաև փարիսեցիները և փորձելու համար նրան հարցրին. «Թույլատրվո՞ւմ է մարդուն իր կնոջն արձակել»։ 3Հիսուսը պատասխանեց նրանց ու ասաց. «Մովսեսը ձեզ ի՞նչ է պատվիրել»։ 4Նրանք ասացին. «Մովսեսը թույլ է տվել բաժանման թուղթ գրել ու արձակել»։ 5Բայց Հիսուսը պատասխանեց նրանց ու ասաց. «Նա ձեր խստասրտության պատճառով է այդ պատվիրանը ձեզ գրել։ 6Բայց արարչագործության սկզբից Աստված նրանց արու և էգ ստեղծեց ու ասաց. 7"Դրա համար տղամարդն իր հորն ու մորը կթողնի և իր կնոջը կմիանա։ 8Եվ երկուսը մեկ մարմին կլինեն". հետևաբար այլևս երկու չեն, այլ մեկ մարմին։ 9Արդ, ինչ որ Աստված միավորեց, մարդը թող չբաժանի»։
10Տանը աշակերտները այդ թեմայի շուրջ դարձյալ հարցրին նրան։ 11Եվ նա ասաց նրանց. «Ով իր կնոջն արձակի ու մի ուրիշի հետ ամուսնանա, առաջին կնոջ դեմ շնություն է անում։ 12Իսկ եթե մի կին իր ամուսնուն արձակի և ուրիշ տղամարդու հետ ամուսնանա, շնություն է անում»։
Հիսուսն օրհնում է մանուկներին
(Մտթ. 19.13-15, Ղուկ. 18.15-17)
13Հիսուսի մոտ երեխաների էին բերում, որ օրհնի նրանց, բայց աշակերտները սաստում էին բերողներին։ 14Բայց երբ Հիսուսը տեսավ, բարկացավ ու նրանց ասաց. «Թողե՛ք, որ երեխաներն ինձ մոտ գան, ու մի՛ արգելեք նրանց, քանի որ Աստծու արքայությունն այդպիսիներինն է։ 15Ճշմարիտ եմ ասում ձեզ. ով Աստծու արքայությունը երեխայի պես չընդունի, նրա մեջ չի մտնի»։ 16Եվ նրանց գիրկն առավ, ձեռքը նրանց վրա դրեց և օրհնեց։
Մեծահարուստ մարդը
(Մտթ. 19.16-24, Ղուկ. 18.18-26)
17Հիսուսը պատրաստվում էր ճանապարհ ընկնել, երբ մեկը վազելով մոտեցավ, ծնկի գալով՝ նրան հարցրեց. «Բարի՛ վարդապետ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։ 18Հիսուսը նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ "բարի" անվանում. ոչ ոք բարի չէ, բացի միայն մեկից՝ Աստծուց։ 19Պատվիրանները գիտես. "Մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, ուրիշի ունեցածը մի՛ խլիր, քո հորն ու մորը պատվի՛ր" (Ելք 20.14, 13, 15-17, 12, Բ Օր. 5.18, 17, 19-21, 16)»։ 20Իսկ նա պատասխանեց. «Վարդապե՛տ, այդ բոլորն իմ մանկությունից ի վեր պահել եմ»։ 21Հիսուսը սիրալիր նայեց նրան ու ասաց. «Քեզ մի բան է պակասում։ Եթե կամենում ես, գնա՛, ինչ որ ունես, վաճառի՛ր ու աղքատների՛ն բաժանիր և երկնքում գանձ կունենաս։ Վերցրո՛ւ խաչը#10.21 Հն. ձեռ. չկա վերցրո՛ւ խաչը։ և արի՛ իմ հետևից»։ 22Բայց նա, այդ խոսքից մռայլվելով, տրտմած գնաց, որովհետև մեծ ունեցվածքի տեր էր։
23Եվ Հիսուսը, շուրջը նայելով, իր աշակերտներին ասաց. «Որքա՜ն դժվար է հարստություն ունեցողների համար Աստծու արքայությունը մտնել»։ 24Աշակերտները զարմացած էին նրա խոսքերի վրա։ Սակայն Հիսուսն ասաց նրանց. «Որդյակնե՛ր, որքա՜ն դժվար է Աստծու արքայությունը մտնել նրանց համար, ովքեր իրենց հույսը հարստության վրա են դրել#10.24 Հն. ձեռ. չկա ովքեր իրենց հույսը հարստության վրա են դրել։։ 25Ավելի հեշտ է, որ ուղտն ասեղի ծակով անցնի, քան հարուստն Աստծու արքայությունը մտնի»։ 26Աշակերտներն ավելի էին զարմանում և միմյանց ասում. «Հապա ո՞վ կարող է փրկվել»։ 27Հիսուսը նրանց նայեց ու ասաց. «Մարդկանց համար դա անհնար է, բայց ո՛չ Աստծու համար։ Աստծու համար ամեն ինչ է հնարավոր»։
28Այդժամ Պետրոսն սկսեց նրան ասել. «Ահա մենք ամեն ինչ թողեցինք ու քո հետևից եկանք»։ 29Հիսուսը պատասխանեց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. չկա մեկը, որ ինձ համար կամ Ավետարանի համար թողնի տունը կամ եղբայրներին, կամ քույրերին, կամ հորը, կամ մորը, կամ կնոջը#10.29 Հն. ձեռ. չկա կամ կնոջը։, կամ զավակներին, կամ արտերը, 30և հիմա՝ այս ժամանակ, չստանա հարյուրապատիկը՝ տներ ու եղբայրներ, քույրեր ու մայրեր, զավակներ ու արտեր՝ կրելով նաև հալածանքներ, իսկ հանդերձյալ աշխարհում էլ հավիտենական կյանք կունենա։ 31Բայց շատերը, որ առաջինն են, վերջինը կլինեն, իսկ վերջինները՝ առաջինը»։
Հիսուսը դարձյալ խոսում է իր մահվան և հարության մասին
(Մտթ. 20.17-19, Ղուկ. 18.31-34)
32Նրանք Երուսաղեմ բարձրանալու ճանապարհին էին։ Հիսուսը նրանցից առաջ ընկած գնում էր. աշակերտները զարմացած ու վախեցած նրան էին հետևում։ Հիսուսը տասներկուսին դարձյալ առանձնացրեց և սկսեց նրանց ասել, թե իրեն ինչե՛ր են պատահելու։ 33«Ահա Երուսաղեմ ենք ելնում, և Մարդու Որդին կմատնվի քահանայապետների և դպիրների ձեռքը. նրան մահվան կդատապարտեն, նրան հեթանոսներին կհանձնեն։ 34Նրան կծաղրեն, նրան կծեծեն, նրա վրա կթքեն ու կսպանեն նրան, և երրորդ օրը հարություն կառնի»։
Զեբեդեոսի որդիների խնդրանքը
(Մտթ. 20.20-28)
35Եվ Զեբեդեոսի որդիները՝ Հակոբոսն ու Հովհաննեսը, մոտեցան նրան ու ասացին. «Վարդապե՛տ, ուզում ենք, որ այն, ինչ քեզանից խնդրելու ենք, անես մեզ համար»։ 36Հիսուսը հարցրեց նրանց. «Ի՞նչ եք ուզում, որ ես ձեզ համար անեմ»։ 37Նրանք ասացին նրան. «Մեզ շնո՛րհ արա, որ քո փառքի մեջ մեկս քո աջ կողմում նստի, մյուսս՝ քո ձախ կողմում»։ 38Այդժամ Հիսուսը նրանց ասաց. «Չգիտեք, թե ի՛նչ եք խնդրում։ Կարո՞ղ եք այն բաժակը խմել, որ ես եմ խմելու, կամ այն մկրտությամբ մկրտվել, որով ես եմ մկրտվելու»։ 39Նրանք ասացին նրան. «Կարող ենք»։ Իսկ Հիսուսը նրանց ասաց. «Այն բաժակը, որ ես եմ խմելու, կխմեք, և այն մկրտությամբ, որով ես եմ մկրտվելու, կմկրտվեք, 40բայց իմ աջ ու ձախ կողմերում նստելը ե՛ս չեմ տալիս, այլ տրվելու է նրանց, որոնց համար պատրաստված է»։
41Երբ մնացած տասը աշակերտները լսեցին այս, սկսեցին Հակոբոսի ու Հովհաննեսի վրա բարկանալ։ 42Հիսուսը նրանց իր մոտ կանչեց ու ասաց. «Գիտեք, որ հեթանոսների մեջ ովքեր իշխան են համարվում, տիրում են նրանց, և նրանց մեծամեծները իշխում են նրանց վրա։ 43Բայց ձեր մեջ այդպես չպետք է լինի, այլ ձեզանից ով ուզում է մեծ լինել, պետք է ձեր սպասավորը լինի։ 44Եվ ձեզանից ով ուզում է առաջինը լինել, բոլորի ծառան պետք է լինի։ 45Որովհետև Մարդու Որդին նույնպես չեկավ, որ իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի ու շատերի համար իր կյանքը որպես փրկագին տա»։
Երիքովցի կույրի բժշկումը
(Մտթ. 20.29-34, Ղուկ. 18.35-43)
46Եկան Երիքով։ Երբ Հիսուսն իր աշակերտների ու մեծ բազմության հետ Երիքովից դուրս էր գալիս, Տիմեի որդին՝ կույր Բարտիմեոսը, ճանապարհին նստած, մուրում էր։ 47Երբ լսեց, որ Հիսուս Նազովրեցին է անցնում, սկսեց աղաղակել ու ասել. «Որդի՛ Դավթի, Հիսո՛ւս, ողորմի՛ր ինձ»։ 48Շատերը նրան սաստում էին, որ լուռ մնար, բայց նա է՛լ ավելի էր աղաղակում. «Որդի՛ Դավթի, ողորմի՛ր ինձ»։ 49Հիսուսը կանգնեց ու ասաց, որ նրան կանչեն։ Կույրին կանչեցին ու ասացին նրան. «Քաջալերվի՛ր, վե՛ր կաց, քեզ կանչում է»։ 50Նա իր վերնազգեստը դեն գցեց, վեր կացավ ու Հիսուսի մոտ եկավ։ 51Հիսուսը նրան հարցրեց. «Ի՞նչ ես ուզում, որ քեզ համար անեմ»։ Կույրը պատասխանեց նրան. «Ռաբբո՛ւնի, ուզում եմ տեսնել»։ 52Հիսուսը նրան ասաց. «Գնա՛, քո հավատը քեզ փրկեց»։ Եվ նրա տեսողությունն իսկույն վերականգնվեց, ու հետևեց Հիսուսին։

Currently Selected:

Մարկոս 10: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy