YouVersion Logo
Search Icon

Մատթեոս 27

27
Հիսուսը տարվում է Պիղատոսի մոտ
(Մրկ. 15.1, Ղուկ. 23.1-2, Հովհ. 18.28-32)
1Երբ առավոտ եղավ, բոլոր քահանայապետներն ու ժողովրդի ծերերը Հիսուսի դեմ խորհուրդ գումարեցին, որպեսզի նրան սպանեն։ 2Նրան կապեցին և տարան ու Պոնտացի Պիղատոս կուսակալին հանձնեցին։
Հուդայի մահը
(Գրծ. 1.18-19)
3Այդ ժամանակ Հուդան, որ մատնել էր Հիսուսին, տեսնելով, որ նա դատապարտվեց, զղջաց և երեսուն արծաթը քահանայապետներին ու ծերերին վերադարձրեց՝ 4ասելով. «Մեղանչեցի, որովհետև անմեղ արյուն մատնեցի»։ Իսկ նրանք ասացին. «Մե՞զ ինչ. դո՛ւ տես»։ 5Եվ նա արծաթը տաճարի մեջ նետեց ու հեռացավ։ Ապա գնաց և իրեն կախեց։ 6Քահանայապետները, վերցնելով արծաթը, ասացին. «Օրինավոր չէ դրանք գանձանակի մեջ գցել, որովհետև արյան գին են»։ 7Եվ խորհրդակցելով՝ դրանով գնեցին բրուտի ագարակը՝ որպես օտարականների գերեզմանատեղի։ 8Դրա համար այդ ագարակը մինչ օրս կոչվում է «Արյան ագարակ»։ 9Այդ ժամանակ իրականացավ Երեմիա մարգարեի միջոցով ասվածը. «Վերցրին երեսուն արծաթը՝ այն գինը, որ գնահատել էին Իսրայելի որդիները, 10և այն տվեցին բրուտի ագարակի համար, ինչպես Տերն ինձ հրամայել էր»։
Պիղատոսը հարցաքննում է Հիսուսին
(Մրկ. 15.2-5, Ղուկ. 23.3-5, Հովհ. 18.33-38)
11Հիսուսը կանգնեց կառավարչի առաջ։ Կառավարիչը նրան հարցրեց ու ասաց. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Հիսուսը նրան ասաց. «Դո՛ւ ես ասում»։ 12Եվ երբ քահանայապետների ու ծերերի կողմից ամբաստանվում էր, ոչինչ չպատասխանեց։ 13Այդ ժամանակ Պիղատոսը նրան ասաց. «Չե՞ս լսում, թե քո դեմ որքա՛ն բաներ են վկայում»։ 14Եվ նա ոչինչ չպատասխանեց նրան, այնպես որ կառավարիչը շատ զարմացավ։
Բարաբբան
(Մրկ. 15.6-15, Ղուկ. 23.13-25, Հովհ. 18.39–19.16)
15Սովորույթի համաձայն՝ Զատկի տոնին կառավարիչը թույլ էր տալիս ժողովրդի համար մի բանտարկյալ արձակել, ում նրանք ուզեին։ 16Այդ ժամանակ մի հայտնի բանտարկյալ կար, անունը՝ Բարաբբա։ 17Արդ, երբ հավաքվեցին, Պիղատոսը նրանց ասաց. «Ո՞ւմ եք ուզում, որ ձեզ համար արձակեմ՝ Բարաբբայի՞ն, թե՞ Հիսուսին՝ Քրիստոս կոչվածին»։ 18Որովհետև գիտեր, որ նրան նախանձից էին մատնել։
19Մինչ նա ատյան էր նստել, կինը նրա մոտ մարդ ուղարկեց ու ասաց. «Ոչինչ չանե՛ս այդ արդար մարդու դեմ, որովհետև այսօր երազիս մեջ նրա պատճառով շատ չարչարվեցի»։ 20Սակայն քահանայապետներն ու ծերերը ժողովրդին համոզեցին, որ Բարաբբային պահանջեն, իսկ Հիսուսին սպանեն։ 21Իսկ կառավարիչը նրանց ասաց. «Այս երկուսից ո՞ւմ եք ուզում, որ ձեզ համար արձակեմ»։ Նրանք ասացին՝ Բարաբբային։ 22Պիղատոսը նրանց ասաց. «Հապա ի՞նչ անեմ Հիսուսին՝ Քրիստոս կոչվածին»։ Բոլորն ասացին. «Թող խաչվի՛»։ 23Եվ կառավարիչն ասաց. «Իսկ ի՞նչ չարիք է գործել»։ Բայց նրանք ավելի բարձր էին աղաղակում ու ասում. «Թող խաչվի՛»։ 24Երբ Պիղատոսը տեսավ, որ օգուտ չկա, այլ է՛լ ավելի է խռովություն բարձրանում, ջուր վերցրեց, ձեռքերը ժողովրդի առաջ լվաց ու ասաց. «Ես այդ արդարի արյան համար մեղք չունեմ, դո՛ւք եք տեսնում»։ 25Ամբողջ ժողովուրդը պատասխանեց ու ասաց. «Նրա արյունը մեզ ու մեր զավակների վրա է»։ 26Այդ ժամանակ նրանց համար Բարաբբային արձակեց, իսկ Հիսուսին ձաղկելուց հետո հանձնեց, որ խաչվի։
27Այդ ժամանակ կառավարչի զինվորները Հիսուսին տարան ատյան, և ամբողջ զորագունդը նրա շուրջը հավաքվեց։ 28Նրան մերկացնելով՝ վրան մի կարմիր պատմուճան գցեցին։ 29Փշերից մի պսակ հյուսեցին և նրա գլխին դրեցին, մի եղեգ էլ աջ ձեռքը տվեցին։ Ապա նրա առաջ ծնկի գալով՝ ծաղրում էին ու ասում. «Ողջո՛ւյն, հրեաների՛ թագավոր»։ 30Եվ նրա վրա թքելով՝ եղեգն առնում էին ու նրա գլխին խփում։ 31Նրան ծաղրելուց հետո վրայից հանեցին կարմիր պատմուճանը, իր զգեստները հագցրին։ Եվ նրան տարան խաչելու։
Հիսուսի խաչելությունը
(Մրկ. 15.21-32, Ղուկ. 23.26-43, Հովհ. 19.17-27)
32Երբ դուրս էին ելնում, գտան կյուրենացի մի մարդու՝ Սիմոն անունով։ Նրան ստիպեցին, որ Հիսուսի խաչը կրի։ 33Երբ հասան Գողգոթա կոչված տեղը, որ «Գագաթ» է նշանակում, 34Հիսուսին լեղի խառնած գինի տվեցին խմելու, և համտեսելով՝ չուզեց խմել։ 35Ապա նրան խաչը հանեցին և բաժանեցին նրա զգեստները՝ վիճակ գցելով, որպեսզի իրականանար մարգարեի միջոցով ասվածը. «Իմ զգեստներն իրար մեջ բաժանեցին և իմ պատմուճանի վրա վիճակ գցեցին»։ 36Եվ նստել էին այնտեղ՝ Հիսուսին հսկելու։ 37Նրա գլխավերևում դրեցին նրա հանցանքի գրությունը. «ՍԱ Է ՀԻՍՈՒՍԸ՝ ՀՐԵԱՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐԸ»։ 38Այդ ժամանակ Հիսուսի հետ խաչվեցին նաև երկու ավազակներ. մեկը՝ նրա աջ կողմում, իսկ մյուսը՝ ձախ։
39Եվ անցորդները հայհոյում էին նրան, շարժում իրենց գլուխները 40և ասում. «Ո՛վ տաճարը քանդող ու երեք օրում վերաշինող, փրկի՛ր ինքդ քեզ. եթե Աստծու Որդին ես, իջի՛ր խաչից»։ 41Նույն կերպ էլ քահանայապետներն էին դպիրների ու ծերերի հետ ծաղրում նրան ու ասում. 42«Ուրիշներին փրկեց, ինքն իրեն չի կարողանում փրկել։ Եթե Իսրայելի թագավորն է, թող հիմա խաչից ցած իջնի, և նրան կհավատանք։ 43Ապավինեց Աստծուն. այժմ թող փրկի նրան, եթե նրան կամենում է, որովհետև ասում էր՝ "Աստծու Որդին եմ"»։ 44Նույն կերպ էլ նրա հետ խաչված ավազակներն էին նախատում նրան։
Հիսուսի մահը
(Մրկ. 15.33-41, Ղուկ. 23.44-49, Հովհ. 19.28-37)
45Վեցերորդ ժամից#27.45 Կեսօր։ ամբողջ երկրի վրա խավար իջավ մինչև իններորդ ժամը#27.45 Կեսօրվա ժամը երեքը։։ 46Իսկ իններորդ ժամին մոտ Հիսուսը բարձրաձայն աղաղակեց ու ասաց. «Էլի՛, Էլի՛, լա՞մա սաբաքթանի», այսինքն՝ «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ» (Սաղ. 22.1)։ 47Այնտեղ կանգնածներից ոմանք երբ լսեցին, ասացին. «Եղիային է կանչում»։ 48Եվ նրանցից մեկն իսկույն վազեց, մի սպունգ վերցրեց, քացախի մեջ թաթախեց, անցկացրեց եղեգի վրա ու նրան տվեց, որ խմի։ 49Իսկ մյուսներն ասում էին. «Հիմա տեսնենք, թե Եղիան կգա՞ նրան փրկելու»։
50Հիսուսը դարձյալ բարձրաձայն աղաղակեց և հոգին ավանդեց։
51Եվ ահա տաճարի վարագույրը վերից վար երկու մասի պատռվեց. երկիրը ցնցվեց, ժայռերը ճեղքվեցին։ 52Գերեզմանները բացվեցին, և ննջեցյալ բազում սրբերի մարմիններ հարություն առան։ 53Ու գերեզմաններից դուրս ելնելով՝ Հիսուսի հարությունից հետո մտան սուրբ քաղաքը և շատերին հայտնվեցին։
54Իսկ հարյուրապետը և նրանք, որ նրա հետ հսկում էին Հիսուսին, երբ տեսան երկրաշարժը և պատահածները, սաստիկ վախեցան ու ասացին. «Իսկապես որ սա Աստծու Որդին էր»։
55Այնտեղ բազում կանայք կային, որ հեռվից նայում էին։ Նրանք Գալիլեայից հետևել էին Հիսուսին՝ նրան ծառայելու համար։ 56Նրանց մեջ էին Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի ու Հովսեփի մայր Մարիամը և Զեբեդեոսի որդիների մայրը։
Հիսուսի թաղումը
(Մրկ. 15.42-47, Ղուկ. 23.50-56, Հովհ. 19.38-42)
57Երբ երեկո եղավ, Արիմաթեայից Հովսեփ անունով մի հարուստ մարդ եկավ։ Նա ևս աշակերտել էր Հիսուսին։ 58Սա Պիղատոսի մոտ գնաց ու Հիսուսի մարմինը խնդրեց։ Այդ ժամանակ Պիղատոսը հրամայեց, որ մարմինը տրվի։ 59Հովսեփը, մարմինը վերցնելով, մաքուր կտավով պատանեց 60ու դրեց նոր գերեզմանի մեջ, որ փորել էր ժայռի մեջ։ Նա գերեզմանի մուտքին մի մեծ քար գլորեց և գնաց։ 61Այնտեղ էին Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը՝ գերեզմանի դիմաց նստած։
Գերեզմանի պահպանումը
62Եվ ուրբաթին հաջորդող օրը քահանայապետներն ու փարիսեցիները հավաքվեցին Պիղատոսի մոտ 63և ասացին. «Տե՛ր, հիշեցինք, որ այն մոլորեցնողը երբ դեռ կենդանի էր, ասում էր. "Երեք օր հետո հարություն պիտի առնեմ"։ 64Արդ հրամայի՛ր, որ մինչև երրորդ օրը գերեզմանն զգուշությամբ պահպանվի. գուցե նրա աշակերտները գիշերով գան, նրան գողանան ու ժողովրդին ասեն. "Մեռելներից հարություն առավ"։ Այդ վերջին մոլորությունն ավելի վատ կլինի, քան առաջինը»։ 65Պիղատոսը նրանց ասաց. «Պահապան զինվորներ ունեք. գնացե՛ք, զգո՛ւյշ հսկեք, ինչպես որ գիտեք»։ 66Նրանք գնացին, գերեզմանին հսկողություն սահմանեցին՝ քարը կնքելով և պահակազոր կարգելով։

Currently Selected:

Մատթեոս 27: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy