YouVersion Logo
Search Icon

Ղուկաս 7

7
Հարյուրապետի հավատը
(Մտթ. 8.5-13)
1Երբ Հիսուսը վերջացրեց իր բոլոր խոսքերը ժողովրդին, որ լսում էր, մտավ Կափառնաում։ 2Մի հարյուրապետի ծառա, որ շատ սիրելի էր նրա համար, հիվանդացել և մերձիմահ էր։ 3Նա, Հիսուսի մասին լսելով, հրեաների երեցներից ուղարկեց նրա մոտ՝ խնդրելով նրան, որ գա, իր ծառային փրկի։ 4Նրանք, Հիսուսի մոտ գալով, նրան թախանձալից խնդրում էին և ասում. «Նա արժանի է, որ այդ նրան անես, 5որովհետև սիրում է մեր ազգը և ժողովարանը նա՛ կառուցեց մեզ համար»։ 6Հիսուսը գնաց նրանց հետ. երբ տնից արդեն շատ հեռու չէր, հարյուրապետը նրա մոտ բարեկամներ ուղարկեց՝ ասելով. «Տե՛ր, նեղություն մի՛ կրիր, որովհետև արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես։ 7Դրա համար էլ ինձ արժանի չհամարեցի քեզ մոտ գալու։ Այլ՝ խոսքո՛վ ասա, և ծառաս կբժշկվի։ 8Որովհետև ես էլ իշխանության ենթակա մարդ եմ և իմ ձեռքի տակ զինվորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, և գնում է, մյուսին՝ արի՛, և գալիս է, իմ ծառային՝ այս բա՛նն արա, և անում է»։ 9Հիսուսը, այս լսելով, նրա վրա զարմացավ, դարձավ իրեն հետևող ժողովրդին ու ասաց. «Ասում եմ ձեզ, որ Իսրայելում անգամ այսպիսի հավատ չգտա»։ 10Եվ այն ուղարկված մարդիկ տուն վերադարձան ու հիվանդ ծառային բժշկված գտան։
Այրի կնոջ որդու հարությունը
11Հետևյալ օրը Հիսուսը գնում էր մի քաղաք, որ Նային էր կոչվում. նրա հետ գնում էին աշակերտները ու բազում ժողովուրդ։ 12Եվ երբ մոտեցավ քաղաքի դարպասին, ահա մի մեռել էին դուրս բերում, որ միակ որդին էր իր մոր, և նա այրի էր. քաղաքից բազում ժողովուրդ նրա հետ էր։ 13Տերը, նրան տեսնելով, գթաց ու ասաց. «Մի՛ լար»։ 14Եվ մոտենալով դիպավ դագաղին. դագաղը տանողները կանգնեցին։ Եվ ասաց. «Պատանի՛, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց»։ 15Մեռելը վեր կացավ, նստեց ու սկսեց խոսել։ Եվ Հիսուսը նրան իր մորը տվեց։ 16Ահը պատեց բոլորին, և Աստծուն փառավորում էին՝ ասելով. «Մի մեծ մարգարե է մեր մեջ հայտնվել», և «Աստված այցելել է իր ժողովրդին»։ 17Եվ նրա այս համբավն ամբողջ Հրեաստանով ու նրա շրջակայքով մեկ տարածվեց։
Հովհաննես Մկրտիչը
(Մտթ. 11.2-19)
18Հովհաննեսին նրա աշակերտներն այս բոլորի մասին պատմեցին։ Հովհաննեսն իր աշակերտներից երկուսին իր մոտ կանչեց, 19Տիրոջ մոտ ուղարկեց՝ ասելու. «Դո՞ւ ես, որ գալու է, թե՞ ուրիշին սպասենք»։ 20Այդ մարդիկ, նրա մոտ գալով, ասացին. «Հովհաննես Մկրտիչը մեզ քեզ մոտ է ուղարկել և ասում է. "Դո՞ւ ես, որ գալու է, թե՞ ուրիշին սպասենք"»։ 21Նույն ժամին նա շատերին բժշկեց հիվանդություններից, տառապանքներից ու չար ոգիներից, բազում կույրերի տեսողություն շնորհեց։ 22Եվ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Գնացեք պատմե՛ք Հովհաննեսին, ինչ որ տեսաք ու լսեցիք. որ կույրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները մաքրվում են, խուլերը՝ լսում, մեռյալները հարություն են առնում, ու աղքատներին Բարի լուրն է ավետվում։ 23Եվ երանի՜ նրան, ով իմ պատճառով չի ընկնի»։
24Երբ Հովհաննեսի պատգամավորները գնացին, սկսեց ժողովրդին Հովհաննեսի մասին խոսել. «Ի՞նչ տեսնելու համար ելաք անապատ գնացիք՝ քամուց շարժվող մի եղե՞գ։ 25Հապա ի՞նչ տեսնելու համար ելաք գնացիք՝ փափուկ զգեստներ հագած մի մարդո՞ւ. ահավասիկ նրանք, ովքեր փառավոր հագուստների ու փափուկ կենցաղի մեջ են, թագավորների պալատներում են։ 26Հապա ի՞նչ տեսնելու համար ելաք գնացիք՝ մի մարգարեի՞. այո՛, ասում եմ ձեզ, որ առավել քան մարգարեն։ 27Դա նա է, ում մասին գրված է.
"Ահա քո առջևից ուղարկում եմ իմ պատգամաբերին,
որպեսզի քո առաջ քո ճանապարհը պատրաստի" (Մղք. 3.1)։
28Ասում եմ ձեզ, որ կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծ մարգարե չկա, բայց Աստծու արքայության մեջ ամենափոքրն ավելի մեծ է, քան նա»։
29Երբ ամբողջ բազմությունը, նույնիսկ մաքսավորները, Հովհաննեսին լսեցին, ընդունեցին Աստծու արդարությունը՝ Հովհաննեսի մկրտությամբ մկրտվելով։ 30Փարիսեցիներն ու օրենսգետները, ընդհակառակը, Հովհաննեսից չմկրտվելով, մերժեցին այն, ինչ Աստված կամենում էր նրանց համար։
31«Արդ այս սերնդի մարդկանց ո՞ւմ նմանեցնեմ, ո՞ւմ են նման։ 32Նման են այն երեխաներին, որոնք նստում են հրապարակներում, միմյանց ձայն են տալիս և ասում.
"Մենք ձեզ համար փող հնչեցրինք, բայց դուք չպարեցիք,
ողբ ասացինք, բայց լաց չեղաք"։
33Քանզի Հովհաննես Մկրտիչը եկավ, ո՛չ հաց էր ուտում, ո՛չ էլ գինի խմում, և ասում եք. "Դև ունի"։ 34Եկավ Մարդու Որդին. ուտում է և խմում, բայց ասում եք. "Ահա ուտող և գինի խմող մի մարդ, մաքսավորների ու մեղավորների բարեկամ"։ 35Բայց իմաստությունն արդարացվեց նրա բոլոր որդիների կողմից»։
Մեղավոր կնոջ հավատը
36Փարիսեցիներից մեկը նրան խնդրում էր, որ իր հետ հաց ուտի։ Նա, մտնելով փարիսեցու տուն, սեղան նստեց։ 37Եվ ահա այդ քաղաքում մի մեղավոր կին կար. երբ իմացավ, որ նա փարիսեցու տանը սեղան է նստել, մի ալաբաստրյա շիշ անուշահոտ յուղ բերելով 38և հետևից նրա ոտքերի մոտ կանգնելով՝ լաց լինելով սկսեց արտասուքով նրա ոտքերը թրջել ու իր գլխի մազերով սրբել. նրա ոտքերն էր համբուրում և յուղով օծում։ 39Իսկ փարիսեցին, որ նրան հրավիրել էր, այդ տեսնելով, իր մտքում ասաց. «Եթե սա մարգարե լիներ, ապա կիմանար, թե ո՛վ կամ ինչպիսի՛ կին է իրեն դիպչում, որովհետև նա մեղավոր է»։ 40Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Սիմո՛ն, մի բան ունեմ քեզ ասելու»։ Նա էլ ասաց. «Ասա՛, Վարդապե՛տ»։ Ու ասաց. 41«Մի փոխատու երկու պարտապան ուներ. մեկը հինգ հարյուր դինար էր պարտք, մյուսը՝ հիսուն։ 42Եվ երբ սրանք հատուցելու ոչինչ չունեին, երկուսին էլ պարտքը շնորհեց։ Արդ սրանցից ո՞րն ավելի շատ կսիրի նրան, ասա՛»։ 43Սիմոնն էլ պատասխանեց. «Ինձ այնպես է թվում, թե նա, որին ավելի շատ շնորհվեց»։ Հիսուսն ասաց նրան. «Ուղի՛ղ դատեցիր»։ 44Եվ դեպի կինը դառնալով՝ Սիմոնին ասաց. «Տեսնո՞ւմ ես այս կնոջը. ես քո տուն մտա, և դու իմ ոտքերին ջուր չլցրեցիր, բայց սա ոտքերս իր արտասուքներով թրջեց ու իր մազերով սրբեց։ 45Դու ինձ համբույր չտվեցիր, իսկ սա այստեղ մտնելուցս ի վեր ոտքերս համբուրելուց չդադարեց։ 46Դու իմ գլուխը յուղով չօծեցիր, իսկ սա իմ ոտքերն անուշահոտ յուղով օծեց։ 47Դրա համար ասում եմ քեզ. սրա բազում մեղքերը ներված կլինեն, որովհետև շատ սիրեց. բայց ում որ քիչ ներվի, նա քիչ կսիրի»։ 48Եվ այդ կնոջն ասաց. «Քո մեղքերը ներված են քեզ»։ 49Նրա հետ սեղան նստողներն սկսեցին իրենց մտքում ասել. «Ո՞վ է սա, որ նույնիսկ մեղքերին է թողություն տալիս»։ 50Եվ նա այդ կնոջն ասաց. «Քո հավատը քեզ փրկեց. գնա՛ խաղաղությամբ»։

Currently Selected:

Ղուկաս 7: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy