YouVersion Logo
Search Icon

ՀՈՎՀԱՆՆԵՍ 8

8
Շնացող կինը
1Հիսուսը Ձիթենյաց լեռը գնաց։ 2Առավոտյան դարձյալ տաճար եկավ, և ամբողջ ժողովուրդը նրա մոտ էր գալիս։ Նա նստած ուսուցանում էր նրանց։ 3Դպիրներն ու փարիսեցիները նրա մոտ շնության մեջ բռնված մի կնոջ բերեցին և նրան մեջտեղ կանգնեցնելով՝ 4ասացին Հիսուսին. «Վարդապե՛տ, այս կինը բռնվել է հայտնապես շնանալիս։ 5Մովսեսը Օրենքում մեզ պատվիրել է քարկոծել այսպիսիներին։ Հիմա դու ի՞նչ ես ասում»։ 6Բայց նրան փորձելու համար էին այդ ասում, որպեսզի նրան ամբաստանելու պատճառ ունենան։ Հիսուսը, գետնին նայելով, մատով գրում էր հողի վրա։ 7Բայց երբ պնդում էին իրենց հարցումը, նա վեր նայեց ու ասաց. «Ձեզանից ով անմեղ է, թող առաջինը նա՛ քար գցի դրա վրա»։ 8Եվ դարձյալ ցած նայելով՝ գրում էր հողի վրա։ 9Սակայն նրանք, այս լսելով, մեկը մյուսի հետևից՝ մեծից փոքր, ելան գնացին։ Եվ մնացին միայն Հիսուսն ու մեջտեղում կանգնած կինը։ 10Այդժամ Հիսուսը վեր նայեց և նրան ասաց. «Ո՛վ կին, քեզ ամբաստանողները որտե՞ղ են. քեզ ոչ ոք չդատապարտե՞ց»։ 11Իսկ նա ասաց. «Ոչ ոք, Տե՛ր»։ Հիսուսը նրան ասաց. «Ոչ էլ ես եմ քեզ դատապարտում. գնա՛ և այսուհետև մեղք մի՛ գործիր»։
Հիսուսը՝ լույսն աշխարհի
12Արդ Հիսուսը նորից խոսեց նրանց հետ ու ասաց. «Ես եմ աշխարհի լույսը. ով իմ հետևից գա, նա խավարի մեջ չի քայլի, այլ կյանքի լույսը կընդունի»։ 13Այդժամ փարիսեցիները նրան ասացին. «Դու ինքդ ես քո մասին վկայում. քո վկայությունը ճշմարիտ չէ»։ 14Հիսուսը պատասխանեց նրանց ու ասաց. «Թեև ես եմ իմ մասին վկայում, իմ վկայությունը ճշմարիտ է, որովհետև գիտեմ, թե որտեղի՛ց եմ եկել և ո՛ւր եմ գնում։ Իսկ դուք չգիտեք, թե որտեղի՛ց եկա և ո՛ւր եմ գնում։ 15Դուք ըստ մարմնի եք դատում, իսկ ես ոչ ոքի չեմ դատում։ 16Եվ եթե ես դատեմ էլ, իմ դատաստանը ճշմարիտ է, որովհետև ես մենակ չեմ, այլ ես եմ ու Հայրը, որն ուղարկեց ինձ։ 17Եվ ձեր օրենքում իսկ գրված է. "Երկու մարդկանց վկայությունը ճշմարիտ է"։ 18Ես ինքս եմ վկայում իմ մասին, և իմ մասին վկայում է նաև Հայրը, որն ուղարկեց ինձ»։ 19Արդ նրան հարցրին. «Որտե՞ղ է քո Հայրը»։ Հիսուսը պատասխանեց. «Դուք ո՛չ ինձ գիտեք, ո՛չ էլ իմ Հորը. եթե ինձ ճանաչեիք, իմ Հորն էլ կճանաչեիք»։
20Հիսուսն այս խոսքերն ասաց գանձատանը, երբ նրանց ուսուցանում էր տաճարում։ Եվ նրան ոչ ոք չբռնեց, որովհետև դեռ նրա ժամը չէր հասել։
Ազդարարություն անհավատ հրեաներին
21Հիսուսը դարձյալ ասաց նրանց. «Ես գնում եմ. ինձ կփնտրեք և ձեր մեղքերի մեջ կմեռնեք. ուր որ ես գնում եմ, դուք չեք կարող գալ»։ 22Հրեաներն ասում էին. «Գուցե ինքնասպա՞ն է լինելու, որովհետև ասում է. "Ուր որ ես գնում եմ, դուք չեք կարող գալ"»։ 23Եվ նրանց ասաց. «Դուք ներքևից եք, իսկ ես՝ վերևից. դուք այս աշխարհից եք, իսկ ես այս աշխարհից չեմ։ 24Արդ ես ձեզ ասացի. "Ձեր մեղքերի մեջ կմեռնեք", որովհետև եթե չհավատաք, որ իրապես ես եմ, կմեռնեք ձեր մեղքերի մեջ»։ 25Այդժամ նրան հարցրին. «Ո՞վ ես դու»։ Հիսուսը նրանց ասաց. «Նա, որ սկզբից ևեթ շարունակ խոսում էր ձեզ հետ։ 26Ձեր մասին խոսելու և դատելու շատ բան ունեմ։ Սակայն նա, ով ինձ ուղարկել է, ճշմարիտ է, և ինչ որ լսել եմ նրանից, այն եմ խոսում աշխարհում»։ 27Նրանք չհասկացան, որ Հոր մասին էր ասում իրենց։
28Հիսուսը նրանց ասաց. «Երբ Մարդու Որդուն բարձրացնեք, այն ժամանակ պիտի իմանաք, որ ես եմ, և ինքս ինձանից ոչինչ չեմ անում, այլ ինչպես իմ Հայրն ինձ սովորեցրեց, այն եմ խոսում։ 29Ով ինձ ուղարկեց, ինձ հետ է. ինձ մենակ չի թողել, որովհետև ես միշտ անում եմ այն, ինչ նրան հաճելի է»։ 30Երբ այս խոսքերն ասաց, շատերը հավատացին նրան։
Ճշմարտությունը՝ ազատարար
31Այդժամ Հիսուսն իրեն հավատացած հրեաներին ասաց. «Եթե դուք հավատարիմ մնաք իմ խոսքին, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք։ 32Կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի ձեզ»։ 33Նրան պատասխանեցին. «Մենք Աբրահամի որդիներն ենք և երբեք ոչ ոքի չենք ծառայել. դու ինչպե՞ս ես ասում, թե ազատ կլինեք»։ 34Հիսուսը նրանց պատասխանեց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ամեն ոք, ով մեղք է գործում, մեղքի ծառա է։ 35Իսկ ծառան ընդմիշտ տանը չի մնում. որդին է ընդմիշտ մնում։ 36Արդ, եթե Որդին ձեզ ազատի, ճշմարտապես ազատ կլինեք։ 37Գիտեմ, որ Աբրահամի որդիներն եք, բայց ուզում եք ինձ սպանել, որովհետև իմ խոսքը ձեր մեջ տեղ չունի։ 38Ես ասում եմ այն, ինչ տեսել եմ իմ Հոր մոտ, իսկ դուք անում եք այն, ինչ տեսել եք ձեր հորից»։
39Պատասխանեցին նրան ու ասացին. «Մեր հայրն Աբրահամն է»։ Հիսուսը նրանց ասաց. «Եթե Աբրահամի որդիներ լինեիք, Աբրահամի գործերը կկատարեիք։ 40Բայց հիմա ուզում եք սպանել ինձ, մի մարդու, որ ճշմարտությունն է ձեզ ասել, և որը ես Աստծուց լսեցի. այդ բանն Աբրահամը չարեց։ 41Դուք ձեր հոր գործերն եք կատարում»։ Եվ նրան ասացին. «Մենք պոռնկությունից չենք ծնվել. մեկ Հայր ունենք՝ Աստված»։ 42Հիսուսը նրանց ասաց. «Եթե Աստված ձեր Հայրը լիներ, ինձ կսիրեիք, որովհետև ես Աստծուց ելա ու եկա. ես ինքս ինձ չեկա, այլ նա՛ ինձ ուղարկեց։ 43Դուք իմ խոսքերն ինչո՞ւ չեք հասկանում. որովհետև չեք կարողանում իմ խոսքը լսել։ 44Ձեր ունեցած հայրը սատանան է, և ինչ ձեր հայրը ցանկանում է, այդ եք ուզում կատարել։ Նա սկզբից ևեթ մարդասպան էր և ճշմարտության մեջ չմնաց, որովհետև նրա մեջ ճշմարտություն չկա։ Երբ նա ստում է, ինքն իրեն է արտահայտում, որովհետև ստախոս է և կեղծիքի հայրը։ 45Սակայն ես, որ ճշմարտությունն եմ ասում, ինձ չեք հավատում։ 46Ձեզանից ո՞վ կարող է ինձ մեղքի համար հանդիմանել. բայց եթե ճշմարտությունն եմ ասում, ինչո՞ւ ինձ չեք հավատում։ 47Ով Աստծուց է, Աստծու խոսքերն է լսում. դուք Աստծուց չեք, դրա համար դուք չեք լսում»։
48Հրեաները պատասխանեցին նրան. «Մենք ճիշտ չե՞նք, երբ ասում ենք, որ դու սամարացի ես ու դև ունես»։ 49Հիսուսը պատասխանեց. «Ես դև չունեմ, այլ պատվում եմ իմ Հորը, իսկ դուք ինձ անարգում եք։ 50Սակայն ես իմ փառքը չեմ փնտրում. կա մեկը, որ այն փնտրում է և դատում։ 51Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե մեկն իմ խոսքը պահի, նա մահ չի տեսնի հավիտյան»։ 52Հրեաները նրան ասացին. «Հիմա իմացանք, որ դև ունես։ Աբրահամը մեռավ, մարգարեները՝ նույնպես, իսկ դու ասում ես. "Եթե մեկն իմ խոսքը պահի, հավիտյան մահ չի ճաշակի"։ 53Գուցե դու ավելի մե՞ծ ես, քան մեր հայր Աբրահամը, որ մեռավ, մարգարեները ևս մեռան։ Իսկ ի՞նչ ես կարծում, դու ո՞վ ես»։ 54Հիսուսը պատասխանեց. «Եթե ես ինքս ինձ փառավորեմ, իմ փառքը ոչինչ է։ Ինձ փառավորողը Հայրն է, նա, ում մասին դուք ասում եք՝ "Մեր Աստվածն է"։ 55Եվ չեք ճանաչում նրան, իսկ ես նրան գիտեմ, և եթե ասեմ, որ ես նրան չգիտեմ, ձեզ նման ստախոս կլինեմ. բայց ես գիտեմ նրան ու նրա խոսքը պահում եմ։ 56Աբրահամը՝ ձեր հայրը, ցնծում էր այն մտքից, որ կարող է իմ օրերը տեսնել. նա տեսավ և ուրախացավ»։ 57Ապա հրեաները նրան ասացին. «Դու դեռ հիսուն տարեկան չկաս և Աբրահամի՞ն ես տեսել»։ 58Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ես կամ նախքան Աբրահամը»։ 59Այդժամ նրանք քարեր վերցրին, որ նրա վրա նետեն, բայց Հիսուսը թաքնվեց և տաճարից դուրս գնաց։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy