YouVersion Logo
Search Icon

ՀՈՎՀԱՆՆԵՍ 16

16
1«Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի չգայթակղվեք։ 2Ձեզ ժողովարաններից դուրս պիտի հանեն։ Նույնիսկ ժամանակ կգա, երբ ով ձեզ սպանի, պիտի համարի, թե պաշտամունք է մատուցում Աստծուն։ 3Եվ դա պիտի ձեզ անեն, որովհետև ո՛չ Հորը ճանաչեցին, ո՛չ էլ ինձ։ 4Բայց այս բաները ձեզ ասացի, որպեսզի երբ սրանց կատարվելու ժամանակը գա, հիշեք, որ ես այդ ասել եմ ձեզ։
Այս բաներն սկզբից ձեզ չասացի, քանի որ ձեզ հետ էի։
Մխիթարիչի գալուստը
5Սակայն այժմ ինձ ուղարկողի մոտ եմ գնում, ու ձեզնից ոչ ոք ինձ չի հարցնում. "Ո՞ւր ես գնում"։ 6Բայց որովհետև ձեզ այս բաներն ասացի, տրտմությունը լցրեց ձեր սիրտը։ 7Բայց ես ձեզ ճշմարիտն եմ ասում. ձեզ համար ավելի լավ է, որ ես գնամ, որովհետև եթե ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մոտ չի գա. իսկ եթե գնամ, նրան ձեզ մոտ կուղարկեմ։ 8Եվ երբ նա գա, աշխարհին կհանդիմանի մեղքի, արդարության և դատաստանի համար. 9մեղքի համար, որովհետև ինձ չեն հավատում, 10արդարության համար, որովհետև ես Հոր մոտ եմ գնում, ու ինձ այլևս չեք տեսնի, 11և դատաստանի համար, որովհետև այս աշխարհի իշխանը դատապարտված է։
12Դեռ շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց հիմա չեք կարող տանել։ 13Սակայն երբ նա՝ ճշմարտության Հոգին, գա, ձեզ կառաջնորդի դեպի ամբողջ ճշմարտությունը, որովհետև ինքն իրենից չի խոսի, այլ կասի, ինչ որ լսի. և գալիք բաների մասին կպատմի ձեզ։ 14Նա ինձ պիտի փառավորի, որովհետև վերցնելու է իմ ունեցածից ու հայտնելու է ձեզ։ 15Այն ամենը, ինչ Հայրն ունի, իմն է. դրա համար ձեզ ասացի, թե ինչ որ ինձնից վերցնի, կհայտնի ձեզ։
Ուրախության վերածվող վիշտը
16Մի քիչ ևս, և ինձ չեք տեսնի, և դարձյալ մի քիչ, ու ինձ կտեսնեք, որովհետև ես Հոր մոտ եմ գնում»։
17Նրա աշակերտներից ոմանք միմյանց ասում էին. «Այս ի՞նչ է մեզ ասում. "Մի քիչ ևս, և ինձ չեք տեսնի, ու դարձյալ մի քիչ, և ինձ կտեսնեք" և թե՝ "Ես Հոր մոտ եմ գնում"»։ 18Նաև ասում էին. «Ի՞նչ է նշանակում, երբ ասում է՝ մի քիչ ևս։ Չենք հասկանում, թե ի՛նչ է խոսում»։ 19Հիսուսը հասկացավ, որ ուզում են իրեն հարցնել, և նրանց ասաց. «Դրա՞ համար էիք միմյանց հարցնում, երբ ասացի. "Մի քիչ ևս, և ինձ չեք տեսնի, և դարձյալ մի քիչ, և ինձ կտեսնեք"։ 20Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք պիտի լաք ու ողբաք, իսկ աշխարհը պիտի ուրախանա. դուք պիտի տրտմեք, բայց ձեր տրտմությունն ուրախության պիտի վերածվի։ 21Երբ կինը ծննդաբերում է, տանջվում է, քանի որ նրա ժամը հասել է. բայց երբ երեխային ծնում է, ուրախության շնորհիվ նեղությունն այլևս չի հիշում, քանի որ աշխարհում մի մարդ էլ ծնվեց։ 22Դուք նույնպես այժմ նեղություն եք կրում, բայց ես դարձյալ պիտի տեսնեմ ձեզ, ու ձեր սիրտը պիտի ուրախանա, և ձեր ուրախությունը ոչ ոք ձեզանից չի խլելու։ 23Եվ այդ օրն ինձ ոչինչ չեք հարցնելու։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ինչ որ իմ անունով Հորից խնդրեք, կտա ձեզ։ 24Մինչև հիմա իմ անունով ոչինչ չեք խնդրել. խնդրե՛ք և պիտի ստանաք, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի։
Ես հաղթեցի աշխարհին
25Այս բաները ձեզ ասացի առակներով, բայց գալու է ժամանակ, երբ ձեզ հետ այլևս առակներով չեմ խոսելու, այլ Հոր մասին ձեզ հայտնապես եմ պատմելու։ 26Այդ օրն իմ անունով պիտի խնդրեք։ Եվ չեմ ասում, թե ե՛ս ձեզ համար պիտի խնդրեմ Հորը, 27որովհետև Հայրն ինքը սիրում է ձեզ, քանի որ դուք ինձ սիրել եք ու հավատացել, որ ես Աստծուց եմ ելել։ 28Ես ելա Հորից և եկա աշխարհ. դարձյալ թողնում եմ աշխարհը և գնում եմ Հոր մոտ»։
29Աշակերտները նրան ասացին. «Այժմ ահա բացահայտ ես խոսում և ոչ մի առակ չես ասում։ 30Հիմա հասկանում ենք, որ դու ամեն ինչ գիտես ու կարիք չունես, որ որևէ մեկը քեզ բան հարցնի։ Սրանով հավատում ենք, որ դու Աստծուց ես ելել»։ 31Հիսուսը նրանց պատասխանեց. «Հիմա հավատո՞ւմ եք։ 32Ահա ժամանակը գալիս է, և արդեն իսկ եկել է, երբ բոլորդ կցրվեք, յուրաքանչյուրը՝ իր տունը, և ինձ մենակ կթողնեք։ Բայց ես մենակ չեմ, որովհետև Հայրն ինձ հետ է։ 33Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին»։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy