YouVersion Logo
Search Icon

ՀՈՎՀԱՆՆԵՍ 13

13
Ոտնլվա
1Հիսուսը, Զատկի տոնից առաջ իմանալով, որ հասել է իր ժամը այս աշխարհից Հոր մոտ փոխադրվելու, մինչև վերջ ցույց տվեց իր սերը նրանց հանդեպ, ովքեր այս աշխարհում են։ 2Եվ ընթրիքին սատանան արդեն Սիմոնի որդի Հուդա Իսկարիովտացու սրտի մեջ դրել էր, որ Հիսուսին մատնի։ 3Հիսուսը գիտեր, որ Հայրն ամեն ինչ իր ձեռքն էր հանձնել, և որ ինքն Աստծուց էր ելել ու Աստծու մոտ էր գնում։ 4Նա ընթրիքի սեղանից վեր կացավ, զգեստը հանեց ու մի սրբիչ վերցնելով՝ մեջքին կապեց։ 5Ապա կոնքի մեջ ջուր լցրեց ու սկսեց աշակերտների ոտքերը լվանալ և մեջքին կապած սրբիչով սրբել։ 6Երբ Սիմոն Պետրոսին հասավ, նա ասաց Հիսուսին. «Տե՛ր, դո՞ւ ես իմ ոտքերը լվանում»։ 7Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Այն, ինչ ես անում եմ, դու հիմա չես հասկանա, բայց այն հետո կհասկանաս»։ 8Պետրոսը նրան ասաց. «Դու իմ ոտքերը երբեք չես լվանա»։ Հիսուսը նրան պատասխանեց. «Եթե քեզ չլվանամ, ինձ հետ բաժին չես ունենա»։ 9Սիմոն Պետրոսը նրան ասաց. «Տե՛ր, ոչ միայն ոտքերս, այլ ձեռքերս ու գլուխս և՛ս լվա»։ 10Հիսուսը նրան ասաց. «Ով լվացվել է, ամբողջովին մաքուր է և կարիք չունի ոչնչի, բացի ոտքերը լվանալուց. դուք էլ մաքուր եք, բայց ոչ բոլորդ»։ 11Քանի որ նա գիտեր իրեն մատնողին, դրա համար ասաց. «Ոչ բոլորդ եք մաքուր»։
12Երբ նրանց ոտքերը լվաց, հագավ իր զգեստը ու դարձյալ սեղան նստեց։ Եվ նրանց ասաց. «Գիտե՞ք՝ ի՛նչ արեցի ձեզ։ 13Դուք ինձ "Վարդապետ" և "Տեր" եք կոչում և ճիշտ եք ասում, որովհետև ե՛մ։ 14Արդ եթե ես՝ Տերս ու Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք նույնպես պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ։ 15Քանի որ ես ձեզ օրինակ ծառայեցի, որպեսզի ինչպես ես ձեզ արեցի, դուք էլ նույն կերպ անեք։ 16Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ծառան ավելի մեծ չէ, քան իր տերը, ոչ էլ ուղարկվածն է ավելի մեծ, քան իրեն ուղարկողը։ 17Եթե այս բաներն իմացաք, երանելի կլինեք, թե որ դրանք կատարեք։ 18Ձեր բոլորի համար չեմ ասում այդ. ես գիտեմ նրանց, որոնց ընտրել եմ։ Սակայն պետք է կատարվի գրվածը, որ ասում է. "Ով ինձ հետ հաց էր ուտում, իմ դեմ դարձավ" (Սաղ. 41.9). 19ես ձեզ այդ ասում եմ այժմվանից՝ մինչև դրա լինելը, որպեսզի երբ լինի, հավատաք, որ ես եմ։ 20Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով ընդունում է նրան, ում ես ուղարկում եմ, ինձ է ընդունում, իսկ ով ինձ է ընդունում, ընդունում է ինձ ուղարկողին»։
Հիսուսը խոսում է իր մատնության մասին
(Ղուկ. 22.21-23)
21Երբ Հիսուսն այս բաներն ասաց, հոգով խռովվեց, վկայեց ու ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մեկն ինձ մատնելու է»։ 22Աշակերտները տարակուսանքով միմյանց էին նայում, թե ո՛ւմ մասին է ասում։ 23Եվ աշակերտներից մեկը, որին Հիսուսը սիրում էր, նրա կողքին էր նստած։ 24Սիմոն Պետրոսը նրան նշան արեց, որ հարցնի, թե ո՛ւմ մասին է ասում։ 25Այդժամ նա հենվեց Հիսուսի կրծքին և նրան հարցրեց. «Տե՛ր, ո՞վ է նա»։ 26Հիսուսը պատասխանեց. «Նա է, ում համար հացը կթրջեմ ու կտամ նրան»։ Արդ նա հացը թրջեց ու տվեց Սիմոնի որդի Հուդա Իսկարիովտացուն։ 27Հացը վերցնելուց հետո սատանան մտավ նրա մեջ։ Հիսուսը նրան ասաց. «Ինչ որ անելու ես, արա՛գ արա»։ 28Եվ սեղան նստածներից ոչ ոք չհասկացավ, թե ինչի՛ համար այդ ասաց նրան։ 29Քանի որ Հուդան էր գանձանակը պահում, ոմանք կարծում էին, թե Հիսուսը նրան ասաց. «Գնի՛ր, ինչ որ այս տոնի համար մեզ հարկավոր է» կամ «Աղքատներին ինչ-որ բա՛ն տար»։ 30Իսկ նա, երբ հացը վերցրեց, իսկույն դուրս գնաց։ Գիշեր էր։
Նոր պատվիրանը
31Երբ նա գնաց, Հիսուսն ասաց. «Այժմ Մարդու Որդին պիտի փառավորվի, Աստված էլ նրանով պիտի փառավորվի։ 32Եթե Աստված նրանով փառավորվի, Աստված էլ նրան իրենով կփառավորի. և նրան իսկույն կփառավորի։ 33Որդյակնե՛րս, դեռ մի փոքր ժամանակ ևս ձեզ հետ եմ. ինձ կփնտրեք, և ինչպես հրեաներին ասացի՝ "Ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ", հիմա էլ ձեզ եմ ասում։ 34Ձեզ նոր պատվիրան եմ տալիս, որ սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի, նույնպես դո՛ւք միմյանց սիրեք։ 35Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք իմ աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք»։
Հիսուսը կանխասում է Պետրոսի ուրացումը
(Մտթ. 26.31-35, Մրկ. 14.27-31, Ղուկ. 22.31-34)
36Սիմոն Պետրոսը նրան ասաց. «Տե՛ր, ո՞ւր ես գնում»։ Հիսուսը նրան պատասխանեց. «Ուր ես գնում եմ, դու հիմա իմ հետևից չես կարող գալ, բայց հետո իմ հետևից կգաս»։ 37Պետրոսն ասաց նրան. «Տե՛ր, ինչո՞ւ չեմ կարող հիմա քո հետևից գալ. ես իմ կյանքը կտամ քեզ համար»։ 38Հիսուսը նրան պատասխանեց. «Ինձ համար կյա՞նքդ կտաս. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. աքաղաղը դեռ չկանչած՝ դու ինձ երեք անգամ կուրանաս»։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy