YouVersion Logo
Search Icon

ՀՈՎՀԱՆՆԵՍ 12

12
Օծում Բեթանիայում
(Մտթ. 26.6-13, Մրկ. 14.3-9)
1Զատկից վեց օր առաջ Հիսուսը եկավ Բեթանիա, որտեղ ապրում էր Ղազարոսը, և որին նա մեռելներից հարություն էր տվել։ 2Այնտեղ նրա համար ընթրիք պատրաստեցին։ Մարթան սպասարկում էր, իսկ Ղազարոսը նրա հետ սեղան նստածներից մեկն էր։ 3Արդ Մարիամը մեկ լիտր նարդոսի ազնիվ, թանկարժեք յուղ վերցրեց, օծեց Հիսուսի ոտքերը և իր մազերով սրբեց նրա ոտքերը։ Եվ տունը լցվեց յուղի բուրմունքով։ 4Հիսուսի աշակերտներից մեկը՝ Հուդա Իսկարիովտացին, որ նրան մատնելու էր, ասաց. 5«Ինչո՞ւ այդ յուղը երեք հարյուր դինարի#12.5 Արծաթադրամ։ չվաճառվեց ու աղքատներին չտրվեց»։ 6Բայց նա այդ ասաց, ոչ թե որովհետև աղքատների մասին էր հոգում, այլ որովհետև գող էր և ընդհանուր գանձանակը տնօրինողն էր, և ինչ որ այնտեղ դրվում էր, իրեն էր պահում։ 7Այդժամ Հիսուսն ասաց. «Թո՛ղ նրան. այն, ինչ նա անում է, իմ թաղման օրվա համար է։ 8Աղքատներին միշտ ունեք ձեզ հետ, բայց ինձ միշտ չեք ունենալու»։
9Երբ հրեաներից շատերն իմացան, որ Հիսուսն այնտեղ է, եկան տեսնելու ոչ միայն նրան, այլ նաև Ղազարոսին, որին մեռելներից հարություն էր տվել։ 10Իսկ քահանայապետները որոշեցին Ղազարոսին էլ սպանել, 11քանի որ նրա պատճառով հրեաներից շատերն էին գնում և Հիսուսին հավատում։
Հիսուսի մուտքը Երուսաղեմ
(Մտթ. 21.1-11, Մրկ. 11.1-11, Ղուկ. 19.28-40)
12Հաջորդ օրը, երբ Զատկի տոնին եկած ժողովրդի բազմությունը լսեց, որ Հիսուսը Երուսաղեմ է գալիս, 13արմավենու ճյուղեր վերցրեց և նրան ընդառաջ ելավ՝ աղաղակելով.
«Օվսաննա՜ (եբր. Սաղ. 118.25),
օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով (Սաղ. 118.26),
Իսրայելի թագավորը»։
14Հիսուսը մի ավանակ գտավ և վրան նստեց, ինչպես որ գրված է.
15 «Մի՛ վախեցիր, ո՛վ դուստր Սիոնի,
ահա քո թագավորը գալիս է՝
էշի քուռակի վրա նստած» (Զաք. 9.9)։
16Նրա աշակերտներն սկզբում այս չհասկացան. բայց երբ Հիսուսը փառավորվեց, այն ժամանակ հիշեցին, որ դա նրա մասին էր գրված, և նրանք դա Հիսուսի համար արեցին։ 17Եվ ժողովուրդը, որ նրա հետ էր, երբ Ղազարոսին գերեզմանից դուրս կանչեց ու նրան մեռելներից հարություն տվեց, պատմում էր այն, ինչ տեսել էր։ 18Եվ դրա համար էր ժողովուրդը նրան ընդառաջ ելել, քանի որ լսել էր նրա գործած այդ նշանի մասին։ 19Իսկ փարիսեցիները միմյանց ասում էին. «Տեսնո՞ւմ եք, որ ոչ մի օգուտ չունեք. ահավասիկ ողջ աշխարհը նրա հետևից է գնում»։
Փառավորում՝ մահվամբ
20Երուսաղեմ բարձրացածների մեջ կային որոշ հույներ, որոնք եկել էին տոնին՝ երկրպագություն անելու։ 21Նրանք եկան Փիլիպպոսի մոտ, որը Գալիլեայի Բեթսայիդա քաղաքից էր. խնդրում էին նրան և ասում. «Տե՛ր, ուզում ենք Հիսուսին տեսնել»։ 22Փիլիպպոսը եկավ և Անդրեասին ասաց, ապա Անդրեասն ու Փիլիպպոսն ասացին Հիսուսին։ 23Իսկ Հիսուսը նրանց ասաց. «Ժամը հասավ, որ Մարդու Որդին փառավորվի։ 24Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնի ու չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, շատ արդյունք կտա։ 25Ով սիրում է իր անձը, կորցնելու է այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, հավիտենական կյանքի համար է պահելու այն։ 26Եթե մեկը ծառայում է ինձ, թող գա իմ հետևից, և որտեղ ես եմ, իմ ծառան ևս այնտեղ կլինի։ Եթե մեկն ինձ ծառայի, նրան կպատվի Հայրը։
27Այժմ հոգիս խռովված է։ Ի՞նչ ասեմ. Հա՛յր, փրկի՛ր ինձ այս ժամից։ Բայց ես հենց դրա համար եմ եկել։ 28Հա՛յր, փառավորի՛ր քո անունը»։ Այդժամ երկնքից ձայն եկավ. «Փառավորեցի և դարձյալ կփառավորեմ»։ 29Ժողովուրդը, որ կանգնած էր ու լսում էր, ասում էր. «Որոտմունք եղավ»։ Ուրիշներն ասում էին. «Նրա հետ հրեշտակ խոսեց»։ 30Հիսուսը պատասխանեց ու ասաց. «Այս ձայնը ինձ համար չեղավ, այլ ձեզ համար։ 31Հիմա է այս աշխարհի դատաստանը, հիմա այս աշխարհի իշխանը դուրս է նետվելու։ 32Եվ երբ ես բարձրանամ երկրից, բոլորին ինձ մոտ եմ ձգելու»։ 33Եվ այս ասում էր, որպեսզի ցույց տար, թե ինչպիսի՛ մահով էր մեռնելու։ 34Արդ ժողովուրդը նրան պատասխանեց. «Մենք օրենքից լսել ենք, որ Քրիստոսը պիտի մնա հավիտյան, իսկ դու ինչպե՞ս ես ասում, որ Մարդու Որդին պետք է բարձրանա. ո՞վ է այդ Մարդու Որդին»։ 35Այդժամ Հիսուսը նրանց ասաց. «Մի փոքր ժամանակ դեռ լույսը ձեր մեջ է. քայլե՛ք, քանի դեռ լույսն ունեք, որպեսզի խավարը ձեզ չտիրի։ Ով քայլում է խավարում, նա չի իմանում, թե ո՛ւր է գնում։ 36Քանի դեռ լույսն ունեք, հավատացե՛ք լույսին, որպեսզի լույսի որդիներ լինեք»։
Հիսուսն այս ասաց ու գնաց, նրանցից թաքնվեց։
Հրեաների անհավատությունը
37Եվ չնայած նա այդքան նշաններ էր արել նրանց առաջ, նրանք չէին հավատում նրան, 38որպեսզի իրականանար Եսայի մարգարեի միջոցով ասված խոսքը.
«Տե՛ր, ո՞վ հավատաց մեր տված լուրին,
և Տիրոջ բազուկն ո՞ւմ հայտնվեց» (Ես. 53.1)։
39Եսային ասել է նաև, թե նրանք ինչու չեն կարողանում հավատալ.
40 «Նրանց աչքերը կուրացրեց
և նրանց սրտերը անզգայացրեց,
որ աչքերով չտեսնեն
ու սրտով չիմանան,
որ դարձի գան, և ե՛ս նրանց բուժեմ» (հմմտ. Ես. 6.10)։
41Եսային Հիսուսի մասին այս ասաց, երբ տեսնում էր նրա փառքը ու խոսում էր նրա մասին։ 42Այնուամենայնիվ, իշխանավորներից շատերը նույնպես նրան հավատացին, սակայն փարիսեցիների պատճառով չէին խոստովանում, որպեսզի ժողովարանից չարտաքսվեն. 43քանի որ մարդկային փառքը գերադասեցին աստվածայինից։
Աշխարհի լույսը
44Հիսուսն աղաղակում էր ու ասում. «Ով հավատում է ինձ, միայն ինձ չէ, որ հավատում է, այլ նաև նրան, ով ինձ ուղարկեց։ 45Եվ ով տեսնում է ինձ, տեսնում է նաև նրան, ով ինձ ուղարկեց։ 46Ես իբրև լույս եկա աշխարհ, որպեսզի ամեն ոք, ով ինձ հավատում է, խավարի մեջ չմնա։ 47Եվ եթե որևէ մեկն իմ խոսքերը լսի ու չպահի, ես նրան չեմ դատի, որովհետև ես չեկա աշխարհը դատելու, այլ փրկելու աշխարհը։ 48Ով ինձ անարգի ու իմ խոսքերը չընդունի, կա մեկը, որ նրան կդատի. այն խոսքը, որ ես խոսեցի, դա է դատելու նրան վերջին օրը։ 49Որովհետև ես ինքս ինձնից չեմ խոսել, այլ Հայրը, որ ինձ ուղարկեց, նա՛ է ինձ պատվիրել, թե ի՛նչ պետք է ասեմ և ի՛նչ պետք է խոսեմ։ 50Եվ գիտեմ, որ նրա պատվիրանը հավիտենական կյանք է։ Արդ, ինչ որ ես խոսում եմ, այնպես եմ խոսում, ինչպես Հայրն ինձ ասաց»։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy