YouVersion Logo
Search Icon

ՀՈՎՀԱՆՆԵՍ 11

11
Ղազարոսի հարությունը
1Ղազարոս անունով մի հիվանդ կար Բեթանիայից՝ Մարիամի ու նրա քույր Մարթայի գյուղից։ 2Այն Մարիամն էր, որ Տիրոջը յուղով օծեց և նրա ոտքերն իր մազերով սրբեց։ Նրա եղբայր Ղազարոսը հիվանդ էր։ 3Արդ նրա քույրերը Հիսուսին լուր ուղարկեցին ու ասացին. «Տե՛ր, քո սիրելի ընկերը հիվանդացել է»։ 4Երբ Հիսուսը լսեց, ասաց. «Այդ հիվանդությունը մահաբեր չէ, այլ Աստծու փառքը հայտնի դարձնելու համար է, որպեսզի Աստծու Որդին նրա միջոցով փառավորվի»։ 5Հիսուսը սիրում էր Մարթային, նրա քրոջն ու Ղազարոսին։ 6Եվ երբ լսեց, որ նա հիվանդ է, երկու օր մնաց այնտեղ, որտեղ հիվանդն էր։ 7Դրանից հետո աշակերտներին ասաց. «Եկե՛ք նորից Հուդա գնանք»։ 8Աշակերտները նրան ասացին. «Ռա՛բբի, հրեաները մինչև հիմա ուզում են քեզ քարկոծել, և դու դարձյալ այնտե՞ղ ես գնում»։ 9Հիսուսը պատասխանեց. «Չէ՞ որ ցերեկը տասներկու ժամ ունի։ Եթե մեկը ցերեկով է քայլում, չի սայթաքում, որովհետև այս աշխարհի լույսն է տեսնում։ 10Իսկ եթե մեկը գիշերով է քայլում, սայթաքում է, որովհետև նրա մեջ լույս չկա»։ 11Այս ասելուց հետո նրանց ասաց. «Մեր բարեկամը՝ Ղազարոսը, ննջել է, սակայն ես գնում եմ, որ նրան արթնացնեմ»։ 12Այդժամ նրա աշակերտներն ասացին. «Տե՛ր, եթե ննջել է, ապա կառողջանա»։ 13Բայց Հիսուսը խոսում էր նրա մահվան մասին, իսկ աշակերտները կարծում էին, թե սովորական քնի մասին է խոսում։ 14Այն ժամանակ Հիսուսը նրանց բացահայտ ասաց. «Ղազարոսը մահացել է։ 15Եվ ես ձեզ համար ուրախ եմ, որ հավատալու եք, քանի որ ես այնտեղ չէի, երբ նա մահացավ. սակայն եկե՛ք գնանք նրա մոտ»։ 16Այդժամ Թովմասը, որ «Երկվորյակ» էր կոչվում, աշակերտակիցներին ասաց. «Մե՛նք էլ գնանք նրա հետ մեռնելու»։
17Երբ Հիսուսը եկավ, նրան արդեն չորս օր գերեզմանի մեջ դրված գտավ։ 18Բեթանիան Երուսաղեմին շուրջ տասնհինգ ասպարեզ#11.18 Տասնհինգ ասպարեզը հավասար է երեք կիլոմետրի։ էր մոտ։ 19Եվ հրեաներից շատերն էին եկել Մարթայի ու Մարիամի մոտ՝ իրենց եղբոր համար նրանց մխիթարելու։ 20Արդ երբ Մարթան լսեց, որ Հիսուսը գալիս է, գնաց նրան ընդառաջ, իսկ Մարիամը տանը նստած էր։ 21Մարթան Հիսուսին ասաց. «Տե՛ր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մահանա։ 22Բայց հիմա էլ գիտեմ, որ Աստծուց ինչ էլ որ խնդրես, Աստված կտա քեզ»։ 23Հիսուսը նրան ասաց. «Քո եղբայրը հարություն կառնի»։ 24Մարթան նրան ասաց. «Գիտեմ, որ հարություն կառնի վերջին օրը՝ հարության ժամանակ»։
Հիսուսը՝ կյանք և հարություն
25Հիսուսը նրան ասաց. «Ես եմ հարությունը և կյանքը. ով հավատում է ինձ, թեկուզ և մեռնի, կապրի։ 26Եվ ամեն ոք, ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի։ Սրան հավատո՞ւմ ես»։ 27Մարթան նրան ասաց. «Այո՛, Տե՛ր, ես հավատացել եմ, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին, որ աշխարհ էիր գալու»։
28Եվ այս ասելուց հետո գնաց, իր քրոջը՝ Մարիամին, ծածուկ կանչեց ու ասաց. «Վարդապետը եկել է ու քեզ է կանչում»։ 29Հենց նա լսեց, արագ վեր կացավ ու Հիսուսի մոտ եկավ։ 30Հիսուսը դեռ գյուղ չէր հասել, այլ այնտեղ էր, որտեղ Մարթան դիմավորել էր նրան։ 31Արդ այն հրեաները, որ նրա հետ տանն էին ու մխիթարում էին նրան, երբ տեսան, որ Մարիամը շուտափույթ վեր կացավ գնաց, իրենք ևս հետևեցին նրան՝ կարծելով, թե գերեզման է գնում, որ այնտեղ լաց լինի։ 32Բայց երբ Մարիամը եկավ այնտեղ, որտեղ Հիսուսն էր, ու նրան տեսավ, նրա ոտքերն ընկավ ու ասաց. «Տե՛ր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մահանա»։ 33Երբ Հիսուսը տեսավ, որ նա և նրա հետ եկած հրեաները լաց են լինում, հոգով խռովվեց և հուզվեց։ 34Եվ Հիսուսն ասաց. «Որտե՞ղ դրեցիք նրան»։ Նրան ասացին. «Տե՛ր, արի՛ ու տե՛ս»։
Եվ Հիսուսն արտասվեց
35Հիսուսն արտասվեց։ 36Այդժամ հրեաներն ասում էին. «Տես ինչպե՜ս էր նրան սիրում»։ 37Նրանցից ոմանք ասում էին. «Նա, որ կույրի աչքերը բացեց, չէ՞ր կարող այնպես անել, որ Ղազարոսն էլ չմեռներ»։
38Արդ Հիսուսը, դարձյալ ինքն իր մեջ խռովվելով, գերեզման եկավ։ Դա մի քարայր էր՝ վրան մի քար դրված։ 39Հիսուսն ասաց. «Վերցրե՛ք այդ քարը»։ Մեռածի քույրը՝ Մարթան, նրան ասաց. «Տե՛ր, հիմա արդեն նեխած կլինի, որովհետև չորս օրվա է»։ 40Հիսուսը նրան ասաց. «Քեզ չասացի՞, որ եթե հավատաս, Աստծու փառքը կտեսնես»։ 41Եվ քարը բարձրացրին։ Հիսուսն աչքերը վեր բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, շնորհակալ եմ քեզ, որ ինձ լսեցիր։ 42Ես գիտեի, որ միշտ լսում ես ինձ. բայց դա ասացի շուրջս կանգնած ժողովրդի համար, որպեսզի հավատան, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր»։ 43Եվ երբ այս ասաց, բարձրաձայն աղաղակեց. «Ղազարո՛ս, դո՛ւրս եկ»։ 44Եվ մեռելը դուրս ելավ՝ ձեռքերն ու ոտքերը պատանով կապված և երեսը թաշկինակով պատված։ Հիսուսը նրանց ասաց. «Դրան արձակե՛ք ու թողե՛ք, որ քայլի»։
45Արդ հրեաներից շատերը, որ Մարիամի մոտ էին եկել, երբ տեսան, թե Հիսուսն ի՛նչ արեց, հավատացին նրան։ 46Բայց նրանցից ոմանք փարիսեցիների մոտ գնացին ու պատմեցին նրանց, ինչ որ Հիսուսն արեց։
Հրեաների դավադրությունը Հիսուսին սպանելու մասին
(Մտթ. 26.1-5, Մրկ. 14.1-2, Ղուկ. 22.1-2)
47Այդժամ քահանայապետներն ու փարիսեցիները ժողով գումարեցին ու ասացին. «Ի՞նչ անենք։ Այդ մարդը բազում նշաններ է կատարում։ 48Եթե նրան այդպես թողնենք, բոլորը նրան կհավատան, իսկ այդ ժամանակ հռոմեացիները կգան, կվերացնեն և՛ մեր տաճարը, և՛ մեր ազգը»։ 49Նրանցից մեկը՝ Կայիափան, որ այդ տարվա քահանայապետն էր, նրանց ասաց. «Դուք ոչինչ չեք հասկանում։ 50Եվ չեք էլ մտածում, որ մեզ համար լավ է, որ մեկ մարդ մեռնի ժողովրդի համար, քան ամբողջ ազգը կորչի»։ 51Բայց նա այդ իրենից չասաց, այլ որովհետև այդ տարվա քահանայապետն էր, մարգարեացավ, որ Հիսուսը պիտի մեռներ ազգի համար։ 52Եվ ոչ միայն ազգի համար, այլ որպեսզի միավորեր նաև Աստծու ցրված զավակներին։ 53Արդ այդ օրվանից որոշեցին նրան սպանել։
54Եվ Հիսուսը հրեաների մեջ համարձակ չէր շրջում, այլ այնտեղից գնաց անապատին մոտ մի քաղաք, որ Եփրաիմ էր կոչվում, և իր աշակերտների հետ այնտեղ էր մնում։
Զատիկը մոտ է
55Մոտենում էր հրեաների Զատիկը։ Այդ գավառից շատերը Զատկից առաջ Երուսաղեմ բարձրացան, որպեսզի իրենց ծիսական մաքրումը կատարեն։ 56Նրանք Հիսուսին էին փնտրում ու մինչ տաճարում կանգնած էին, միմյանց ասում էին. «Ի՞նչ եք կարծում, արդյոք այս տոնին չի՞ գա»։ 57Իսկ քահանայապետներն ու փարիսեցիները հրահանգել էին, որ եթե որևէ մեկն իմանա նրա տեղը, հայտնի իրենց, որպեսզի նրան բռնեն։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy