YouVersion Logo
Search Icon

ԵՍԱՅԻ 44

44
Միայն Տերն է Աստված
1«Իսկ հիմա ակա՛նջ դիր, ո՛վ իմ ծառա Հակոբ, և դու, ո՛վ Իսրայել, որին ես ընտրել եմ։ 2Այսպես է ասում Տերը՝ քեզ արարողը, դեռ արգանդից քեզ կազմողը, որ քեզ կօգնի. “Մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառա Հակոբ, և դու, ո՛վ Հեսուրուն,#44.2 Իսրայել։ որին ընտրել եմ, 3որովհետև ջուր պիտի թափեմ ծարաված հողի վրա և հեղեղներ՝ չորացած երկրի վրա. ես իմ հոգին պիտի թափեմ քո սերունդների վրա և իմ օրհնությունը՝ քո երանքից ծնվածների վրա։ 4Նրանք պիտի ծլարձակեն խոտերի պես, ինչպես ուռիները՝ ջրերի վտակների մոտ։ 5Այս մեկը պիտի ասի. "Ես Տիրոջն եմ", այն մեկը պիտի կոչվի Հակոբի անունով, իսկ մյուսը պիտի գրի իր ձեռքով. "Տիրոջն եմ պատկանում", և մականվանվի Իսրայելի անունով”։
6Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Թագավորն ու նրա Փրկիչը՝ Զորությունների Տերը. “Ես եմ առաջինը և ես եմ վերջինը, ինձնից բացի Աստված չկա։ 7Իմ հնադարյան ժողովրդին հաստատելուց ի վեր ո՞վ կա, որ ինձ նման ծանուցի և հայտարարի գալիք բաների մասին և ներկայացնի ինձ, ինչ որ կատարվելու է. թող իմացնեն մեզ։ 8Մի՛ սարսափեք և մի՛ երկնչեք. չէ՞ որ ես ձեզ վաղուց եմ հայտարարել և ասել այն. դուք եք իմ վկաները. մի՞թե ինձնից բացի ուրիշ Աստված կա. չկա վեմ. ես չգիտեմ”»։
Կռապաշտությունը հեգնվում է
9Բոլոր կուռք շինողները դատարկ են, և նրանց ցանկալի գործերն անօգուտ բաներ են. իրենց վկաները չեն տեսնում և չեն իմանում, որ ամաչելու են։ 10Ո՞վ է աստված կերտում կամ կուռք ձուլում, որոնք անօգուտ բաներ են։ 11Ահա նրա բոլոր հետևորդները կամաչեն, բոլոր արհեստավորները սոսկ մարդիկ են։ Թող ամենքը հավաքվեն ու կանգնեն. նրանք կսարսափեն ու միասին կամաչեն։ 12Երկաթագործն ածուխի վրա շինում է գործիքով, կռաններով ձևավորում է այն#44.12 Կուռքը։ և կոփում հուժկու բազուկով։ Երբ նա քաղց է զգում, ուժից ընկնում է, երբ ջուր չի խմում, նվաղում է։ 13Ատաղձագործը չափում է լարով, մատիտով ուրվագծում, դուրով հղկում է փայտը, գծագրում կարկինով, նրան տալիս է մարդու կերպարանք՝ մարդու ամբողջ շքեղությամբ, որպեսզի բնակվի կռատանը։ 14Իր համար մայրիներ է կտրում, վերցնում է թեղոշ ու կաղնի և իր համար աճեցնում անտառում կամ մի եղևնի է տնկում, և անձրևն աճեցնում է այն։ 15Դա մարդու համար վառելիք է լինում. նա վերցնում է դրանից և տաքանում, նաև կրակ է վառում և հաց թխում. նա դրանից աստված էլ է շինում և երկրպագում նրան. նա կուռք է շինում դրանից և պաշտում այն։ 16Դրա կեսը նա այրում է կրակով և այդ կեսի վրա միս եփում և ուտում, միս խորովում, կշտանում է, նաև տաքանում է և ասում. «Տեսնում եմ կրակը. ահա՜, տաքացա»։ 17Իսկ դրա մնացածով իր համար աստված է շինում իր կուռքը, երկրպագում է նրան, պաշտում այն, աղոթում նրան և ասում. «Ազատի՛ր ինձ, որովհետև դու ես իմ աստվածը»։ 18Նրանք չեն իմանում և չեն հասկանում, որովհետև ծեփված են նրանց աչքերը, որպեսզի չտեսնեն, և նրանց մտքերը, որպեսզի չիմանան։ 19Ոչ ոք չի մտածում, ոչ ոք գիտություն չունի, հասկացողություն չունի, որ ասի. «Դրա կեսը կրակով այրեցի, դրա կայծերի վրա հաց եփեցի, միս խորովեցի ու կերա, իսկ մնացած կեսով պիղծ կո՞ւռք շինեմ և փայտի կո՞ճը երկրպագեմ»։ 20Նա սնվում է մոխրով, խաբված միտքը մոլորեցրել է նրան, նա չի կարողանում իր անձը ազատել և չի ասում. «Ստություն չէ՞ իմ աջ ձեռքինը»։
Տերը, Արարիչը, Փրկիչը
21«Հիշի՛ր այս բաները, ո՛վ Հակոբ, դու, ո՛վ Իսրայել, որովհետև դու իմ ծառան ես, ես արարեցի քեզ, դու իմ ծառան ես, ո՛վ Իսրայել, դու ինձնից չես մոռացվի։ 22Ես ջնջել եմ քո հանցանքները ամպի նման և քո մեղքերը՝ մեգի նման. վերադարձի՛ր ինձ, որովհետև ես փրկել եմ քեզ»։
23Երգի՛ր, ո՛վ երկինք, քանզի Տերն է արել այդ։ Ցնծալով աղաղակե՛ք, ո՛վ երկրի խորքեր, բերկրանքով պոռթկացե՛ք, ո՛վ լեռներ, անտառնե՛ր և դրանց մեջ գտնվող բոլո՛ր ծառեր, որովհետև Տերը փրկել է Հակոբին, և նա փառավորված է Իսրայելում։
24Այսպես է ասում Տերը՝ քո Փրկիչը՝ դեռ արգանդից քեզ կազմողը. «Ես եմ Տերը, արարել եմ ամեն բան, ես միայնակ տարածել եմ երկինքը, ես ինքս ընդարձակել եմ երկիրը. 25ես եմ, որ փչացնում եմ ստախոսների#44.25 Կամ սուտ մարգարեների։ նշանները և ապուշացնում գուշակներին, ես եմ, որ հետ եմ դարձնում իմաստուններին և հիմարության վերածում նրանց գիտությունը. 26ես եմ հաստատում իմ ծառայի խոսքը և իրականացնում իմ պատգամաբերների խորհուրդը. ես եմ, որ ասում եմ Երուսաղեմին. “Բնակելի պիտի դառնաս”, և Հուդայի երկրի քաղաքներին. “Պիտի կառուցվեք”, և նրա ավերակներին. “Պիտի վերակառուցվեք”։ Ես պիտի վերականգնեմ նրա ավերակները։ 27Ես ասում եմ խորխորատին. “Չորացի՛ր, ես ցամաքեցնում եմ քո գետերը”։ 28Եվ ասում եմ Կյուրոսի մասին. “Իմ հովիվն է”, և նա պիտի կատարի իմ ամբողջ կամքը ու պիտի ասի Երուսաղեմի մասին՝ “Կվերաշինվի”, և տաճարին՝ “Կհիմնվե՛ս”»։

Currently Selected:

ԵՍԱՅԻ 44: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy