YouVersion Logo
Search Icon

ԵՍԱՅԻ 41

41
Աստծու՝ Իսրայելին տրված ապահովությունը
1Ո՛վ ծովեզրյա երկրներ, լռե՛ք իմ առջև, և թող ժողովուրդները նորոգեն իրենց ուժը. նրանք թող մոտ գան և խոսեն։ Մոտենանք միասին դատաստանի համար։ 2Արդարին#41.2 Այսինքն՝ Կյուրոս թագավորին։ ո՞վ արթնացրեց արևելքից և նրան կանչեց իրեն ծառայելու։ Նա իրեն է հանձնում ազգերին, տիրակալ կարգում թագավորների վրա։ Իր թրով նրանց վերածում է փոշու, և քշված մղեղի պես՝ նրա աղեղը։ 3Նա հալածում է նրանց, անվտանգ անցնում է մի ճանապարհով, որով նրա ոտքերը չէին անցել։ 4Ո՞վ արեց և կատարեց այս ամենը. նա, ով հենց սկզբից կանչեց ազգատոհմերին. ես՝ Տերը, որ առաջինն եմ և կլինեմ նաև վերջինների հետ։
5Ծովեզրերը տեսան և վախեցան, երկրի ծայրերը դողացին, նրանք իրար մոտեցան ու եկան։ 6Նրանցից ամեն մեկն օգնեց իր ընկերոջը և ասաց իր եղբորը՝ զորացի՛ր։ 7Քանդակողը քաջալերեց ոսկերչին, մուրճով հարթեցնողը՝ սալին խփողին՝ զոդվածքի մասին ասելով. «Լավ է», և այն ամրացնում է մեխերով, որ չշարժվի։
8Եվ դու՝ Իսրայե՛լ, ի՛մ ծառա, ո՛վ Հակոբ, որին ընտրել եմ, ո՛վ իմ սիրելիի՝ Աբրահամի սերունդ. 9քեզ, ում առա երկրի ծայրերից, նրա հեռավորագույն անկյուններից, քեզ կանչեցի և ասացի. «Դու իմ ծառան ես, ես քեզ ընտրել եմ և չեմ մերժել քեզ»։ 10Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ իմ արդար աջով։ 11Ահա քո դեմ բոլոր բորբոքվողները կամաչեն և ամոթահար կլինեն, քո դեմ պայքարող մարդիկ ոչնչի պես կլինեն ու կկորչեն։ 12Դու կփնտրես, բայց չես գտնի քո դեմ կռվող այդ մարդկանց. քեզ հետ պատերազմող մարդիկ ոչնչի կվերածվեն և ի չիք կդառնան, 13որովհետև ես՝ Տերը՝ քո Աստվածը, բռնում եմ քո աջ ձեռքը. ե՛ս եմ ասում քեզ. «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ»։ 14«Մի՛ վախեցիր, ո՛վ ճճի Հակոբ, դուք, ո՛վ Իսրայելի տղամարդիկ, ես ձեզ կօգնեմ,- ասում է Տերը, քեզ փրկողը՝ Իսրայելի Սուրբը։ 15Ահա ես քեզ կամնասայլ եմ դարձրել՝ նոր, սուր և ատամնավոր. լեռները ոտնահար կանես և կփշրես, բլուրները մղեղի կվերածես։ 16Դու դրանք պիտի կամնես, քամին կքշի կտանի դրանք, և փոթորիկը ցիրուցան կանի. բայց դու պիտի ցնծաս Տիրոջով և պարծենաս Իսրայելի Սրբով։
17Թշվառներն ու կարիքավորները ջուր են փնտրում, բայց ջուր չկա, նրանց լեզուն ցամաքել է ծարավից. ես՝ Տերը, պատասխան եմ տալու նրանց, ես՝ Իսրայելի Աստվածս, նրանց չեմ լքի։ 18Բլուրների մերկ գագաթներին գետեր պիտի բխեցնեմ և հովիտներում՝ աղբյուրներ. անապատը ջրավազանի պիտի վերածեմ և չոր երկիրը՝ ջրի աղբյուրների։ 19Անապատում մայրի կդնեմ, սատիմ, մրտենի յուղաբեր ծառ#41.19 Ձիթենի։ և անջրդի վայրում եղևնի, սոսի ու տոսախ կտնկեմ միասին, 20որպեսզի տեսնեն և իմանան, գիտենան ու միասին հասկանան, որ Տիրոջ ձեռքն արեց այս բաները, և Իսրայելի Սուրբը կատարեց#41.20 Այսինքն՝ ստեղծեց։ դրանք»։
Աստծու մարտահրավերը կուռքերին
21«Ներկայացրե՛ք ձեր դատը,- ասում է Տերը,- բերե՛ք ձեր փաստարկները,- ասում է Հակոբի Թագավորը»։ 22Թող բերեն և մեզ իմացնեն, թե ի՛նչ պիտի պատահի։ Ասացե՛ք, թե սկզբում ի՛նչ եղավ, որ ուշադիր լինենք և արդյունքն իմանանք, և կամ իմացրե՛ք մեզ ապագայում լինելիքների մասին։ 23Իմացրե՛ք մեզ գալիք բաները, և մենք էլ կգիտենանք, թե դուք աստվածներ եք։ Որևէ բարի կամ որևէ չար բա՛ն արեք, որպեսզի միասին վախենանք ու տեսնենք միասին։ 24Դուք ոչինչ եք, և ձեր գործն էլ ոչինչ է. գարշելի է նա, ով ձեզ է ընտրում։ 25Հյուսիսից արթնացրել եմ մեկին, և նա եկել է և արևելքից կկանչի իմ անունը. նա կուսակալներին պիտի կոխոտի ցեխի պես, այն բրուտի նման, որ կոխոտում է կավը։ 26Ո՞վ հայտարարեց սկզբից, որ իմանանք, և ավելի առաջ, որ ասենք՝ ճշմարիտ է. իմացնող չկա, հայտարարող չկա, ձեր խոսքերը լսող չկա։ 27Նախապես ես այդ ասացի Սիոնին. «Ահա, ահա նրանք», և Երուսաղեմին ավետաբեր ուղարկեցի։ 28Նայում եմ, ու մարդ չկա, նրանցից ոչ մեկը, խորհրդական չկա, որին հարցնեի, և պատասխաներ ինձ։ 29Ահա նրանք ամենքը ունայն են, նրանց գործերը փուչ են, նրանց ձուլածո կուռքերը քամի են, դատարկություն։

Currently Selected:

ԵՍԱՅԻ 41: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy