YouVersion Logo
Search Icon

Բ Թեսաղոնիկեցիներին 2

2
Չարը
1Եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան ու մեր՝ նրա մոտ հավաքվելու համար խնդրում ենք ձեզ, 2որ դուք ձեր մտքից շուտ չշեղվեք ու չսարսափեք ո՛չ հոգով, ո՛չ խոսքով, ո՛չ էլ որպես մեր կողմից գրված նամակով, իբրև թե Քրիստոսի օրը եկել հասել է։ 3Թող ոչ ոք ոչ մի կերպ ձեզ չխաբի, որովհետև Տիրոջ օրը չի գա, եթե նախ ապստամբությունը չգա, ու չհայտնվի անօրենության մարդը՝ կորստյան որդին, 4այն հակառակորդը, որ գոռոզացած է բոլորի նկատմամբ, որն աստված կամ պաշտամունքի առարկա է անվանվում. մինչև իսկ նա Աստծու տաճարում կնստի և ինքն իրեն ցույց կտա, թե Աստված է։ 5Չե՞ք հիշում, որ երբ դեռ ձեզ մոտ էի, այս բաներն ասում էի։ 6Եվ հիմա գիտեք, թե ինչն է նրան արգելում, որ իր ժամանակին հայտնվի։ 7Որովհետև անօրենության խորհուրդն արդեն զորանում է, բայց չպիտի կատարվի մինչև որ մեջտեղից վերցվի նա, ով այժմ արգելում է։ 8Եվ այդ ժամանակ կհայտնվի այն անօրենը, որին Տեր Հիսուսն իր բերանի շնչով կսպանի ու իր գալստյան հայտնությամբ կկործանի։ 9Նրա գալուստը սատանայի ներգործությունից է՝ ամեն տեսակ զորությամբ, նշաններով ու սուտ հրաշքներով 10և ամեն տեսակ անիրավ խաբեություններով նրանց համար, ովքեր կորստյան մեջ են՝ փոխանակ ընդունելու ճշմարտության սերը, որպեսզի փրկվեն։ 11Դրա համար էլ Աստված մոլորության ներգործություն է ուղարկում նրանց, որ ստին հավատան, 12որպեսզի դատապարտվեն բոլոր նրանք, ովքեր ճշմարտությանը չհավատացին, բայց անօրենության մեջ հաճույք ստացան։
Աստված ընտրեց, որ փրկվենք
13Իսկ մենք ամեն ժամ պարտավոր ենք Աստծուն գոհություն հայտնել ձեզ համար, Տիրոջից սիրվա՛ծ եղբայրներ, որովհետև Աստված փրկության համար սկզբից ձեզ ընտրեց Հոգու սրբացմամբ ու ճշմարտության հավատով, 14որի համար կանչեց ձեզ մեր Ավետարանով՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառքն ստանալու համար։ 15Արդ, եղբայրնե՛ր, հաստատո՛ւն մնացեք և պի՛նդ պահեք այն ավանդությունները, որ սովորել եք թե՛ խոսքով, թե՛ մեր նամակով։ 16Եվ ինքը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը, և մեր Աստվածն ու Հայրը, որ մեզ սիրեց ու հավիտենական մխիթարություն ու բարի հույս տվեց մեզ շնորհով, 17թող նա մխիթարի ձեր սրտերը և հաստատի ձեզ ամեն բարի գործի ու խոսքի մեջ։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy