YouVersion Logo
Search Icon

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1

1
Եղիան և Օքոզիա թագավորը
1Աքաաբի մեռնելուց հետո Մովաբն ապստամբեց Իսրայելի դեմ։
2Օքոզիան Սամարիայում վայր ընկավ իր վերնատան վանդակապատից և վիրավորվեց։ Նա պատգամավորներ ուղարկեց ու նրանց ասաց. «Գնացե՛ք և Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցրե՛ք, թե արդյոք կառողջանա՞մ այս վնասվածքից»։ 3Եվ Տիրոջ հրեշտակն ասաց թեզբացի Եղիային. «Վե՛ր կաց, գնա՛ Սամարիայի թագավորի պատգամավորներին դիմավորելու և ասա՛ նրանց. “Մի՞թե Իսրայելի մեջ Աստված չկա, որ գնում եք Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցնելու”։ 4Դրա համար էլ Տերն այսպես է ասում. “Քո անկողնուց, որի մեջ պառկած ես, չպիտի վայր իջնես, այլ անպատճառ պիտի մեռնես”». և Եղիան գնաց։
5Պատգամավորները վերադարձան թագավորի մոտ, և նա ասաց նրանց. «Այդ ինչո՞ւ ետ դարձաք»։ 6Եվ նրանք ասացին. «Մի մարդ դուրս եկավ մեր դիմաց և մեզ ասաց. “Գնացե՛ք, ե՛տ դարձեք ձեզ ուղարկող թագավորի մոտ և ասացե՛ք նրան. "Այսպես է ասում Տերը. "Մի՞թե Իսրայելում Աստված չկա, որ դու մարդ ես ուղարկում Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցնելու. դրա համար էլ քո անկողնուց, որի մեջ պառկած ես, չպիտի վայր իջնես, այլ անպատճառ պիտի մեռնես"”»։ 7Եվ նա ասաց նրանց. «Ինչպիսի՞ն էր այդ մարդը, որ ելավ ձեր դիմաց և ձեզ ասաց այդ խոսքերը»։ 8Նրանք էլ ասացին. «Նա մի մազե հագուստ էր հագել,#1.8 Եբր. մազոտ մարդ էր։ և կաշվե մի գոտի էր կապած մեջքին»։ Եվ նա ասաց. «Նա թեզբացի Եղիան է»։
9Թագավորը մի հիսնապետ ուղարկեց իր հիսուն մարդկանցով։ Երբ նա գնաց Եղիայի մոտ, Եղիան նստել էր սարի գլխին, և ասաց նրան. «Ո՛վ մարդ Աստծո, թագավորն ասում է՝ վա՛յր իջիր»։ 10Եղիան պատասխանեց և ասաց հիսնապետին. «Եթե ես Աստծու մարդ եմ, թող երկնքից կրակ իջնի և ուտի քեզ ու քո հիսուն մարդկանց»։ Երկնքից կրակ իջավ և լափեց նրան ու նրա հիսուն մարդկանց։
11Թագավորը դարձյալ մի ուրիշ հիսնապետ ուղարկեց իր հիսուն մարդկանցով. նա պատասխանեց ու ասաց Եղիային. «Ո՛վ մարդ Աստծո, թագավորն այսպես է ասում. “Շուտով վա՛յր իջիր”»։ 12Եղիան պատասխանեց և ասաց նրանց. «Եթե ես Աստծու մարդ եմ, թող երկնքից կրակ իջնի և ուտի քեզ ու քո հիսուն մարդկանց»։ Աստծու կրակն իջավ երկնքից և լափեց նրան ու նրա հիսուն մարդկանց։
13Բայց նա դարձյալ մի երրորդ հիսնապետ ուղարկեց իր հիսուն մարդկանցով. այդ երրորդ հիսնապետը վեր ելավ, գնաց ու ծնկի իջավ Եղիայի առաջ և աղաչեց նրան ու ասաց. «Ո՛վ մարդ Աստծո, թող իմ հոգին և այս հիսուն ծառաներիդ հոգիները պատվական համարվեն քո աչքին։ 14Ահա երկնքից կրակ իջավ և լափեց առաջին այն երկու հիսնապետներին և նրանց հիսուն մարդկանց. բայց հիմա թող իմ անձը պատվական համարվի քո աչքին»։
15Եվ Տիրոջ հրեշտակն ասաց Եղիային. «Վա՛յր իջիր նրա հետ, մի՛ վախեցիր նրանից»։ Նա վեր կացավ ու նրա հետ իջավ թագավորի մոտ։ 16Եվ ասաց նրան. «Տերն այսպես է ասում. “Որովհետև դու պատգամավորներ ուղարկեցիր Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցնելու, իբր թե Իսրայելում Աստված չկար, որ նրանից բան հարցնեիր, դրա համար էլ քո անկողնուց, որի մեջ պառկած ես, չպիտի վայր իջնես, այլ անպատճառ պիտի մեռնես”»։
17Եվ նա մեռավ Տիրոջ խոսքի համաձայն, որն ասել էր Եղիան։ Եվ որովհետև նա որդի չուներ, նրա փոխարեն թագավոր դարձավ իր եղբայրը՝ Հովրամը, Հոսափատի որդու՝ Հուդայի թագավոր Հովրամի երկրորդ տարում։ 18Օքոզիայի մնացած գործերի մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy