YouVersion Logo
Search Icon

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22

22
Միքիա մարգարեն զգուշացնում է Աքաաբին
(Բ Մն. 18.2-27)
1Երեք տարի ապրեցին, և պատերազմ չկար ասորիների և Իսրայելի միջև։ 2Եվ երրորդ տարում Հուդայի Հոսափատ թագավորն իջավ Իսրայելի թագավորի մոտ։ 3Եվ Իսրայելի թագավորն ասաց իր ծառաներին. «Գիտե՞ք, որ Ռամովթ-Գաղաադը մերն է, իսկ մենք անհոգ ենք այն ասորիների թագավորի ձեռքից վերցնելու համար»։ 4Եվ ասաց Հոսափատին. «Ինձ հետ պատերազմելու կգա՞ս Ռամովթ-Գաղաադի վրա»։ Եվ Հոսափատն ասաց Իսրայելի թագավորին. «Ինչպես դու, այնպես էլ ես, ինչպես քո բանակը, այնպես էլ իմ բանակը, ինչպես քո ձիերը, այնպես էլ իմ ձիերը»։
5Եվ Հոսափատն ասաց Իսրայելի թագավորին. «Խնդրում եմ, հիմա հարցրո՛ւ, թե ի՛նչ է ասում Տերը»։ 6Եվ Իսրայելի թագավորը հավաքեց մարգարեներին, որոնք մոտ չորս հարյուր հոգի էին, և ասաց նրանց. «Ռամովթ-Գաղաադի վրա գնա՞մ պատերազմելու, թե՞ չգնամ»։ Եվ նրանք ասացին. «Գնա՛, և Տերն այն թագավորի ձեռքը պիտի տա»։ 7Եվ Հոսափատն ասաց. «Այստեղ Տիրոջ էլ ուրիշ մարգարե չկա՞, որ նրանից էլ հարցնենք»։ 8Եվ Իսրայելի թագավորն ասաց Հոսափատին. «Մի մարդ էլ կա, որի միջոցով կարելի է հարցնել Տիրոջը, բայց ես ատում եմ նրան, որովհետև բարի բան չի մարգարեանում ինձ համար, այլ չար. Հեմլայի որդի Միքիան է»։ Եվ Հոսափատն ասաց. «Թող թագավորն այդպես չխոսի»։
9Իսրայելի թագավորը կանչեց իր պալատական ծառային և ասաց. «Շտապ բե՛ր Հեմլայի որդի Միքիային»։ 10Եվ Իսրայելի թագավորն ու Հուդայի Հոսափատ թագավորը, թագավորական զգեստներ հագած, նստել էին յուրաքանչյուրն իր գահին՝ Սամարիայի դռան առջևի կալում, և բոլոր մարգարեները մարգարեանում էին նրանց առաջ։ 11Եվ Քանանայի որդի Սեդեկիան երկաթե եղջյուրներ շինեց իր համար և ասաց. «Այսպես է ասում Տերը. “Սրանցով պիտի զարկես ասորիներին, մինչև որ բնաջնջես նրանց”»։ 12Եվ բոլոր մարգարեները մարգարեանում էին այդպես՝ ասելով. «Գնա՛ Ռամովթ-Գաղաադ, և կհաջողվի, և Տերն այն կտա թագավորի ձեռքը»։
13Եվ այն պատգամավորը, որ գնացել էր Միքիային կանչելու, նրան այսպես ասաց. «Ահա մարգարեները միաբերան նպաստավոր են խոսում թագավորի համար. թող քո խոսքն էլ նրանցից մեկի խոսքի պես լինի, և դո՛ւ էլ նպաստավոր խոսիր»։ 14Եվ Միքիան ասաց. «Կենդանի է Տերը. Տերը ինչ որ ասի ինձ, այն եմ խոսելու»։
15Եվ նա եկավ թագավորի մոտ, և թագավորն ասաց նրան. «Միքիա՛, Ռամովթ-Գաղաադ պատերազմի գնա՞նք, թե՞ չգնանք»։ Եվ նա ասաց. «Գնա՛, գործդ կհաջողվի, և Տերն այն կտա թագավորի ձեռքը»։ 16Եվ թագավորը նրան ասաց. «Քանի՞ անգամ երդվել տամ քեզ, որ Տիրոջ անունով ինձ միայն ճշմարտությունն ասես»։ 17Այդ ժամանակ նա ասաց. «Ես տեսա ամբողջ Իսրայելը, որ ցրված էր սարերի վրա, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեն. և Տերն ասաց. “Սրանք տերեր չունեն. թող ամեն մարդ խաղաղությամբ վերադառնա իր տուն”»։ 18Եվ Իսրայելի թագավորն ասաց Հոսափատին. «Քեզ չասացի՞, որ ինձ համար բարի բան չի մարգարեանա, այլ չար»։ 19Եվ Միքիան ասաց. «Ուրեմն լսի՛ր Տիրոջ խոսքը. ես տեսա՝ Տերը նստած էր իր գահին, և երկնքի բոլոր զորքերը կանգնած էին նրա առաջ՝ նրա աջ ու նրա ձախ կողմը։ 20Եվ Տերն ասաց. “Ո՞վ կխաբի Աքաաբին, որ պատերազմի ելնի Ռամովթ-Գաղաադի վրա և կորչի”։ Եվ մեկն այսպես, մյուսն այնպես էր ասում։ 21Եվ մի ոգի դուրս եկավ, կանգնեց Տիրոջ առաջ և ասաց. “Ես նրան կխաբեմ”։ Եվ Տերը նրան ասաց՝ ինչպե՞ս։ 22Նա էլ ասաց. “Ես դուրս կգնամ և նրա բոլոր մարգարեների բերանում կդառնամ սուտ ոգի”. և Տերն ասաց. “Դու կխաբես և կարող էլ ես. գնա՛ և այդպե՛ս արա”։ 23Արդ, Տերը սուտ ոգի է դրել այս բոլոր մարգարեների բերանում. Տերը չարիք է խոսել քեզ համար»։
24Այդ ժամանակ Քանանայի որդի Սեդեկիան մոտեցավ, ապտակեց Միքիայի ծնոտին և ասաց. «Ինչպե՞ս է Տիրոջ Հոգին հեռացել ինձնից՝ քեզ հետ խոսելու համար»։ 25Միքիան էլ ասաց նրան. «Ահա կտեսնես այն օրը, երբ սենյակից սենյակ կմտնես թաքնվելու համար»։
26Եվ Իսրայելի թագավորն ասաց. «Վերցրո՛ւ Միքիային, տա՛ր քաղաքագլուխ Ամոնի և թագավորի որդի Հովասի մոտ 27և ասա՛. “Այսպես է ասում թագավորը. "Սրան բա՛նտ նստեցրեք, կերակրե՛ք նրան մի կտոր հացով ու մի քիչ ջրով, մինչև որ ես խաղաղությամբ ետ գամ"”»։ 28Եվ Միքիան ասաց. «Եթե դու խաղաղությամբ ետ դարձար ու եկար, ուրեմն Տերն իմ միջոցով չի խոսել». ասաց նաև. «Լսե՛ք բոլորդ, ո՛վ ժողովուրդ»։
Աքաաբի մահը
(Բ Մն. 18.28-34)
29Եվ Իսրայելի թագավորն ու Հուդայի Հոսափատ թագավորը ելան գնացին Ռամովթ-Գաղաադ։ 30Եվ Իսրայելի թագավորն ասաց Հոսափատին. «Ես պետք է ծպտվեմ և հետո գնամ պատերազմ, բայց դու հագի՛ր քո հանդերձները». և Իսրայելի թագավորը ծպտվեց ու գնաց պատերազմ։ 31Եվ ասորիների թագավորը հրամայեց իր մարտակառքերի երեսուներկու պետերին՝ ասելով. «Մի՛ պատերազմեք ո՛չ փոքրի և ո՛չ էլ մեծի դեմ, այլ միայն Իսրայելի թագավորի դեմ»։ 32Եվ հենց որ մարտակառքերի պետերը տեսան Հոսափատին, ասացին. «Անշուշտ, նա է Իսրայելի թագավորը». և դարձան դեպի նա, որ պատերազմեն նրա դեմ, և Հոսափատն աղաղակեց։ 33Եվ երբ մարտակառքերի պետերը տեսան, որ նա Իսրայելի թագավորը չի, այդ ժամանակ ետ դարձան նրանից։ 34Բայց մի մարդ պատահաբար քաշեց իր աղեղը և զարկեց Իսրայելի թագավորին՝ նրա զրահի օղակների միջով. և թագավորն ասաց իր կառավարին. «Ե՛տ դարձիր և ինձ դո՛ւրս տար բանակից, որովհետև վիրավորվեցի»։ 35Եվ պատերազմը սաստկացավ այդ օրը, և թագավորը մնաց իր կառքի մեջ, ասորիների դեմ և իրիկունը մեռավ, և վերքից արյունը հոսում էր կառքի մեջ։ 36Եվ երբ արեգակը մայր էր մտնում, մունետիկը ման էր գալիս բանակի մեջ՝ ասելով. «Ամեն մարդ՝ իր քաղաքը և ամեն մարդ՝ իր երկիրը»։ 37Եվ թագավորը մեռավ ու բերվեց Սամարիա, և թագավորին թաղեցին Սամարիայում։ 38Եվ կառքը լվացին Սամարիայի ջրավազանի մոտ, և շները լակեցին նրա արյունը, և պոռնիկները լվացվեցին այնտեղ՝ Տիրոջ խոսքի համաձայն։
39Աքաաբի մնացած գործերի մասին և նրա բոլոր արածների, փղոսկրով շինած նրա տան, նրա շինած բոլոր քաղաքների մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։ 40Աքաաբը ննջեց իր հայրերի հետ, և նրա որդի Օքոզիան թագավորեց նրա փոխարեն։
Հուդայի Հոսափատ թագավորը
(Բ Մն. 20.31–21.1)
41Ասայի որդի Հոսափատը թագավոր դարձավ Հուդայի վրա Իսրայելի Աքաաբ թագավորի չորրորդ տարում։ 42Հոսափատը երեսունհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ և քսանհինգ տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մայրը Սաղիի դուստրն էր, անունը՝ Ազուբա։ 43Եվ նա գնաց իր հոր՝ Ասայի բոլոր ճանապարհներով, չխոտորվեց նրանից և արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առաջ։ 44Սակայն Բարձր տեղերը չվերացան. ժողովուրդը տակավին զոհ էր մատուցում և խունկ էր ծխում Բարձր տեղերում։ 45Եվ Հոսափատը խաղաղություն արեց Իսրայելի թագավորի հետ։
46Հոսափատի մնացած գործերի և նրա արած քաջության ու պատերազմի մասին ահա գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։ 47Եվ այն բոլոր իգացողներին, որ մնացել էին իր հայր Ասայի օրերից, նա բնաջնջեց երկրից։
48Այդ ժամանակ Եդովմում թագավոր չկար, մի փոխարքա էր։
49Հոսափատը Թարսիսի նավեր շինեց, որ գնան Ոփիր՝ ոսկու համար, բայց տեղ չհասան, որովհետև ջարդվեցին Գասիոն-Գաբերում։ 50Այդ ժամանակ Աքաաբի որդի Օքոզիան ասաց Հոսափատին. «Թող իմ ծառաները նավերով գնան քո ծառաների հետ». բայց Հոսափատը չհամաձայնվեց։ 51Հոսափատը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց իր հայրերի հետ իր հայր Դավթի քաղաքում. և նրա որդի Հովրամը թագավորեց նրա փոխարեն։
Իսրայելի Օքոզիա թագավորը
52Աքաաբի որդի Օքոզիան թագավոր դարձավ Իսրայելի վրա՝ Սամարիայում, Հուդայի թագավոր Հոսափատի տասնյոթերորդ տարում և երկու տարի թագավորեց Իսրայելի վրա։ 53Նա չարիք գործեց Տիրոջ առաջ և գնաց իր հոր ճանապարհով ու իր մոր ճանապարհով և Իսրայելին մեղանչել տված Նաբատի որդի Հերոբովամի ճանապարհով։ 54Եվ պաշտեց Բահաղին ու երկրպագություն արեց նրան և բարկացրեց Իսրայելի Տեր Աստծուն՝ ամբողջովին իր հոր արածին հետևելով։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy