YouVersion Logo
Search Icon

Բ Կորնթացիներին 9

9
Օգնություն եղբայրներին
1Ինձ համար ավելորդ է սրբերին մատուցվող օգնության մասին ձեզ գրել, 2քանի որ գիտեմ ձեր հոժարակամությունը, որով էլ մակեդոնացիների առջև պարծենում եմ ձեզանով. «Աքայացիներն անցյալ տարվանից պատրաստ են»։ Ձեր եռանդը շատերի համար խթան եղավ։ 3Եվ եղբայրներին էլ ուղարկեցի, որպեսզի մեր՝ այս հարցում ձեզանով պարծենալն իզուր չլինի, այլ ինչպես ասում էի, պատրաստ լինեք, 4որպեսզի չլինի թե երբ մակեդոնացիներն ինձ հետ գան ու ձեզ անպատրաստ գտնեն, մենք (չասենք՝ դուք) ամոթով մնանք այս գործում ձեր հանդեպ ունեցած պարծանքի համար։ 5Արդ անհրաժեշտ համարեցի եղբայրներին աղաչել, որ առաջ ձեզ մոտ գան և նախապատրաստեն ձեր՝ նախապես խոստացած նվերները, որպեսզի նվերը պատրաստ լինի որպես առատաձեռնություն և ոչ թե որպես ժլատություն։
6Որովհետև ով խնայողաբար է սերմանում, խնայողաբար էլ կհնձի, իսկ ով առատությամբ է սերմանում, առատությամբ էլ կհնձի։ 7Ամեն մեկը թող ըստ իր սրտի հոժարության տա և ոչ թե տրտմությամբ կամ հարկադրաբար, որովհետև Աստված սիրում է հոժարությամբ տվողին։ 8Բայց Աստված կարող է ամեն շնորհ առատացնել ձեր մեջ, որպեսզի դուք ամեն բանում միշտ լիովին ինքնաբավ լինելով՝ ամեն բարի գործի համար առատանաք, 9ինչպես որ գրված է.
«Բաժանեց և աղքատներին տվեց։
Նրա արդարությունը մնում է հավիտյան» (Սաղ. 112.9)։
10Բայց նա, ով սերմ ցանողին սերմ է պարգևում և ուտելու հաց, նա ձեզ սերմերն էլ կպարգևի ու կբազմացնի և ձեր արդարության պտուղը կաճեցնի։ 11Ամեն ինչում ամեն տեսակ առատությամբ հարստանալով՝ մեր միջոցով այն որպես հանգանակություն կբաժանեք, որն էլ կհանդիսանա որպես Աստծուն մատուցվող գոհություն. 12որովհետև այս բարեգործության ծառայությունը ոչ միայն սրբերի կարիքներն է բավարարում, այլև Աստծու հանդեպ շատերի գոհությունն է շատացնում։ 13Այս ծառայության փորձով փառավորում են Աստծուն՝ Քրիստոսի Ավետարանը խոստովանելու և ձեր հնազանդության համար, նաև այն առատ մասնակցության համար, որ բաժին եք հանում նրանց ու բոլորին։ 14Եվ ձեզ համար աղոթելով Աստծուն՝ փափագում են ձեզ տեսնել այն առատ շնորհների համար, որ ձեր մեջ են։ 15Եվ շնորհակալությո՜ւն Աստծուն նրա անպատմելի պարգևի համար։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy