YouVersion Logo
Search Icon

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 1

1
1Դավթի որդի Սողոմոնը հզորացավ իր թագավորության մեջ. նրա Տեր Աստվածը նրա հետ էր և նրան շատ բարձրացրեց։
Սողոմոն թագավորը իմաստություն է խնդրում
(Գ Թագ. 3.1-15)
2Սողոմոնը խոսեց բոլոր իսրայելացիների՝ հազարապետների, հարյուրապետների, դատավորների և ամբողջ Իսրայելի բոլոր տոհմապետների հետ։ 3Սողոմոնը և նրա հետ հավաքված ամբողջ ժողովուրդը գնացին Գաբավոնի բարձր տեղը, որովհետև այնտեղ էր Աստծու ժողովի վրանը, որ Տիրոջ ծառա Մովսեսը շինել էր անապատում։ 4Միայն թե Դավիթն Աստծու տապանակը Կարիաթարիմից վեր էր տարել դրա համար իր պատրաստած տեղը, որովհետև Երուսաղեմում Դավիթը մի վրան էր կանգնեցրել դրա համար։ 5Իսկ պղնձե զոհասեղանը, որ շինել էր Ովրի որդու Ուրիի որդի Բեսելիելը, գտնվում էր այնտեղ՝ Տիրոջ խորանի առջև։ Սողոմոնն ու հավաքված ամբողջ ժողովուրդը այցելեցին նրան։ 6Սողոմոնը բարձրացավ այնտեղ՝ Տիրոջ առաջ, և ժողովի վրանում գտնվող պղնձե զոհասեղանի վրա հազար ողջակեզ մատուցեց։
7Այդ գիշեր Աստված երևաց Սողոմոնին և ասաց նրան. «Խնդրի՛ր, ի՞նչ տամ քեզ»։ 8Սողոմոնն ասաց Աստծուն. «Դու մեծ ողորմություն արեցիր իմ հորը՝ Դավթին, և ինձ թագավոր դարձրիր նրա տեղը։ 9Արդ, ո՛վ Տեր Աստված, թող հաստատ մնա իմ հորը տված քո խոստումը, որովհետև դու ինձ թագավոր արեցիր երկրի փոշու չափ շատ մի ժողովրդի վրա։ 10Ուրեմն ինձ իմաստություն և գիտությո՛ւն տուր, որ այս ժողովրդին առաջնորդեմ, որովհետև ո՞վ կկարողանա կառավարել քո այս մեծ ժողովրդին»։ 11Աստված ասաց Սողոմոնին. «Քանի որ դա է քո սրտում եղածը, և դու չխնդրեցիր հարստություն, ստացվածք, փառք, ո՛չ քո թշնամիների կյանքը և ո՛չ էլ երկար օրեր, այլ քեզ համար խնդրեցիր իմաստություն և գիտություն, որպեսզի կառավարես իմ ժողովրդին, որի վրա ես քեզ թագավոր արեցի, 12քեզ տրվում է իմաստություն և գիտություն. բայց քեզ պիտի տամ նաև հարստություն, ստացվածք և պատիվ, որպիսին քեզանից առաջ եղած թագավորները չեն ունեցել, և քեզանից հետո եկողներն էլ չեն ունենա»։ 13Սողոմոնը Գաբավոնի բարձր տեղից՝ ժողովի վրանի առջևից, վերադարձավ Երուսաղեմ և թագավորեց Իսրայելի վրա։
Սողոմոնի զորությունն ու հարստությունը
(Գ Թագ. 10.26-29)
14Սողոմոնը հավաքեց մարտակառքեր ու ձիավորներ։ Նա ունեցավ հազար չորս հարյուր մարտակառք և տասներկու հազար ձիավոր։ Նա դրանք դրեց մարտակառքերի քաղաքներում ու Երուսաղեմում՝ թագավորի մոտ։ 15Թագավորը արծաթն ու ոսկին Երուսաղեմում հասարակ քարերի պես դարձրեց, իսկ եղևնափայտն այնքան առատ, որքան դաշտում աճող մոլաթզենիները։ 16Սողոմոնի ձիերը բերվում էին Եգիպտոսից, և թագավորի վաճառականների քարավանը գնում և դրանք բերում էր երամակով՝ ծախու առած։ 17Եգիպտոսից մեկ մարտակառքը դուրս էին հանում վեց հարյուր արծաթով, իսկ ձին՝ հարյուր հիսուն արծաթով։ Այսպես նրանց միջոցով դրանք դուրս էին բերվում նաև քետացիների բոլոր թագավորների և ասորիների բոլոր թագավորների համար։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy