YouVersion Logo
Search Icon

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 2

2
Տաճարի շինարարության պատրաստությունը
(Գ Թագ. 5.1-18)
1Սողոմոնը հրամայեց, որ մի տուն կառուցեն Տիրոջ անվան համար և մի թագավորական տուն՝ իր համար։ 2Սողոմոնը հավաքեց յոթանասուն հազար բեռնակիր, լեռներում քար կտրող ութսուն հազար մարդ և նրանց վրա վերակացուներ՝ երեք հազար վեց հարյուր հոգի։
3Սողոմոնը մարդ ուղարկեց Տյուրոսի թագավոր Քիրամի մոտ՝ ասելով. «Արա՛ ինձ համար, ինչպես որ արեցիր իմ հայր Դավթի համար, որին եղևնափայտ ուղարկեցիր, որպեսզի իր համար մի տուն կառուցի բնակության համար։ 4Ահա ես իմ Տեր Աստծու անվան համար մի տուն եմ կառուցում, որ նվիրաբերեմ նրան, նրա առաջ անուշահոտ խունկ ծխելու, միշտ առաջավորության հաց դնելու համար և առավոտ ու երեկո, շաբաթ օրերին, ամսագլուխներին և մեր Տեր Աստծու տոներին ողջակեզներ մատուցելու նրան. սա Իսրայելի վրա դրված հավիտենական պարտավորություն է։ 5Այն տունը, որ ես կառուցելու եմ, մեծ է լինելու, որովհետև մեծ է մեր Աստվածը բոլոր աստվածներից։ 6Եվ ո՞վ կարող է նրա համար տուն կառուցել, քանզի երկինքն ու երկինքների երկինքը չեն կարող պարփակել նրան։ Ո՞վ եմ ես, որ նրա համար տուն կառուցեմ, այլ միայն խունկ ծխելու մի տեղ կշինեմ նրա առաջ։ 7Արդ, ինձ համար մի ճարտար մա՛րդ ուղարկիր, որ կարողանա գործեր անել ոսկով, արծաթով, պղնձով, երկաթով և ծիրանագույն, կարմիր, կապուտակ գործվածքներով, որ իմանա քանդակներ անել այն վարպետների հետ, որոնք ինձ մոտ են՝ Հուդայի երկրում և Երուսաղեմում, որոնց իմ հայրը՝ Դավիթն է պատրաստել։ 8Ինձ համար Լիբանանից ուղարկի՛ր նաև եղևնափայտ, մայրու փայտ և ալմուգ փայտեր, որովհետև ես գիտեմ, որ քո ծառաները լավ գիտեն Լիբանանի փայտերը կտրել։ Ահա իմ ծառաները թող քո ծառաների հետ աշխատեն։ 9Ինձ համար թող շատ փայտ պատրաստեն, որովհետև այն տունը, որ ես կառուցելու եմ, մեծ և շքեղ պիտի լինի։ 10Փայտ կտրող քո այդ գործավորներին, քո ծառաներին կտամ քսան հազար քոռ ծեծած ցորեն, քսան հազար քոռ գարի, քսան հազար մար գինի և քսան հազար մար ձեթ»։
11Տյուրոսի թագավոր Քիրամը պատասխանեց նամակով և այն ուղարկեց Սողոմոնին. «Տերն իր ժողովրդին սիրելով քեզ թագավոր է կարգել նրանց վրա»։ 12Ապա Քիրամն ասաց. «Օրհնյալ է Իսրայելի Տեր Աստվածը, որ ստեղծել է երկինքն ու երկիրը, որ Դավիթ թագավորին տվել է իմաստուն մի որդի՝ օժտված ուշիմությամբ և խելամտությամբ, որը պիտի մի տուն կառուցի Տիրոջ համար և մի թագավորական պալատ՝ իր համար։ 13Արդ, քեզ մոտ եմ ուղարկում ճարտար և խելացի մի մարդու՝ Քիրամ-Աբիին։ 14Նա Դանի դուստրերից մի կնոջ որդին է, և նրա հայրը մի տյուրացի է, որ գիտեր գործեր անել ոսկով, արծաթով, պղնձով, երկաթով, քարերով, փայտերով և ծիրանագույն, կապուտակ, կարմիր գործվածքներով ու բեհեզով, ամեն տեսակ քանդակներ անել, քո վարպետների և քո հայր Դավթի՝ իմ տիրոջ վարպետների հետ մշակել ամեն ծրագիր, որ կհանձնարարվի իրեն։ 15Եվ հիմա այն ցորենը, գարին, յուղն ու գինին, որոնց մասին խոսել է իմ տերը, թող ուղարկի իր ծառաներին։ 16Իսկ մենք Լիբանանից կկտրենք քեզ պետք եղած բոլոր փայտերը և ծովի վրայով դրանք լաստերով կբերենք Հոպպե՝ քեզ մոտ, իսկ դու դրանք կբարձրացնես Երուսաղեմ»։
Տաճարի շինարարությունը սկսվում է
(Գ Թագ. 6.1-38)
17Սողոմոնը հաշվեց Իսրայելի երկրում գտնվող բոլոր օտարազգի մարդկանց իր հայր Դավթի հաշվելուց հետո, և նրանք հարյուր հիսուներեք հազար վեց հարյուր հոգի էին։ 18Նրանցից յոթանասուն հազարին նշանակեց որպես բեռնակիրներ, ութսուն հազարին՝ լեռներում քար կտրողներ և երեք հազար վեց հարյուրին՝ որպես վերակացուներ, որպեսզի աշխատեցնեն ժողովրդին։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy