YouVersion Logo
Search Icon

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 30

30
Պատերազմ ամաղեկացիների դեմ
1Երբ Դավիթն ու իր մարդիկ երրորդ օրը մտան Սիկելակ, ամաղեկացիները հարձակվել էին հարավային երկրի և Սիկելակի վրա, Սիկելակը գրավելով՝ այրել այն։ 2Այնտեղի կանանց՝ փոքրից մինչև մեծը, գերի էին վերցրել. ոչ մի մարդ չէին սպանել, այլ տարել էին իրենց հետ և գնացել իրենց ճանապարհով։ 3Երբ Դավիթն ու իր մարդիկ քաղաք հասան, այն կրակով այրված էր, և իրենց կանայք, տղաներն ու աղջիկները գերի էին տարված։ 4Ուստի Դավիթն ու իր հետ եղած բանակը բարձրացրին իրենց ձայնը և լաց եղան, մինչև որ նրանց վրա լալու ուժ չմնաց։ 5Դավթի երկու կանայք՝ հեզրայելացի Աքինոամը և կարմելացի Նաբաղի կինը՝ Աբիգեան էլ էին գերի տարվել։ 6Եվ Դավիթը մեծ տագնապի մեջ էր, որովհետև բանակն ուզում էր նրան քարկոծել, քանի որ ամբողջ բանակից ամեն մեկի սիրտը կսկծում էր իր տղաների և աղջիկների համար. սակայն Դավիթը զորացավ իր Տեր Աստծով։ 7Եվ Դավիթը Աքիմելեքի որդի Աբիաթար քահանային ասաց. «Եփուդը մոտեցրո՛ւ ինձ». և Աբիաթարը եփուդը մոտեցրեց Դավթին։ 8Եվ Դավիթը Տիրոջը հարցրեց ու ասաց. «Հետապնդե՞մ արդյոք այդ գնդին, կհասնե՞մ նրանց»։ Եվ Տերը նրան ասաց. «Հետապնդի՛ր և անպայման կհասնես ու կազատես բոլորին»։
9Եվ ինքը Դավիթն ու իր հետ եղած վեց հարյուր մարդիկ գնացին, եկան մինչև Բոսորի հեղեղատը, և ետ մնացողները կանգ առան։ 10Եվ Դավիթը չորս հարյուր մարդկանցով հետապնդեց թշնամուն. (սակայն երկու հարյուր մարդ էլ, որ շատ հոգնած էին, չէին անցել Բոսորի հեղեղատը, մնացել էին այս կողմը)։ 11Նրանք էլ դաշտում եգիպտացի մի մարդ գտան և նրան բերին Դավթի մոտ, նրան հաց տվին, ու նա կերավ, և ջուր խմեցրին նրան։ 12Նրան մի քիչ չոր թուզ և երկու ողկույզ չամիչ տվեցին, որ կերավ, և ուժը տեղը եկավ, որովհետև երեք օր ու երեք գիշեր ո՛չ հաց էր կերել և ո՛չ էլ ջուր խմել։ 13Եվ Դավիթը նրան ասաց. «Դու ո՞ւմ մարդն ես և որտեղի՞ց ես»։ Եվ նա ասաց. «Ես մի եգիպտացի պատանի եմ, ամաղեկացի մարդու ծառա. իմ տերը լքեց ինձ, որովհետև երեք օր է, որ հիվանդ եմ։ 14Մենք հարձակվեցինք Քերեթի հարավային կողմի՝ Հուդայի կողմերի և Քաղեբի հարավային կողմերի վրա և Սիկելակը կրակով այրեցինք»։ 15Եվ Դավիթը նրան ասաց. «Ինձ կտանե՞ս այդ գնդի մոտ»։ Եվ նա ասաց. «Դու ինձ երդվի՛ր Աստծու անունով, որ ինձ չես սպանի և ինձ չես տա իմ տիրոջ ձեռքը, ես էլ քեզ կտանեմ այդ գնդի մոտ»։
16Պատանին նրան տարավ, և ահա նրանք ամբողջ գետնի վրա ցրված էին. ուտում ու խմում էին և խրախճանք էին անում փղշտացիների երկրից և Հուդայի երկրից իրենց վերցրած այն մեծ ավարի համար։ 17Եվ Դավիթը արշալույսից մինչև հաջորդ օրվա իրիկուն ջարդեց նրանց, և նրանցից ոչ ոք չազատվեց, բացի միայն չորս հարյուր երիտասարդներից, որոնք հեծնեցին ուղտերին ու փախան։ 18Եվ Դավիթն ազատեց ամենը, որ վերցրել էին ամաղեկացիները. Դավիթն իր երկու կանանց էլ ազատեց։ 19Եվ իրենց ոչ մի բանը չէր պակասել՝ փոքրից մինչև մեծը, թե՛ տղա, թե՛ աղջիկ և թե՛ ավար, ինչ որ նրանք առել ու տարել էին, Դավիթը բոլորն էլ ետ բերեց։ 20Եվ Դավիթը վերցրեց բոլոր ոչխարներն ու արջառները. դրանք տանում էին իրենց հոտերի առջևից ու ասում. «Սա Դավթի ավարն է»։
21Դավիթը եկավ այն երկու հարյուր մարդկանց մոտ, որոնք շատ հոգնած էին և չէին կարողացել գնալ Դավթի ետևից, և նա նրանց թողել էր Բոսորի հեղեղատի մոտ. և նրանք դուրս եկան Դավթին ու նրա հետ եղած ժողովրդին դիմավորելու. և երբ Դավիթը մոտեցավ այդ ժողովրդին, նրանց ողջությունը հարցրեց։ 22Դավթի հետ պատերազմ գնացող մարդկանցից բոլոր չար ու անպետք մարդիկ ասացին. «Քանի որ սրանք մեզ հետ չգնացին, մենք էլ մեր ազատած ավարից չենք տա իրենց, միայն ամեն մարդ թող իր կնոջն ու որդիներին վերցնի ու գնա»։ 23Բայց Դավիթն ասաց. «Իմ եղբայրնե՛ր, այդպես մի՛ արեք, քանզի Տերը մեզ այս տվեց, և ինքը մեզ պահեց ու մեզ վրա հարձակվող գնդին մատնեց մեր ձեռքը։ 24Եվ այս հարցում ո՞վ կլսի ձեզ։ Կահ-կարասիների մոտ նստողների բաժինը պետք է հավասար լինի պատերազմ գնացածների բաժնին. հավասարապես պիտի բաժանեն»։ 25Եվ այդ օրվանից ի վեր այսպես է Իսրայելում. նա կանոն և օրենք դրեց այս մինչև այսօր։
26Դավիթը եկավ Սիկելակ և այդ ավարից ուղարկեց Հուդայի ծերերին՝ իր բարեկամներին՝ ասելով. «Ահա ձեզ համար Տիրոջ թշնամիների ավարից մեկ ընծա»։ 27Այսինքն՝ նրանց, ովքեր Բեթելում էին և հարավային Ռամովթում էին, Հաթիրում էին 28և Արոերում էին, Սեփամովթում էին և Եսթեմովում էին, 29Րաքալում էին և երամելացիների քաղաքներում էին, կենեցիների քաղաքներում էին 30և Հորմայում էին, Քովրասանում էին և Աթաքում էին, 31Քեբրոնում էին և բոլոր այն վայրերում էին, ուր Դավիթը եղել էր իր մարդկանց հետ։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy