ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 7
7
1Հերոբոաղը, այսինքն՝ Գեդեոնը, և նրա հետ եղած ամբողջ զորքը կանուխ վեր կացան և բանակեցին Արեդի աղբյուրի մոտ, իսկ Մադիամի և Ամաղեկի բանակը նրանց հյուսիսային կողմում՝ Գաբաաթամում էր, հովտի մեջ։ 2Տերն ասաց Գեդեոնին. «Քեզ հետ եղող զորքը շատ է, չեմ ուզում մադիանացիներին նրանց ձեռքը մատնել, որ չլինի թե Իսրայելն իմ առաջ պարծենա և ասի՝ “Իմ ձեռքը փրկեց ինձ”»։ 3Տերը նրան ասաց. «Խոսի՛ր ի լուր ժողովրդի և ասա՛. “Ով վախկոտ է, թող հետ դառնա”»։ Եվ գնացին Գաղաադ սարից. զորքից քսաներկու հազար հոգի հետ դարձան, և մնացին տասը հազար։ 4Տերն ասաց Գեդեոնին. «Զորքը տակավին շատ է, իջեցրո՛ւ նրանց ջրի մոտ, այնտեղ նրանց փորձության կենթարկեմ քեզ համար. ում մասին քեզ ասեմ՝ “Դա թող գնա քեզ հետ”, նա՛ թող գնա քեզ հետ, իսկ ում մասին ասեմ՝ “Դա թող չգնա քեզ հետ”, նա թող չգնա քեզ հետ»։ 5Նա զորքն իջեցրեց ջրի մոտ, և Տերը Գեդեոնին ասաց. «Ովքեր շան նման լեզվով խմեն այդ ջրից, նրանց առանձին կկանգնեցնես, իսկ ովքեր խմելու համար իրենց ծնկների վրա կռանան, նրանց էլ առանձին կկանգնեցնես»։ 6Ովքեր ձեռքով ու լեզվով խմեցին, նրանց բոլորի թիվը եղավ երեք հարյուր մարդ. մնացած ժողովուրդը ջուր խմելու համար կռացավ ծնկների վրա։ 7Տերն ասաց Գեդեոնին. «Այն երեք հարյուր մարդկանցով, որոնք լափեցին ջուրը, ձեզ կփրկեմ և մադիանացիներին քո ձեռքը կմատնեմ, իսկ այն ամբողջ ժողովուրդը թող գնա ամեն մեկն իր տեղը»։ 8Եվ նրանք ժողովրդի պաշարն ու նրանց եղջերափողերն իրենց ձեռքն առան, և Գեդեոնն Իսրայելի բոլոր մարդկանց իրենց բնակության տեղն արձակեց և միայն այն երեք հարյուր մարդկանց պահեց։ Մադիամի բանակը նրանից ներքև՝ հովտում էր։
9Այդ գիշեր Տերը նրան ասաց. «Շտապ վե՛ր կաց և այստեղից իջի՛ր թշնամու բանակատեղի, որովհետև նրան քո ձեռքը մատնեցի. 10իսկ եթե վախենում ես իջնել, իջի՛ր քո ծառա Փարայի հետ։ 11Կլսես, թե ինչ են խոսում, և այն ժամանակ կզորանան քո ձեռքերը, և կհարձակվես նրանց վրա»։ Եվ նա իր ծառայի հետ իջավ մինչև թշնամու բանակի առաջապահ զորքը, որը կազմված էր հիսուն հոգուց։ 12Մադիանացիները, ամաղեկացիները և արևելքի մյուս որդիները բանակ էին դրել ծործորների մեջ՝ մորեխների պես մեծ բազմությամբ։ Նրանց ուղտերին թիվ չկար, նրանք շատ էին, ինչպես ծովափի ավազը։ 13Գեդեոնը բանակատեղի մտավ և լսեց, որ մի մարդ իր ընկերոջը երազ էր պատմում. «Երազ տեսա,- ասում է,- ահա գարե մի հաց գլորվում էր դեպի Մադիամի բանակները և եկավ մինչև Մադիամի վրանը, հարվածեց նրան ու կործանեց, և վրանը գլխիվայր ընկավ»։ 14Նրա ընկերը պատասխան տվեց և ասաց. «Դա ուրիշ բան չէ, եթե ոչ իսրայելացի Հովասի որդի Գեդեոնի սուրը. Տերը նրա ձեռքն է մատնել մադիանացիներին և բոլոր բանակները»։
15Երբ Գեդեոնը լսեց երազի պատմությունն ու նրա մեկնությունը, երկրպագեց Տիրոջը, վերադարձավ Իսրայելի բանակն ու ասաց. «Վե՛ր կացեք, որովհետև Տերը մադիանացիների բանակը մեր ձեռքն է մատնել»։ 16Նա այդ երեք հարյուր մարդկանց երեք գնդի բաժանեց և ամենքի ձեռքը եղջերափողեր և սափորների մեջ դրված ջահեր տվեց։ 17Եվ ասաց նրանց. «Ի՛նձ նայեք և նո՛ւյնն արեք. ահա ես մտնում եմ բանակի մեջ և ինչպես որ ես անեմ, այդպես էլ դո՛ւք արեք։ 18Երբ ես և բոլոր ինձ հետ եղողները կփչենք եղջերափողերը, դուք էլ փչե՛ք եղջերափողերը ամբողջ բանակի շուրջը և ասացե՛ք. “Սուր՝ Տիրոջ և Գեդեոնի համար”»։
19Գեդեոնը և նրա հետ հարյուր մարդ կեսգիշերվա սկզբին հասան բանակի ծայրը, երբ պահապանները զարթնեցնում էին փոխարինող հերթի պահապաններին, փչեցին եղջերափողերը և վայր գցեցին իրենց ձեռքի սափորները։ 20Ապա երեք գնդերն էլ փչեցին եղջերափողերը և կոտրատեցին սափորները։ Նրանք իրենց ձախ ձեռքով առան ջահերը, իսկ աջ ձեռքով եղջերափողերը բռնած՝ փչեցին, աղաղակեցին և ասացին. «Սուր՝ Տիրոջ և Գեդեոնի համար»։ 21Ամեն մեկը կանգնեց իր տեղում բանակի շուրջը. ամբողջ բանակը վազեց, փող հնչեցրին և փախան։ 22Երբ այն երեք հարյուր եղջերափողերը հնչեցին, Տերն այնպես արեց, որ ամբողջ բանակի մեջ ամեն մարդ սուրն իր ընկերոջ վրա դարձնի. և ամբողջ բանակը փախավ մինչև Բեթասետա, իսկ գնդերից մեկն էլ՝ մինչև Աբելմաուլայի բարձունքը և մինչև Տաբեթ։ 23Իսրայելի որդիներին կանչեցին Նեփթաղիմից, Ասերից և ամբողջ Մանասեից, ու հետապնդեցին մադիանացիներին։ 24Գեդեոնը պատգամավորներ ուղարկեց Եփրեմի սահմանները և ասաց. «Իջե՛ք մադիանացիներին ընդառաջ և գրավե՛ք ջրերի կիրճերը մինչև Բեթփարա ու Հորդանան գետը»։ Եփրեմի բոլոր մարդիկ իրար ձայն տվեցին և գրավեցին ջրերի եզերքը մինչև Բեթփարա ու Հորդանան գետը։ 25Բռնեցին մադիանացիների երկու իշխաններին՝ Օրեբին և Զեբին։ Օրեբին սպանեցին Սորորեբայում, իսկ Զեբին՝ Ակեբզեբայում, և մադիանացիներին հալածեցին, իսկ Օրեբի և Զեբի գլուխները Հորդանան գետի այն կողմից բերեցին Գեդեոնին։
Արդեն Ընտրված.
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 7: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն