ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 8

8
Մադիանացիների վերջնական պարտությունը
1Եվ Եփրեմի այրերը Գեդեոնին ասացին. «Այս ի՞նչ բան է, որ արեցիր մեզ հետ. մեզ չկանչեցիր, երբ մադիանացիների դեմ պատերազմելու գնացիր»։ Եվ նրա հետ սաստիկ վիճեցին։ 2Նա նրանց ասաց. «Ես հիմա ի՞նչ եմ արել ձեր արածի համեմատ. մի՞թե Եփրեմի ճռաքաղը Աբիեզերի խաղողաքաղից լավ չէ. 3Տերը ձեր ձեռքը մատնեց մադիանացիների իշխաններին՝ Օրեբին և Զեբին. ես ի՞նչ կարողացա անել ձեզ հետ համեմատած»։ Երբ նա այս խոսքն ասաց, նրանց հոգին հանգստացավ նրա նկատմամբ։
4Գեդեոնը եկավ Հորդանան և իր հետ եղող երեք հարյուր մարդկանց հետ գետն անցավ ուժասպառված և քաղցած։ 5Նա ասաց Սոքքոթի մարդկանց. «Ուտելու հա՛ց տվեք այս զորքին, որ ինձ հետ է, որովհետև նրանք քաղցած են, որպեսզի ես հետապնդեմ Զեբեեին ու Սաղմանային՝ մադիանացիների թագավորներին»։ 6Սոքքոթի իշխաններն ասացին. «Մի՞թե Զեբեեն և Սաղմանան արդեն քո ձեռքում են, որ մենք քո զորքին հաց տանք»։ 7Գեդեոնն ասաց. «Եթե այդպես չէ, ապա երբ Տերը Զեբեեին ու Սաղմանային իմ ձեռքը տա, ես ձեր մարմինները կծվատեմ անապատի փշերով և տատասկներով»։ 8Այնտեղից նա գնաց Փանուել և նրանց հետ նույն ձևով խոսեց։ Փանուելի մարդիկ նրան պատասխան տվեցին այնպես, ինչպես պատասխանել էին Սոքքոթի մարդիկ։ 9Գեդեոնը խոսեց Փանուելի մարդկանց հետ և ասաց. «Երբ ես նորից անփորձանք վերադառնամ, այդ աշտարակը պիտի քանդեմ»։
10Զեբեեն և Սաղմանան գտնվում էին Կարկարում, և նրանց բանակը նրանց հետ էր. մոտ տասնհինգ հազար մարդ, որ մնացել էին Արևելքի որդիների ամբողջ բանակից, իսկ ընկածները հարյուր քսան հազար սրակոտոր եղած մարդիկ էին։ 11Գեդեոնը բարձրացավ վրանաբնակների ճանապարհով, Նաբաեի արևելյան կողմից, որ գտնվում է Նաբեիի դիմաց, ու հարվածեց բանակին, որովհետև բանակն անհոգության մեջ էր։ 12Զեբեեն և Սաղմանան փախան, իսկ նա հետապնդեց նրանց, ձերբակալեց մադիանացիների երկու թագավորներին՝ Զեբեեին ու Սաղմանային, և նրանց ամբողջ բանակը տակնուվրա արեց։
13Հովասի որդի Գեդեոնը պատերազմից վերադարձավ Արեսի զառիվայրով։ 14Սոքքոթի մարդկանցից նա մի պատանի բռնեց և հարցուփորձ արեց նրան։ Սա նրա համար գրավոր տվեց Սոքքոթի իշխանների ու ծերերի անունները՝ յոթանասունյոթ մարդու։ 15Գեդեոնը եկավ Սոքքոթի իշխանների մոտ և ասաց նրանց. «Ահա Զեբեեն և Սաղմանան, որոնց համար ինձ նախատեցիք՝ ասելով. “Մի՞թե Զեբեեն և Սաղմանան քո ձեռքում են, որ մենք հաց տանք սովից սպառված քո մարդկանց”»։ 16Նա առավ քաղաքի իշխաններին ու ծերերին և անապատից՝ փշեր ու տատասկներ և դրանցով ձաղկեց Սոքքոթի տղամարդկանց։ 17Ապա կործանեց Փանուելի աշտարակը և կոտորեց քաղաքի տղամարդկանց։
18Նա ասաց Զեբեեին և Սաղմանային. «Ինչպիսի՞ք էին այն մարդիկ, որոնց կոտորեցիք Թաբորում»։ Նրանք ասացին. «Ինչպիսին դու ես, նույնպիսին և նրանք էին՝ քեզ նման, և դու՝ նրանց նման։ Նրանց տեսքը թագավորի որդիների նման էր»։ 19Գեդեոնն ասաց. «Նրանք իմ եղբայրները՝ իմ մոր որդիներն էին»։ Եվ երդվեց նրանց ու ասաց. «Կենդանի է Տերը. եթե դուք նրանց ողջ թողնեիք, ես ձեզ չէի սպանի»։ 20Եվ իր անդրանիկ որդուն՝ Եթերին, ասաց. «Վե՛ր կաց, սպանի՛ր դրանց»։ Բայց պատանին իր սուրը չհանեց, որովհետև վախեցավ, քանի որ մանուկ էր։ 21Զեբեեն և Սաղմանան ասացին. «Վե՛ր կաց և դու ի՛նքդ զարկիր մեզ, որովհետև մարդու ուժն իրեն համեմատ կլինի»։ Գեդեոնը վեր կացավ, սպանեց Զեբեեին ու Սաղմանային և նրանց ուղտերի վզերից մանյակներն առավ։
22Իսրայելի այրերը Գեդեոնին ասացին. «Իշխի՛ր մեզ վրա դու և քո որդին ու քո որդու որդին, որովհետև դու մեզ փրկեցիր մադիանացիների ձեռքից»։ 23Գեդեոնը նրանց ասաց. «Ես ձեզ վրա չեմ իշխի, և ոչ էլ իմ որդին կիշխի ձեզ վրա, Տե՛րը թող իշխի ձեզ վրա»։
24Ապա Գեդեոնը նրանց ասաց. «Ձեզանից մի բան եմ խնդրում. ամեն մարդ իր ավարից մի գինդ թող տա ինձ»։ Նրանց գինդերը ոսկի էին, քանի որ իսմայելացիներ էին։ 25Նրանք ասացին. «Սիրով կտանք»։ Եվ փռեցին նրա հանդերձները, ու ամեն մարդ իր ավարից ոսկի գինդեր գցեց այնտեղ։ 26Նրա խնդրած ոսկի գինդերի կշիռը հազար յոթ հարյուր սիկղ ոսկի եղավ, բացի մադիանացիների թագավորների վրայի մահիկներից, ապարանջաններից, պսակակալներից և ծիրանիներից, և նրանց ուղտերի վզերի ոսկի մանյակներից։ 27Գեդեոնը դրանցով եփուդ շինեց և այն դրեց իր Եփրա քաղաքում։ Ամբողջ Իսրայելը, նրան հետևելով, այդ պաշտեց, և դա Գեդեոնի ու նրա տան համար գայթակղություն եղավ։
28Այսպես մադիանացիները ենթարկվեցին Իսրայելի որդիներին և այլևս իրենց գլուխները չբարձրացրին։ Գեդեոնի օրոք երկիրը հանգստացավ քառասուն տարի։
29Հովասի որդի Հերոբոաղը գնաց բնակվեց իր տանը։ 30Գեդեոնը յոթանասուն որդի էր սերնդագործել, որովհետև շատ կանայք ուներ։ 31Սյուքեմում նրա ունեցած հարճն էլ նրա համար մի որդի ծնեց, և նրա անունն Աբիմելեք դրեց։ 32Հովասի որդի Գեդեոնը մեռավ խոր ծերության հասակում և թաղվեց իր հոր՝ Հովասի գերեզմանում, Եսրեի հորը պատկանող Եփրայում։
33Երբ Գեդեոնը մեռավ, Իսրայելի որդիները նորից պաշտեցին Բահաղի կուռքերին և Բահաղ Բերիթին իրենց աստվածը համարեցին։ 34Իսրայելի որդիները չհիշեցին Տիրոջը՝ իրենց Աստծուն, որ նրանց փրկեց իրենց շրջակայքի բոլոր թշնամիներից։ 35Նրանք Հերոբոաղի, այսինքն՝ Գեդեոնի տան հանդեպ երախտագետ չեղան այն բոլոր բարեգործությունների դիմաց, որ նա արել էր Իսրայելին։

Արդեն Ընտրված.

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 8: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք