ՀԵՍՈՒ 4
4
Հիշատակության տասներկու քարերը
1Երբ ամբողջ ժողովուրդն անցավ Հորդանան գետը, Տերը խոսեց Հեսուի հետ և ասաց. 2«Դու ժողովրդից տասներկու ա՛յր վերցրու, ամեն ցեղից մի այր, 3հրամա՛ն տուր նրանց ու ասա՛. “Այդտեղից՝ Հորդանան գետի միջից, քահանաների կանգնած ոտնատեղերից տասներկու մեծ քարե՛ր վերցրեք և տարե՛ք ձեզ հետ և դրե՛ք ձեր բանակատեղիում, որտեղ իջևանելու եք այս գիշեր”»։ 4Հեսուն կանչեց Իսրայելի փառավոր որդիներից ընտրված տասներկու այրերի, յուրաքանչյուր ցեղից մեկ այր, 5և նրանց ասաց. «Իմ աչքի առաջ մոտեցե՛ք Տիրոջը հանդիման՝ Հորդանան գետի մեջտեղում, և ամեն մեկդ այնտեղից Իսրայելի ցեղերի թվի համեմատ մի քա՛ր վերցրեք ձեր ուսերին, 6որպեսզի դրանք ձեզ համար միշտ նշան լինեն։ Երբ վաղը քո որդին քեզ հարցնի և ասի. “Ի՞նչ են նշանակում այս քարերը ձեզ համար”, 7դու կպատմես քո որդուն ու կասես. “Հորդանան գետի ջրերը ցամաքեցին ողջ երկրի Տիրոջ Ուխտի տապանակի առջև, երբ այն անցնում էր Հորդանան գետով”։ Եվ թող այս քարերը հավիտյան հիշատակ լինեն Իսրայելի որդիների մեջ»։ 8Իսրայելի որդիներն արեցին այնպես, ինչպես Տերը պատվիրեց Հեսուին։ Իսրայելի որդիների անցնելուց հետո Հորդանան գետի միջից տասներկու քարեր վերցնելով՝ իրենց հետ տարան բանակատեղի և դրեցին այնտեղ։ 9Հեսուն ուրիշ տասներկու քարեր կանգնեցրեց Հորդանան գետի մեջ, այնտեղ, ուր ոտք էին դրել Տիրոջ Ուխտի տապանակը տանող քահանաները, և մինչև այսօր դրանք այնտեղ են։ 10Տիրոջ Ուխտի տապանակը տանող քահանաները կանգնեցին Հորդանան գետի մեջտեղում, մինչև որ Հեսուն ավարտեց հաղորդել այն ամենը, որ Տերը Հեսուին պատվիրել էր ժողովրդին ասելու, ճիշտ այնպես, ինչպես Մովսեսը պատվիրել էր Հեսուին։ Եվ ժողովուրդը շտապեց ու անցավ գետը։ 11Երբ ամբողջ ժողովուրդն անցավ, անցան նաև Տիրոջ Ուխտի տապանակն ու տասներկու քարերը և կանգնեցին ժողովրդի առաջ։ 12Իսրայելի որդիների առջևն անցան նաև Ռուբենի, Գադի և Մանասեի կես ցեղի որդիները, սպառազինված, ինչպես նրանց պատվիրել էր Մովսեսը։ 13Կռվի պատրաստ քառասուն հազար սպառազինյալներ անցան Տիրոջ առջևով՝ պատերազմելու Երիքով քաղաքի դեմ։ 14Այդ օրը Տերը մեծարեց Հեսուին Իսրայելի ամբողջ ազգի առաջ. նրանից վախենում էին, ինչպես որ վախենում էին Մովսեսից նրա կենդանության բոլոր օրերին։ 15Տերը խոսեց Հեսուի հետ և ասաց. 16«Հրամա՛ն տուր վկայության Ուխտի տապանակը տանող քահանաներին, որ դուրս գան Հորդանան գետից»։ 17Եվ Հեսուն հրաման տվեց քահանաներին ու ասաց. «Դո՛ւրս եկեք Հորդանան գետից»։ 18Երբ Տիրոջ Ուխտի տապանակը կրող քահանաները դուրս եկան Հորդանան գետից և ոտք դրեցին ցամաքի վրա, Հորդանան գետի ջուրը հետ իր տեղը դարձավ և հոսեց իր ամբողջ հունով, ինչպես երեկ և նախորդ օրը։
19Ժողովուրդը Հորդանան գետից դուրս եկավ առաջին ամսի տասներորդ օրը։ Իսրայելի որդիները բանակեցին Գաղգաղայում՝ Երիքովի արևելյան կողմում։ 20Այն տասներկու քարերը, որ վերցրել էին Հորդանան գետից, Հեսուն կանգնեցրեց Գաղգաղայում։ 21Նա ասաց Իսրայելի որդիներին. «Երբ վաղը ձեր որդիները հարցնեն և ասեն՝ “Այս ի՞նչ քարեր են”, 22պատմե՛ք ձեր որդիներին, թե ինչպես Իսրայելը ցամաքով անցավ Հորդանան գետով, 23երբ Տերը՝ մեր Աստվածը, ցամաքեցրեց Հորդանան գետի ջուրը նրանց առաջ, մինչև որ անցան։ 24Այնպես, ինչպես որ արեց Տերը՝ մեր Աստվածը, Կարմիր ծովում, որը Տերը՝ մեր Աստվածը, ցամաքեցրեց մեր առաջ, մինչև որ անցանք, 25որպեսզի երկրի բոլոր ազգերն իմանան, որ մեծ է Տիրոջ զորությունը, և որպեսզի դուք միշտ պաշտեք Տիրոջը՝ մեր Աստծուն»։
Currently Selected:
ՀԵՍՈՒ 4: ՆԷԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն