ՀԵՍՈՒ 3
3
Իսրայելացիներն անցնում են Հորդանան գետը
1Հեսուն առավոտյան վաղ վեր կացավ, և ինքն ու Իսրայելի բոլոր որդիները մեկնեցին Սատիմից, եկան մինչև Հորդանան գետը և գետանցումից առաջ բանակեցին այնտեղ։ 2Երեք օր հետո դպիրներն անցան բանակի միջով 3և պատվիրեցին ժողովրդին՝ ասելով. «Երբ տեսնեք Տիրոջ՝ ձեր Աստծու Ուխտի տապանակը, և մեր քահանաներին ու ղևտացիներին, որ կրում են այն, դուք էլ ելե՛ք ձեր տեղերից և գնացե՛ք տապանակի հետևից, 4որպեսզի իմանաք այն ճանապարհը, որով պիտի գնաք, որովհետև երբեք այդ ճանապարհով չեք անցել։ Բայց ձեր և նրանց միջև երկու հազար կանգունի չափ հեռավորություն պիտի լինի։ Կանգնե՛ք և մի՛ մոտեցեք տապանակին»։ 5Հեսուն ասաց ժողովրդին. «Մաքրվե՛ք մինչև վաղը, որովհետև Տերը վաղը ձեր մեջ հրաշքներ է անելու»։ 6Հեսուն խոսեց նաև քահանաների հետ ու ասաց. «Տիրոջ Ուխտի տապանակը վերցրե՛ք և գնացե՛ք ժողովրդի առջևից»։ Քահանաները վերցրին Տիրոջ Ուխտի տապանակը և գնացին ժողովրդի առջևից։
7Եվ Տերն ասաց Հեսուին. «Այսօր կսկսեմ քեզ մեծարել Իսրայելի բոլոր որդիների առաջ, որպեսզի իմանան, թե ինչպես որ Մովսեսի հետ էի, այնպես էլ քեզ հետ կլինեմ։ 8Արդ, պատվիրի՛ր Ուխտի տապանակը տանող քահանաներին և ասա՛. “Երբ որ մտնեք Հորդանան գետի ջրերը, կանգնե՛ք Հորդանան գետի մեջ”»։ 9Եվ Հեսուն ասաց Իսրայելի որդիներին. «Մոտեցե՛ք այստեղ և լսե՛ք Տիրոջ՝ մեր Աստծու պատգամները։ 10Նա ձեր առաջից իսպառ ոչնչացնելու է քանանացիներին, քետացիներին, խևացիներին, փերեզացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին և հեբուսացիներին, որով կիմանաք, որ Տերը կենդանի է ձեր մեջ։ 11Ահա ամբողջ երկրի Տիրոջ Ուխտի տապանակը ձեր առջևից պիտի անցնի Հորդանան գետը։ 12Այժմ դուք Իսրայելի որդիներից տասներկու ա՛յր ընտրեք, ամեն ցեղից մի այր։ 13Երբ ամբողջ երկրի Տիրոջ Ուխտի տապանակը կրող քահանաների ոտքերը մտնեն Հորդանան գետի ջրի մեջ, վերևից իջնող ջուրը կցամաքի, կկանգնի, ինչպես քարակույտ»։ 14Երբ ժողովուրդը հեռացավ իր վրաններից՝ Հորդանան գետն անցնելու համար, քահանաները տարան Տիրոջ Ուխտի տապանակը ողջ ժողովրդի առաջից։ 15Երբ Ուխտի տապանակը կրող քահանաները մտան Հորդանան գետը, և տապանակը կրող քահանաների ոտքերը խրվեցին Հորդանան գետի ջրերի մեջ (իսկ Հորդանան գետը գալիս էր ափեափ լցված, ինչպես ցորենի հնձի օրերին), 16վերևից իջնող ջրերը կանգնեցին՝ միաձույլ, անջրպետված, իրարից խիստ հեռացած՝ սկսած Ադամիտես քաղաքից, որը Կարիաթ-Յարիմի մասն է, իսկ ցած իջնող ջրերն իջան Արաբայի ծովը՝ Աղի ծովը, մինչև որ իսպառ կտրվեցին, և ժողովուրդը կանգնած էր Երիքովի դիմաց։ 17Տիրոջ Ուխտի տապանակը կրող քահանաները կանգնեցին Հորդանան գետի մեջ՝ ցամաքի վրա։ Եվ Իսրայելի բոլոր որդիներն անցան ցամաքով, մինչև որ ամբողջ ժողովուրդն անցավ Հորդանան գետը։
Currently Selected:
ՀԵՍՈՒ 3: ՆԷԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն