Բ ՕՐԵՆՔ 33
33
Մովսեսն օրհնում է Իսրայելի տասներկու ցեղերը
1Այս է այն օրհնությունը, որով Մովսեսը՝ Աստծու մարդը, նախքան մեռնելը օրհնեց Իսրայելի որդիներին՝ 2ասելով.
«Տերը եկավ Սինայից
և մեզ երևաց Սեիրից։
Նա փութաց Փառանի լեռից դեպի Կադես՝
աջ կողմում ունենալով բյուր հրեշտակների,
3որովհետև գթաց իր ժողովրդին։
Բոլոր նրանք, որ սրբագործված են,
Քո ձեռքի հովանու տակ են.
Նրանք քո ենթակայությամբ են։
4Եվ ընդունեց նրա խոսքերից օրենքներ,
որոնք մեզ հաղորդեց Մովսեսը՝
իբրև հոգևոր ժառանգություն Հակոբի ցեղերին։
5Եվ կլինի իշխան իր սիրեցյալների մեջ,
երբ ժողովրդի իշխանները հավաքվեն Իսրայելի ցեղերի հետ։
6Ռուբենը թող ապրի և չմեռնի,
և թող թվով բազմաքանակ լինի»։
7Հուդայի մասին ասաց հետևյալը.
«Տե՜ր, լսի՛ր Հուդայի ձայնը և այցելի՛ր նրա ժողովրդին։
Թող իր ձեռքերով պաշտպանի իրեն,
իսկ դու օգնակա՛ն եղիր նրան թշնամիների դեմ»։
8Ղևիի մասին ասաց.
«Ղևիին տվե՛ք նրա Հայտնությունը,
և նրա Ճշմարտությունը,
այն անարատ մարդուն,
որին փորձեցին Փորձությունում [𝕸 Մասսա]
ու Հակառակության ջրերի [𝕸 Մե-Մերիվա] վրա բամբասեցին նրան,
9որ ասում էր իր հորն ու իր մորը,
թե՝ “Քեզ չեմ տեսել”,
և չճանաչեց իր եղբայրներին
ու իր որդիներին անտեսեց,
հետևեց քո խոսքերին ու պահեց քո ուխտը։
10Քո իրավունքները կպատմեն Հակոբին,
քո օրենքները՝ Իսրայելին։
Քո զոհասեղանի վրա նրանք մշտապես խունկ պիտի ծխեն
քո արդար բարկությունը մեղմելու համար։
11Տե՜ր, օրհնի՛ր նրա զորությունը և ընդունի՛ր նրա ձեռքի գործերը։
Ջարդի՛ր նրա վրա հարձակվող թշնամիների մեջքը,
որպեսզի նրան ատող մարդիկ ոտքի չկանգնեն»։
12Բենիամինի մասին ասաց.
«Տիրոջ սիրելին ապահով թող ապրի.
Աստված նրան հովանի թող լինի ամեն օր,
և Նա նրա ուսերին կհանգստանա»։
13Հովսեփի մասին ասաց.
«Տերն օրհնել է նրա երկիրը,
ապահովել երկնքի անձրևով ու ցողով,
անդունդների ընդերքից բխող աղբյուրներով,
14արեգակի փոփոխությունից կախված բերքով,
ամպերը միմյանց վրա կուտակելով,
15հինավուրց լեռների գագաթներով,
մշտնջենական բլուրների կատարներով,
16երկրի եղանակի համեմատ տրվող առատությամբ։
Մորենու մեջ երևացած Աստծու հաճությունը թող իջնի Հովսեփի գլխին՝
եղբայրների մեջ փառավորվածի գագաթին։
17Նա գեղեցիկ է ցուլի առաջնածինի նման,
նրա եղջյուրները նման են միեղջերուի եղջյուրների։
Դրանցով նա թող պոզահարի բոլոր ազգերին
մինչև երկրի հեռավոր անկյունները։
Սրանք են Եփրեմի բյուրավորները,
և սրանք են Մանասեի հազարավորները»։
18Զաբուղոնի մասին ասաց.
«Ուրախացի՛ր, Զաբուղո՛ն, երբ ելնում ես»։
Իսաքարի մասին ասաց.
19«Իր բնակավայրում ազգեր պիտի կոտորվեն։
Այդտեղ կանչե՛ք ու արդարության զոհեր մատուցե՛ք,
որովհետև ծովի հարստությունն ու
ծովեզերքի մոտ բնակվող մարդկանց վաճառքի շահը
կարող են քեզ կերակրել»։
20Գադի մասին ասաց.
«Թող օրհնյալ լինի Նա, ով ընդարձակեց Գադի երկիրը։
Նա հանգստացավ առյուծի պես.
խորտակեց բազուկներ ու իշխաններ
21և տեսավ իր իշխանությունը,
որովհետև այնտեղ բաժանվեց
Իսրայելի առաջնորդների հետ միացած իշխանների երկիրը,
և Տերն իր արդարությունն ու դատաստանը գործադրեց ի նպաստ Իսրայելի»։
22Դանի մասին ասաց.
«Դանը առյուծի կորյուն է
և հարձակվելու է Բասանից»։
23Նեփթաղիմի մասին ասաց.
«Նեփթաղիմը հագեցած է բարիքներով։
Նա թող լցվի Տիրոջ օրհնություններով,
թող ժառանգի ծովն ու հարավը»։
24Ասերի մասին ասաց.
«Իր որդիներից ամենաօրհնվածը Ասերն է,
և ամենասիրվածը՝ իր եղբայրների կողմից,
իր ոտքը թող լողա յուղի մեջ։
25Նրա կոշիկները երկաթից ու պղնձից թող լինեն։
Քո զորությունը քո բոլոր օրերի չափ թող լինի։
26Քո սիրելի Աստծու նման այլ աստված չկա,
որը քայլում է երկնքում իբրև քեզ օգնական՝
երկնքի հաստատության ամենակալը։
27Աստծու իշխանությունն ու նրա բազուկների մշտնջենավոր զորությունը
քեզ հովանի թող լինեն։
Նա քո առջևից թող հալածի թշնամուն և ասի՝ կորի՛ր։
28Իսրայելը թող բնակվի ապահով ու առանձին,
Հակոբի աղբյուրը թող հոսի առանձին
դեպի ցորենի ու գինու երկիրը,
իսկ երկինքը նրա համար ցողի շտեմարան թող լինի։
29Երանի՜ քեզ, Իսրայե՛լ.
ո՞վ կարող է նմանվել քեզ,
ո՜վ Տիրոջ ընտրյալ ժողովուրդ։
Քեզ օգնողը թող պաշտպանի քեզ, իսկ քո սուրը քո պարծանքը թող լինի։
Թող գան քո թշնամիները, և դու բարձրանալու ես նրանց պարանոցին»։
Currently Selected:
Բ ՕՐԵՆՔ 33: ՆԷԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն