Բ ՕՐԵՆՔ 30
30
Իսրայելը պիտի վերադառնա Աստծուն
1«Երբ իրականանան իմ այս բոլոր պատգամները կամ օրհնությունները և կամ անեծքները, որ ներկայացրի ձեզ, և հոգուդ մեջ պահես դրանք այն բոլոր ազգերի մեջ, ուր Տերը քեզ ցրելու է, 2և դառնաս դեպի Տերը՝ քո Աստվածը, քո ամբողջ սրտով ու քո ամբողջ հոգով, և լսես նրա բոլոր պատգամները, որոնք ես հաղորդում եմ քեզ այսօր, 3Տերը կների քո բոլոր մեղքերը, կողորմի քեզ և դարձյալ կհավաքի քեզ բոլոր այն ժողովուրդների միջից, որոնց մեջ ցրել էր Տերը քեզ։ 4Անգամ եթե դու ցրիվ ես եկել երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը, կհավաքի քեզ Տերը՝ քո Աստվածը։ 5Այնտեղից Տերը՝ քո Աստվածը, կվերցնի քեզ, և Տերը՝ քո Աստվածը, քեզ կբերի քո հայրերի ժառանգած երկիրը։ Կժառանգես այն, քեզ համար լավ կլինի, և Աստված քեզ քո հայրերից տասնապատիկ ավելի կբազմացնի։ 6Տերը կմաքրի քո ու քո սերնդի սիրտը, որպեսզի Տիրոջը՝ քո Աստծուն սիրես քո ամբողջ սրտով ու քո ամբողջ հոգով, որպեսզի ապրեք դու և քո սերունդը։ 7Այն ժամանակ Տերը՝ քո Աստվածը, այս նզովքները կթափի քո թշնամիների ու քեզ ատողների գլխին, որոնք հալածելու են քեզ։ 8Դու կդառնաս ու կլսես Տիրոջ՝ քո Աստծու խոսքը և կկատարես նրա պատվիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ քեզ։ 9Տերը՝ քո Աստվածը, հաջողություն կպարգևի քեզ քո ձեռնարկած բոլոր գործերում՝ քո որովայնի ծնունդներով, քո երկրի բերքով ու քո անասունների ծնունդներով։ Տերը՝ քո Աստվածը, դարձյալ կդառնա դեպի քեզ, կուրախանա քեզ բարություն անելով, ինչպես քո հայրերի համար էր ուրախացել, 10եթե ականջ դնես Տիրոջ՝ քո Աստծու ձայնին՝ պահես ու կատարես այս օրենքների գրքում գրված նրա բոլոր պատվիրանները, նրա օրենքներն ու նրա կանոնները, Տիրոջը՝ քո Աստծուն, վերադառնաս քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով։
11Այն պատվիրանները, որոնք այսօր ես հաղորդում եմ քեզ, ո՛չ դժվար են, ո՛չ էլ քեզ անմատչելի։ 12Դրանք ո՛չ երկնքում են, որ ասես. “Մեզնից ո՞վ կելնի երկինք, որ վերցնի դրանք, որ լսենք և կատարենք”, 13ո՛չ էլ ծովի մյուս ափին, որ ասես. “Ո՞վ պիտի անցնի ծովի մյուս կողմը, որ մեզ համար վերցնի դրանք, մեզ համար կարդա, և մենք կատարենք”։ 14Քեզ չափազանց մոտիկ է այդ խոսքը. քո բերանում և քո սրտում է, և քեզանից է կախված դա կատարելը։
Երկու ճանապարհներ
15Այսօր ահա քո առջևն եմ դնում կյանքն ու մահը, բարին ու չարը։ 16Եթե լսես Տիրոջ՝ մեր Աստծու պատվիրանները, որ ես այսօր հաղորդում եմ քեզ, սիրես Տիրոջը՝ քո Աստծուն, ընթանաս նրա ճանապարհներով, պահես նրա օրենքները, նրա պատվիրաններն ու նրա կանոնները, կապրեք ու բազմամարդ կլինեք, և Տերը՝ քո Աստվածը, կօրհնի քեզ ողջ երկրում, ուր կմտնես՝ այն ժառանգելու համար։ 17Իսկ եթե քո սիրտը փոխվի, և չլսես, մոլորվելով երկրպագես օտար աստվածների ու պաշտես դրանք, 18ապա այսօր քեզ հայտնում եմ, որ կկորչեք, երկար չեք մնա այն երկրում, ուր դուք կանցնեք Հորդանան գետը կտրելով՝ այն ժառանգելու։ 19Այսօր ձեզ վկա ունեմ երկինքն ու երկիրը, ձեր առջևն եմ դնում կյանքն ու մահը, օրհնություններն ու անեծքները։ Ընտրի՛ր կյանքը, որպեսզի ապրեք դու և քո սերունդը։ 20Ընտրի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն սիրելը, նրա ձայնին անսալը, նրան կապված մնալը, որովհետև այդ է քո կյանքն ու քո երկարակեցությունը, որպեսզի բնակվես այն երկրում, որ Տերը երդվեց քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, որ կտա նրանց»։
Currently Selected:
Բ ՕՐԵՆՔ 30: ՆԷԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն