YouVersion Logo
Search Icon

Բ ՕՐԵՆՔ 29

29
Տիրոջ ուխտը Իսրայելի հետ
1Մովսեսը, կանչելով Իսրայելի բոլոր որդիներին, ասաց նրանց. «Դուք ինքներդ տեսաք այն ամենը, ինչ ձեր առաջ արեց Տերը Եգիպտոսում փարավոնի, նրա ծառաների ու նրա ամբողջ երկրի նկատմամբ. 2հզոր ձեռքով ու բարձր բազկով կատարված այն մեծամեծ փորձանքները, նշաններն ու զարմանահրաշ գործերը, որոնք տեսան ձեր աչքերը։ 3Տերը՝ ձեր Աստվածը, մինչև այսօր ձեզ ո՛չ միտք տվեց, որ գիտենաք, ո՛չ աչքեր, որ տեսնեք, ո՛չ ականջ, որ լսեք։ 4Քառասուն տարի նա ձեզ տարավ անապատով։ Ո՛չ ձեր զգեստները հնացան, ո՛չ ձեր ոտքերի կոշիկները մաշվեցին։
5Հաց չկերաք և գինի ու ցքի չխմեցիք, որպեսզի համոզվեիք, որ ես՝ Տերս, ձեր Աստվածն եմ, 6և եկաք մինչև այս վայրը։ Մեր դեմ պատերազմի ելան Եսեբոնի թագավոր Սեհովնը և Բասանի թագավոր Օվգը։ Հարվածեցինք նրանց 7ու գրավեցինք նրանց երկիրը, և այն ժառանգություն տվեցի Ռուբենի ցեղին, Գադի ցեղին ու Մանասեի կես ցեղին։ 8Հետևե՛ք, որ կատարեք այս ուխտի բոլոր խոսքերը, որպեսզի իմանաք այն ամենը, թե ինչ եք անելու։
9Տիրոջ՝ ձեր Աստծու առջև այսօր ահա կանգնած եք դուք բոլորդ՝ ձեր ցեղապետները, ձեր ծերերը, ձեր դատավորները, ձեր ատենադպիրները, Իսրայելի բոլոր տղամարդիկ, 10ձեր կանայք ու ձեր որդիները, ձեր մեջ բնակվող եկվորը, ձեր փայտահատից մինչև ձեր ջրկիրը, 11որպեսզի չխախտեք Տիրոջ՝ ձեր Աստծու ուխտը, որ Տերը՝ ձեր Աստվածը, ուխտեց ձեզ այսօր, և արժանանաք նրա նզովքներին, 12որպեսզի ձեզ դարձնի իր ժողովուրդը, և նա լինի ձեզ համար Աստված, ինչպես ասել է և ինչպես երդվել է ձեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին։
13Ես այս ուխտերն ու այս նզովքները ոչ միայն ձեզ համար եմ անում՝ 14նրանց համար, ովքեր այսօր մեզ հետ են՝ Տիրոջ՝ մեր Աստծու առջև, այլ նաև նրանց համար, ովքեր այսօր մեզ հետ չեն։ 15Դուք ինքներդ էլ գիտեք, թե ինչպես ապրեցինք եգիպտացիների երկրում, թե ինչպես անցանք այն ազգերի միջից, որոնց երկրով անցաք դուք։ 16Դուք տեսաք նրանց գարշելի գործերն ու նրանց փայտե, քարե, արծաթե ու ոսկե կուռքերը։ 17Ձեր մեջ թող չգտնվի այր կամ կին, ազգ կամ ցեղ, որի միտքը Տիրոջից՝ իր Աստծուց շեղված լինելով՝ գնա ու պաշտի այդ ազգերի կուռքերին։ Ձեր մեջ ոչ մեկը բուսած դառն ու դաժան արմատ չլինի։ 18Եթե լինի մեկը, որ, լսելով այս նզովքի պատգամները, մտածի ու ասի՝ “Թողություն կլինի ինձ, թեև ես իմ մոլոր ճամփով եմ ընթանում”, այդ դեպքում մեղավորն անմեղին կորստյան կմատնի։ 19Աստված չի ուզենա ներել նրան, այլ կբորբոքվեն նրա բարկությունն ու նախանձը այդ մարդու վրա, նրա վրա կթափվեն այս օրենքների գրքում գրված այս ուխտի բոլոր նզովքները, և Տերը նրա անունը կջնջի երկրի վրայից։ 20Ըստ այս օրենքների գրքում գրված այս ուխտի բոլոր նզովքների՝ Տերը նրան կմեկուսացնի Իսրայելի բոլոր որդիներից, որպեսզի չարիք հասցնի նրան։ 21Եվ մյուս ազգերը, ձեզանից հետո եկող ձեր որդիները, հեռու երկրներից եկած օտարները, տեսնելով այդ երկրում տիրող արհավիրքները, նրանց վրա Տիրոջ ուղարկած հիվանդությունները, կասեն. 22“Ողջ հողը այրվել է ծծումբով ու աղով, ոչ մի բան չի ցանվի նրա հողի մեջ ու չի բուսնի, և ոչ մի դալար բույս չի բարձրանա այդ հողից։ Երկիրը լինելու է Սոդոմի ու Գոմորի, Ադամայի ու Սեբոյիմի նման, որոնք Տերը կործանեց սրտմտությամբ ու բարկությամբ”։ 23Եվ բոլոր ազգերը կասեն. “Ինչո՞ւ Տերն այդպես արեց այդ երկրին, ո՞րն է նրա խոր զայրույթի և այդ բարկության պատճառը”։ 24Ու կասեն. “Որովհետև լքեցին իրենց հայրերի Աստծու ուխտը, որ Տերը ուխտել էր նրանց հայրերի հետ, երբ նրանց դուրս բերեց եգիպտացիների երկրից։ 25Նրանք գնացին պաշտեցին օտար աստվածների, երկրպագեցին նրանց, որոնց չգիտեին և որոնց Աստված չէր տվել նրանց։ 26Տերը սրտմտությամբ բարկացավ այդ երկրի վրա՝ դրա վրա թափեց այս օրենքների մատյանի մեջ գրված ուխտի բոլոր նզովքները։ 27Տերը շատ խիստ բարկությամբ, սրտմտությամբ ու զայրույթով նրանց վերացրեց իրենց երկրից և նրանց մինչև այսօր նետել է օտար երկիր”։ 28Գաղտնի բաները Տիրոջը՝ մեր Աստծունն են, իսկ հայտնիները՝ մերն ու մեր որդիներինը հավիտյան. կատարենք այս օրենքների բոլոր խոսքերը»։

Currently Selected:

Բ ՕՐԵՆՔ 29: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in