YouVersion Logo
Search Icon

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 2

2
Հոգեգալուստ
1Պենտեկոստեի օրերը լրանալուց հետո բոլորը միասիրտ ու միատեղ էին։ 2Եվ հանկարծ երկնքից սաստիկ հողմի նման մի ձայն հնչեց ու լցրեց ամբողջ տունը, որտեղ նստած էին։ 3Եվ նրանց երևացին բաժանված հրեղեն լեզուներ, որոնք նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա։ 4Եվ ամենքն էլ լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին խոսել էր տալիս նրանց։ 5Եվ այդ պահին Երուսաղեմում էին գտնվում բարեպաշտ հրեաներ՝ երկյուղած մարդիկ, երկնքի տակ ապրող բոլոր ազգերից։ 6Եվ երբ այս ձայնը լսվեց, բազմությունը հավաքվեց ու խռնվեց, որովհետև լսում էին, որ նրանք խոսում էին իրենցից յուրաքանչյուրի լեզվով։ 7Ամենքը սքանչանում էին և զարմանում՝ ասելով միմյանց. «Չե՞ք տեսնում, բոլոր այս խոսողները գալիլեացիներ են. 8բայց մենք ինչպե՞ս ենք նրանց լսում մեր յուրաքանչյուրի բարբառով, որի մեջ ծնվել ենք։ 9Մենք՝ պարթևներ, մարեր ու իլամացիներ, Միջագետքում, Հրեաստանում, Գամիրքում, Պոնտոսում, Ասիայում, 10Փռյուգիայում և Պամփյուլիայում, Եգիպտոսում և Կյուրենիայի հարևան Լիբիայի շրջաններում բնակվողներ, հռոմեացի եկվորներ, 11թե՛ հրեաներ և թե՛ հրեության դարձածներ, կրետացիներ ու արաբներ, և լսում ենք, որ նրանք մեր լեզուներով խոսում են Աստծու մեծագործությունների մասին»։ 12Բոլորը սքանչանում էին, զարմանում և միմյանց ասում. «Ի՞նչ կարող է լինել սա»։ 13Իսկ ուրիշներ ծաղրելով ասում էին. «Հարբած են»։
Պետրոսի ճառը Հոգեգալստյան օրը
14Պետրոսը, տասնմեկի հետ վեր կենալով, բարձրացրեց իր ձայնը և ասաց. «Ո՛վ հրեաստանցիներ և ամենքդ, որ Երուսաղեմում եք գտնվում, այս թող հայտնի լինի ձեզ, և ակա՛նջ դրեք իմ խոսքերին. 15սրանք հարբած չեն, ինչպես դուք եք կարծում, քանի որ դեռ օրվա երրորդ ժամն է։ 16Այլ այս է, որ ասվեց Հովել մարգարեի բերանով.
17 “Եվ վերջին օրերին պիտի լինի,- ասում է Աստված,-
որ իմ Հոգուց պիտի հեղեմ ամեն մարմնի վրա,
և ձեր որդիներն ու ձեր դուստրերը պիտի մարգարեանան.
ձեր երիտասարդները տեսիլներ
և ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն։
18 Եվ իմ ծառաների ու իմ աղախինների վրա
այն օրերին իմ Հոգուց պիտի հեղեմ,
և նրանք պիտի մարգարեանան։
19 Զարմանահրաշ գործեր պիտի ցույց տամ վերը՝ երկնքում,
և նշաններ ներքևում՝ երկրի վրա՝
արյուն և հուր և ծխի մրրիկ։
20 Արեգակը խավարի պիտի փոխակերպվի,
լուսինն էլ արյան պես կարմիր պիտի դառնա,
քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու երևելի օրը։
21 Եվ այնպես պիտի լինի,
որ Տիրոջ անունը կանչող ամեն ոք պիտի փրկվի” (Հվլ. 2.28-32)։
22Ո՛վ իսրայելացիներ, լսե՛ք այս խոսքերը. Հիսուս Նազովրեցուն՝ այն մարդուն, որին Աստված ձեզ ցույց տվեց զորությամբ, նշաններով ու զարմանահրաշ գործերով, որոնք Աստված, ինչպես արդեն գիտեք, նրա միջոցով գործեց ձեր մեջ։ 23Աստծու սահմանած խորհրդով և կանխագիտությամբ անօրենների ձեռքը մատնելով՝ խաչափայտի վրա գամեցիք ու սպանեցիք նրան, 24ում Աստված հարություն տվեց՝ քանդելով մահվան կապանքները, քանի որ կարելի չէր, որ մահն իշխեր նրա վրա։ 25Դավիթն ինքը Հիսուսի մասին ասում է.
“Տիրոջը սկզբից իսկ ամեն ժամ տեսնում էի իմ առաջ,
որովհետև իմ աջ կողմում էր, որպեսզի չսասանվեի.
26 դրա համար իմ սիրտն ուրախացավ,
լեզուս ցնծաց,
մարմինս էլ պիտի ապրի հույսով։
27 Որովհետև իմ անձը գերեզմանում չես թողնելու
և ոչ էլ թույլ ես տալու, որ քո սրբի մարմինն ապականվի.
28 ինձ ցույց տվեցիր կյանքի ճանապարհները,
քաղցրորեն լցրիր ինձ քո ներկայության ուրախությամբ” (Սաղ. 15(16).8-11)։
29Ո՛վ եղբայրներ, Դավիթ նախահոր մասին պետք է վստահությամբ ասել ձեզ, որ և՛ մեռավ, և՛ թաղվեց, ու նրա գերեզմանը կա մեր մեջ մինչև այսօր. 30բայց որովհետև նա մարգարե էր և գիտեր, որ Աստված նրան երդմամբ խոստացավ նրա որովայնի պտղից մեկին նստեցնել իր գահի վրա (Սաղ. 131(132).11, Բ Թագ. 7.12), 31ուստի մարգարեաբար խոսեց Քրիստոսի հարության մասին, թե՝ “Նրա հոգին գերեզմանում չմնաց, և ոչ էլ նրա մարմինն ապականություն տեսավ”։
32Այս Հիսուսին Աստված հարություն տվեց, որին մենք ամենքս վկա ենք։ 33Աստծու զորությամբ բարձրանալով՝ Հորից ընդունեց Սուրբ Հոգին, որ նրան խոստացված էր, այն առատորեն բաշխեց մեզ, ինչպես դուք այժմ տեսնում ու լսում եք. 34իսկ որ Դավիթը երկինք չէր ելել, ինքն իսկ ասում է.
“Տերն ասաց իմ Տիրոջը՝
նստի՛ր իմ աջ կողմում,
35 մինչև որ քո թշնամիներին ոտքերիդ տակ դնեմ իբրև պատվանդան” (Սաղ. 109(110).1)։
36Արդ, Իսրայելի ամբողջ տունը վստահաբար թող իմանա, որ Աստված նրան և՛ Տեր, և՛ Օծյալ արեց, այն Հիսուսին, որին դուք խաչեցիք»։
Առաջին նորադարձները
37Այս լսելով՝ ներկաները զղջացին իրենց սրտերում և ասացին Պետրոսին ու մյուս առաքյալներին. «Ի՞նչ պիտի անենք, եղբայրնե՛ր»։ 38Պետրոսը դարձավ նրանց ու ասաց. «Ապաշխարե՛ք, և ձեզանից յուրաքանչյուրը թող մկրտվի Տեր Հիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողության համար, որով պիտի ընդունեք Սուրբ Հոգու պարգևը։ 39Քանզի խոստումը ձեզ, ձեր որդիների և բոլոր հեռավորների համար է, որոնց կանչելու է Տերը՝ մեր Աստվածը»։ 40Եվ Պետրոսն ուրիշ շատ խոսքերով վկայություն էր բերում, մխիթարում նրանց ու ասում. «Ազատե՛ք ձեզ այս խոտորյալ սերնդից»։ 41Ոմանք, հոժարությամբ ընդունելով նրա խոսքը, մկրտվեցին, և այն օրը նրանք մոտ երեք հազար հոգով ավելացան։
Քրիստոնեական առաջին համայնքը
42Եվ նրանք շարունակ առաքյալների ուսուցման, հաղորդության, հացի բեկման ու աղոթքների մեջ էին։ 43Ամեն մարդու վրա ահ ու երկյուղ էր ընկել, որովհետև առաքյալների ձեռքով բազում նշաններ և զարմանահրաշ գործեր էին կատարվում։ 44Իսկ հավատացյալներն ամենքը միասին էին, և նրանց ունեցվածքն էլ ընդհանուր էր։ 45Նրանք վաճառում էին իրենց կալվածքներն ու հարստությունը և բաժանում բոլորի, ում ինչ որ պետք լիներ։ 46Ամեն օր վաղ առավոտյան միասին էին գնում տաճար, իսկ հացի բեկումը տներում էին կատարում՝ ուրախությամբ իրենց կերակուրը ճաշակելով։ Սրտի պարզությամբ 47օրհնում էին Աստծուն և ամբողջ ժողովրդի մեջ հարգանք էին վայելում։ Եվ Տերն օրեցօր նրանց խմբին փրկվածների էր ավելացնում։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy