YouVersion Logo
Search Icon

Հայտնություն 9

9
Հինգերորդ փողը
1Հինգերորդ հրեշտակը փողը հնչեցրեց, և տեսա՝ երկնքից մի աստղ ընկավ երկրի վրա. և նրան անդունդի գբի բանալին տրվեց։ 2Անդունդի գուբը բացեց, ու գբից մեծ հնոցի ծխի պես ծուխ ելավ, և արեգակն ու օդը գբի ծխից խավարեցին։ 3Ծխից երկրի վրա մորեխներ դուրս ելան։ Նրանց տրվեց իշխանություն, ինչպիսին որ երկրի կարիճներն ունեն։ 4Եվ նրանց արգելվեց վնաս տալ երկրի խոտին ու ծառին, այլ միայն այն մարդկանց, որոնք իրենց ճակատներին Աստծու կնիքը չունեն։ 5Եվ նրանց իշխանություն տրվեց, որ նրանց չսպանեն, այլ հինգ ամիս չարչարեն։ Եվ նրանց չարչարանքը նման էր այն չարչարանքին, երբ կարիճը խայթում է մարդուն։ 6Եվ այն օրերին մարդիկ մահ պիտի փնտրեն ու այն չպիտի գտնեն, պիտի ցանկանան մեռնել, բայց մահը նրանցից պիտի փախչի։
7Եվ մորեխները նման էին պատերազմի պատրաստ ձիերի։ Նրանց գլուխներին կարծես ոսկե պսակներ էին, իսկ երեսները նման էին մարդկանց երեսների։ 8Եվ կանանց մազերի պես մազեր ունեին, իսկ նրանց ատամներն առյուծի ատամների նման էին։ 9Ունեին զրահներ՝ նման երկաթե զրահների։ Եվ նրանց թևերի ձայնը նման էր պատերազմի արշավող բազում ձիակառքերի ձայնի։ 10Եվ ունեին պոչեր, ինչպես կարիճները, ու նրանց պոչերին խայթոցներ կային։ Եվ նրանց իշխանություն էր տրված մարդկանց հինգ ամիս չարչարելու։ 11Եվ իրենց վրա թագավոր ունեին անդունդի հրեշտակին։ Նրա անունը եբրայերեն Աբադդոն էր, իսկ հունարեն՝ Ապոլլիոն։
12Մեկ վայն անցավ. ահա տակավին սրանից հետո գալիս են երկու վայը։
Վեցերորդ փողը
13Վեցերորդ հրեշտակը փողը հնչեցրեց, և մի ձայն լսեցի Աստծու առաջ գտնվող ոսկե զոհասեղանի չորս եղջյուրներից, 14որ ասում էր փող ունեցող վեցերորդ հրեշտակին. «Արձակի՛ր այն չորս հրեշտակներին, որ կապված են Եփրատ մեծ գետի վրա»։ 15Եվ արձակվեցին չորս հրեշտակները, որոնք պատրաստված էին ժամվա, օրվա, ամսվա և տարվա համար, որպեսզի սպանեն մարդկանց մեկ երրորդին։ 16Եվ նրանց ձիավոր զորքի թիվը երկու բյուրերի բյուր էր#9.16 Այսինքն՝ «երկու հարյուր միլիոն»։, և լսեցի նրանց թիվը։ 17Եվ այսպես տեսիլքում տեսա ձիերին։ Նրանց վրա նստողները հրեղեն, հակինթե ու ծծմբե զրահներ ունեին։ Ձիերի գլուխները առյուծի գլուխների նման էին։ Նրանց բերանից կրակ, ծուխ և ծծումբ էր ելնում։ 18Մարդկանց մեկ երրորդ մասը մեռավ այս երեքի հարվածներից՝ կրակից, ծխից ու ծծմբից, որ ելնում էին նրանց բերանից, 19որովհետև ձիերի զորությունը իրենց բերանում է և իրենց պոչերի մեջ. նրանց պոչերը նման էին օձերի, որ ունեին գլուխներ և դրանցով վնասում էին։
20Իսկ մնացած մարդիկ, որ այս հարվածներից չմեռան, չապաշխարեցին իրենց ձեռքերի գործերից, որպեսզի դևերին, ոսկե, արծաթե, պղնձե, քարե ու փայտե կուռքերին չերկրպագեն, որոնք ո՛չ տեսնել կարող են, ո՛չ լսել և ո՛չ էլ քայլել։ 21Եվ չապաշխարեցին իրենց մարդասպանություններից, ո՛չ էլ իրենց կախարդանքներից, ո՛չ էլ իրենց պոռնկությունից, ո՛չ էլ իրենց գողություններից։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy