YouVersion Logo
Search Icon

ԱԲԴԻԱ 1

1
Աստված պատժելու է Եդովմին
1Աբդիայի տեսիլքը.
Տեր Աստված Եդովմի մասին այսպես է ասում. «Տիրոջ կողմից լուր լսեցինք, և ազգերին դեսպան ուղարկվեց, թե՝ “Վե՛ր կացեք, որ նրա դեմ պատերազմի ելնենք”։ 2Ահա քեզ փոքրացրի ազգերի մեջ, դու պիտի շատ անարգվես։ 3Քո սրտի հպարտությունը խաբել է քեզ, ո՛վ վեմի խոռոչներում բնակվող, որի բնակարանը բարձր է, ու սրտումդ ասում ես. “Ո՞վ ինձ գետին կիջեցնի”։ 4Թեկուզ արծվի պես բարձրանաս և թեկուզ աստղերի մեջ դնես քո բույնը, քեզ այնտեղից պիտի իջեցնեմ,- ասում է Տերը։- 5Եթե քեզ մոտ գողեր գային կամ գիշերային ավազակներ (ինչպե՜ս բնաջնջվեցիր), մի՞թե չէին գողանալու, որքան որ իրենց բավական է. եթե քեզ մոտ քաղողներ գային, մի՞թե ողկույզներ չէին թողնելու։ 6Եսավն ինչպե՜ս որոնվեց. խուզարկվեցին նրա ծածուկ գանձարանը։ 7Քո բոլոր դաշնակիցները քեզ մինչև սահմանը վտարեցին, խաղաղությամբ ապրողները քեզ խաբեցին ու քեզ հաղթեցին, քո հացն ուտողները որոգայթ լարեցին քո դեմ. նրա մոտ հասկացողություն չկա»։
8«Ահա այն օրը,- ասում է Տերը,- Եդովմից պիտի վերացնեմ իմաստուններին և հանճարին՝ Եսավի լեռից։ 9Եվ քո զորավորները պիտի զարհուրեն, ո՛վ Թեման, որովհետև Եսավի լեռից մարդը բնաջինջ պիտի լինի սպանվելով։
Եդովմի պատժվելու պատճառները
10Եղբորդ՝ Հակոբի հանդեպ բռնության պատճառով ամոթը պիտի ծածկի քեզ, և դու հավիտյան պիտի բնաջնջվես։ 11Այն օրը, երբ նրա դեմ կանգնած էիր ձեռնածալ, այն օրը, երբ օտարները նրա հարստությունը հափշտակեցին, և օտարազգիները մտան նրա դարպասներով և Երուսաղեմի վրա վիճակ գցեցին, դու էլ կարծես նրանցից մեկի պես էիր։ 12Եվ քո եղբոր օրը, նրա դժբախտության#1.12 Բռց. օտարության։ օրը չպիտի չարախնդայիր և Հուդայի որդիների վրա չպիտի ուրախանայիր նրանց կործանման օրը և բերանդ չպիտի մեծացնեիր նրանց նեղության օրը։ 13Նրանց աղետի օրը դու չպիտի մտնեիր իմ ժողովրդի դարպասով. նրա աղետի օրը դու էլ չպիտի նայեիր արհամարհանքով նրա տանջանքին և նրա աղետի օրը ձեռք չպիտի երկարացնեիր նրա ապրանքին։ 14Եվ չպիտի կանգնեիր ճամփաբաժանին՝ նրա ազատվածներին բնաջնջելու համար, և նեղության օրը չպիտի մատնեիր նրա մնացորդներին։
Աստված դատելու է ազգերին
15Որովհետև բոլոր ազգերի վրա մոտիկ է Տիրոջ օրը։ Քեզ հետ պիտի վարվեն, ինչպես որ դու վարվեցիր. քո հատուցումը քո գլխին պիտի վերադառնա։ 16Որովհետև ինչպես որ դուք խմեցիք իմ սուրբ լեռան վրա, բոլոր ազգերը միշտ պիտի խմեն, նրանք պիտի խմեն ու կուլ տան և չեղածի պես դառնան։
Իսրայելի հաղթանակը
17Բայց Սիոն լեռան վրա ազատվածներ կլինեն, և նա սրբություն է լինելու։ Եվ Հակոբի տունը պիտի տիրանա իր ստացվածքին։ 18Եվ Հակոբի տունը կրակ պիտի լինի, Հովսեփի տունը՝ բոց, Եսավի տունը՝ հարդ, և պիտի վառվեն նրանց մեջ և լափեն նրանց։ Եսավի տունը մնացորդ չի ունենալու, որովհետև Տերը խոսեց։ 19Հարավցիները պիտի տիրեն Եսավի լեռանը, դաշտայինները՝ փղշտացիների երկրին, նաև պիտի տիրեն Եփրեմի դաշտավայրին և Սամարիայի դաշտին, իսկ Բենիամինը՝ Գաղաադին, 20Իսրայելի որդիների՝ գերության գնացած այս զորքը պիտի ժառանգի քանանացիների երկրից մինչև Սարեփթա։ Եվ Երուսաղեմի գերիները, որ Սեփարաթում են, հարավային քաղաքներին պիտի տիրեն։ 21Եվ ազատարարները Սիոն լեռը պիտի բարձրանան՝ Եսավի լեռը դատելու համար, և թագավորությունը Տիրոջը պիտի լինի»։

Currently Selected:

ԱԲԴԻԱ 1: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy