YouVersion Logo
Search Icon

ԹՎԵՐ 22

22
Մովաբի թագավորը Բաղաամի մոտ պատգամախոս է ուղարկում
1Իսրայելի որդիները, մեկնելով այնտեղից, բանակատեղի դրեցին Մովաբի դաշտերում՝ Հորդանան գետի մյուս կողմում, Երիքովի մոտ։
2Սեպփորի որդի Բաղակը տեսավ այն ամենը, ինչ իսրայելացիներն արել էին ամորհացիներին։ 3Մովաբացիները խիստ վախեցան այդ ժողովրդից, որովհետև նրանք շատ էին։ Մովաբացիները տագնապի մատնվեցին Իսրայելի ժողովրդի առաջ։ 4Մովաբացիներն ասացին Մադիամի ծերերին. «Հիմա այս ժողովրդի բազմությունը լափելու է մեր շուրջը եղած ամեն ինչ, ինչպես արջառն է լափում դաշտի խոտը»։ Սեպփորի որդի Բաղակն այն ժամանակ Մովաբի թագավորն էր։ 5Նա պատգամախոսներ ուղարկեց Փաթուր քաղաքը, որ Եփրատ գետի ափին է, Բեորի որդի Բաղաամի մոտ, նրա ժողովրդի որդիների երկիրը՝ կանչելու և ասելու. «Ահա մի ժողովուրդ է դուրս ելել Եգիպտոսից, ծածկել է երկրի երեսը և եկել նստել է իմ դիմաց։ 6Արդ, աղաչում եմ, ե՛կ, անիծի՛ր այս ժողովրդին ինձ համար, որովհետև նա ինձանից ուժեղ է։ Գուցե այդպիսով կարողանամ հարվածել նրան և դուրս քշել իմ երկրից, քանզի գիտեմ, որ ում դու օրհնում ես, օրհնված է, և ում դու անիծում ես, անիծված է»։
7Մովաբի ծերերն ու Մադիամի ծերերը գնացին՝ իրենց ձեռքում ունենալով բախտագուշակությունների համար տրվելիք վարձը։ Նրանք եկան Բաղաամի մոտ և նրան հայտնեցին Բաղակի խոսքերը։ 8Բաղաամն ասաց նրանց. «Այս գիշեր մնացե՛ք այստեղ, և ես պատասխան կտամ ձեզ, ինչպես որ Տերը խոսելու լինի ինձ հետ»։ Եվ Մովաբի իշխանները մնացին Բաղաամի մոտ։ 9Աստված եկավ Բաղաամի մոտ և ասաց. «Ովքե՞ր են այս մարդիկ, որ քեզ մոտ են»։ 10Բաղաամը պատասխանեց Աստծուն. «Մովաբի թագավոր Սեպփորի որդի Բաղակն է ուղարկել նրանց ինձ մոտ՝ ասելու, 11թե՝ “Ահա Եգիպտոսից դուրս է եկել մի ժողովուրդ և ծածկել երկրի երեսը։ Արդ, ե՛կ, անիծի՛ր նրանց ինձ համար. գուցե այդպիսով կարողանամ հաղթել նրանց և դուրս քշել”»։ 12Աստված ասաց Բաղաամին. «Դրանց հետ չգնաս, չանիծես այդ ժողովրդին, որովհետև նա օրհնված է»։ 13Բաղաամը, առավոտյան վեր կենալով, ասաց Բաղակի իշխաններին. «Գնացե՛ք ձեր երկիրը, որովհետև Տերն արգելում է ինձ, որ գնամ ձեզ հետ»։ 14Մովաբի իշխանները վեր կացան, եկան Բաղակի մոտ ու ասացին. «Բաղաամը չուզեց գալ մեզ հետ»։
15Բաղակը դարձյալ նրանցից ավելի շատ և ավելի պատվավոր իշխաններ ուղարկեց։ 16Նրանք եկան Բաղաամի մոտ և ասացին նրան. «Սեպփորի որդի Բաղակն այսպես է ասում. “Աղաչում եմ, մի՛ հրաժարվիր ինձ մոտ գալուց, 17որովհետև քեզ մեծ պատիվների կարժանացնեմ, և ինչ որ ասես ինձ, կանեմ. աղաչում եմ, ե՛կ, անիծի՛ր այս ժողովրդին ինձ համար”»։ 18Բաղաամը, պատասխան տալով, ասաց Բաղակի ծառաներին. «Եթե Բաղակն ինձ իր տնով լիքը արծաթ ու ոսկի տա, ես չեմ կարող զանց անել իմ Տեր Աստծու խոսքը, նրան հակառակ մի փոքր կամ մեծ բան կատարել։ 19Այժմ աղաչում եմ, այս գիշեր դուք այստե՛ղ մնացեք, որպեսզի իմանամ, թե Տերն ուրիշ ի՛նչ կասի ինձ»։ 20Աստված գիշերը Բաղաամի մոտ եկավ և ասաց նրան. «Քանի որ այս մարդիկ քեզ կանչելու համար են եկել, վեր կաց գնա՛ նրանց հետ, բայց ինչ որ ասեմ քեզ, միայն ա՛յն կանես»։
Բաղաամի էշը խոսում է
21Առավոտյան Բաղաամը վեր կացավ, համետեց իր էշը և գնաց Մովաբի իշխանների հետ։ 22Աստծու բարկությունը բորբոքվեց, որովհետև նա գնացել էր։ Տիրոջ հրեշտակը եկավ կանգնեց ճանապարհին՝ նրա դեմն առնելու համար։ Բաղաամը նստել էր իր էշի վրա. նրա հետ էին իր երկու ծառաները։ 23Էշը տեսավ Տիրոջ հրեշտակին, որ կանգնած էր ճանապարհին մերկ սուրը իր ձեռքին. թեքվեց ճանապարհից և գնաց դեպի արտը։ Բաղաամը ծեծեց էշին, որպեսզի նրան դեպի ճանապարհը դարձնի։ 24Տիրոջ հրեշտակը կանգնեց այգիների միջև՝ նեղ ճանապարհին, այնպես որ այս ու մյուս կողմից ցանկապատեր կային։ 25Երբ էշը տեսավ Տիրոջ հրեշտակին, քաշվեց պատի կողմը և ճզմեց Բաղաամի ոտքը այդ պատի մոտ։ Բաղաամը դարձյալ ծեծեց էշին։ 26Տիրոջ հրեշտակը նորից առաջ գնաց ու կանգնեց մի նեղ տեղում, ուր աջ կամ ձախ թեքվելու հնար չկար։ 27Էշը, տեսնելով Աստծու հրեշտակին, կքեց Բաղաամի տակ։ Բաղաամի բարկությունը բորբոքվեց, և նա գավազանով ծեծեց էշին։ 28Տերը բացեց էշի լեզուն, և էշն ասաց Բաղաամին. «Ես ի՞նչ եմ արել քեզ, որ երեք անգամ ծեծեցիր ինձ»։ 29Բաղաամն ասաց էշին. «Նրա համար, որ ծաղրեցիր ինձ։ Երանի՜ թե ձեռքիս սուր լիներ, որ հենց հիմա սպանեի քեզ»։ 30Էշն ասաց Բաղաամին. «Ես քո այն էշը չեմ, որի վրա դու հեծնել ես սկզբից մինչև այսօր. մի՞թե իմ սովորությունն էր այսպես անել քեզ»։ Նա պատասխանեց. «Ոչ»։ 31Այն ժամանակ Տերը բացեց Բաղաամի աչքերը, և նա տեսավ Տիրոջ հրեշտակին՝ ճանապարհին կանգնած, մերկ սուրը իր ձեռքին։ Նա երեսնիվայր գետին ընկավ և երկրպագեց։ 32Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Ինչո՞ւ երեք անգամ ծեծեցիր քո էշին։ Ես ահա դուրս եկա քո դեմ կանգնելու համար, որովհետև այդ ճանապարհը ուղիղ չէ իմ առաջ։ 33Էշն ինձ տեսավ և երեք անգամ քաշվեց իմ առաջից։ Եթե նա չքաշվեր իմ առաջից, հիմա ես սպանած կլինեի քեզ, իսկ նրան ողջ կթողնեի»։ 34Բաղաամն ասաց Տիրոջ հրեշտակին. «Մեղք գործեցի, որովհետև չիմացա, որ դու էիր ճանապարհին իմ դեմ կանգնել։ Արդ, եթե դա վատ է երևում քեզ, ես ետ կդառնամ»։ 35Տիրոջ հրեշտակն ասաց Բաղաամին. «Գնա՛ այդ մարդկանց հետ, բայց կխոսես միայն այն, ինչ կասեմ քեզ»։ Եվ Բաղաամը գնաց Բաղակի իշխանների հետ։
Բաղակի և Բաղաամի հանդիպումը
36Բաղակը, լսելով, որ գալիս է Բաղաամը, դուրս եկավ դիմավորելու նրան մինչև մովաբացիների մի քաղաքը՝ Առնոնի սահմանի մոտ, նրա սահմանածայրում։ 37Բաղակն ասաց Բաղաամին. «Չէ՞ որ մարդ էի ուղարկել քեզ կանչելու համար։ Ինչո՞ւ չեկար ինձ մոտ։ Կարծում էիր, թե չէի՞ կարող պատվել քեզ»։ 38Բաղաամն ասաց Բաղակին. «Ահա եկել եմ քեզ մոտ. բայց ես զորություն ունե՞մ մի բան ասելու։ Աստված ինչ խոսք որ դնի իմ բերանում, այն պիտի ասեմ»։ 39Բաղաամը գնաց Բաղակի հետ, և եկան Կարիաթ-Հուսոթ։ 40Բաղակը արջառներ ու ոչխարներ մորթեց և դրանք ուղարկեց Բաղաամին ու նրա հետ եկած իշխաններին։ 41Երբ առավոտ եղավ, Բաղակը, իր հետ առնելով Բաղաամին, նրան հանեց Բահաղի բարձր տեղերը, որտեղից Բաղաամը տեսավ ժողովրդի մի մասին։

Currently Selected:

ԹՎԵՐ 22: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy