YouVersion Logo
Search Icon

ՂԵՎՏԱԿԱՆ 4

4
Անգիտակցաբար կատարված մեղքի զոհ
1Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 2«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Եթե մեկը մեղանչի, այսինքն՝ Տիրոջ արգելած բաներից մեկն անի, որ չպետք է արվեն, 3եթե օծված քահանան մեղանչի՝ հանցավոր դարձնելով ժողովրդին, ապա նա իր գործած մեղքի համար արջառներից անարատ մի զվարակ պիտի մատուցի Տիրոջը որպես մեղքի զոհաբերություն։ 4Նա զվարակը թող բերի ժողովի վրանի մուտքի մոտ, Տիրոջ առաջ, իր ձեռքը դնի զվարակի գլխին և զվարակը մորթի Տիրոջ առաջ։ 5Օծված քահանան զվարակի արյունից թող առնի և բերի ժողովի վրան։ 6Քահանան իր մատը թաթախի արյան մեջ և այդ արյունից յոթ անգամ իր մատով շաղ տա Տիրոջ առաջ, սրբարանի վարագույրի դիմաց։ 7Քահանան զվարակի արյունից թող քսի ժողովի վրանում՝ Տիրոջ առաջ գտնվող անուշահոտ խնկի սեղանի եղջյուրներին։ Զվարակի մնացած ամբողջ արյունը թափի ժողովի վրանի մուտքի մոտ գտնվող ողջակեզի զոհասեղանի հատակին։ 8Եվ վերցնի մեղքի համար զոհաբերված զվարակի ամբողջ ճարպը, այսինքն՝ փորոտիքի ճարպաթաղանթը և փորոտիքի վրայի ամբողջ ճարպը։ 9Եվ հանի երկու երիկամները և դրանց շուրջն ու մսերի վրա եղած ճարպը և լյարդի թաղանթը երիկամներով հանդերձ, 10ինչպես դրանք հանվում են խաղաղության համար զոհաբերվող արջառից, և քահանան դրանք թող այրի ողջակեզի զոհասեղանի վրա։ 11Իսկ զվարակի մորթը, նրա ամբողջ միսը՝ գլխի և ոտքերի հետ, փորոտիքը և աղբը, 12այսինքն՝ ամբողջ զվարակը հանի բանակատեղիից դուրս՝ մի մաքուր տեղ, ուր մոխիրն են թափում, և այրի կրակով, փայտերի վրա։ Մոխրի թափված տեղում այրվի։
13Եթե Իսրայելի ամբողջ ժողովուրդը մի սխալ գործի, և դա ծածուկ մնա ժողովրդի աչքից, եթե խախտի Տիրոջ պատվիրաններից մեկնումեկը, եթե անեն այն բաներից մեկը, որ ըստ Տիրոջ չպետք է արվեր, այն ժամանակ հանցավոր կլինի։ 14Եթե իմացվի նրանց գործած մեղքը, ժողովուրդն արջառներից մի զվարակ թող մատուցի որպես մեղքի զոհ և այն բերի ժողովի վրանի առաջ։ 15Ժողովրդի ծերերը Տիրոջ առաջ իրենց ձեռքերը դնեն զվարակի գլխին և զվարակը մորթեն Տիրոջ առաջ։ 16Օծված քահանան զվարակի արյունից բերի ժողովի վրան։ 17Քահանան իր մատը թաթախի արյան մեջ և յոթ անգամ շաղ տա Տիրոջ առաջ, վարագույրի դիմաց։ 18Եվ արյունից քսի ժողովի վրանում Տիրոջ առաջ դրված սեղանի եղջյուրներին, իսկ մնացած ամբողջ արյունը թափի ժողովի վրանի մուտքի մոտ գտնվող ողջակեզների զոհասեղանի պատվանդանին։ 19Զվարակի ամբողջ ճարպը թող հանի նրա վրայից և այրի զոհասեղանի վրա։ 20Այդ զվարակին այնպես անի, ինչպես արեց մեղքի զոհ զվարակին։ Քահանան քավություն անի նրանց համար, և նրանց թողություն կլինի։ 21Բանակատեղիից դուրս թող հանեն զվարակը և այրեն այն, ինչպես որ այրեցին նախորդ զվարակը. դա մեղքի զոհաբերություն է ժողովրդի համար։
22Եթե մի իշխան է մեղք գործում՝ սխալմամբ խախտելով իր Տեր Աստծու պատվիրաններից մեկնումեկը, որ չպետք է արվեր, այն ժամանակ հանցավոր կլինի։ 23Եթե նրա գործած մեղքը հայտնվի իրեն, իր արու այծերից թող զոհաբերի անարատ մի նոխազ։ 24Եվ իր ձեռքը դնի նոխազի գլխին և այն մորթի Տիրոջ առաջ, ողջակեզների մորթելու տեղում։ Դա մեղքի զոհաբերություն է։ 25Քահանան մեղքի զոհի արյունից թող վերցնի իր մատով և քսի ողջակեզի զոհասեղանի եղջյուրներին, իսկ նրա մնացած արյունը թափի ողջակեզների զոհասեղանի պատվանդանին։ 26Նրա ամբողջ ճարպը թող այրի զոհասեղանի վրա, խաղաղության զոհի ճարպի նման։ Քահանան նրա մեղքի համար քավություն անի, և նրան թողություն կլինի։
27Եթե երկրի ժողովրդից մեկն է մեղանչում՝ խախտելով Տիրոջ պատվիրաններից մեկնումեկը, մի բան, որ չպետք է աներ, այն ժամանակ հանցավոր կլինի։ 28Եթե իր գործած մեղքը հայտնվի իրեն, իր գործած մեղքի համար այծերից անարատ մի էգ այծ թող բերի։ 29Եվ իր ձեռքը դնի մեղքի զոհի գլխին և մեղքի զոհը մորթի ողջակեզի մորթելու տեղում։ 30Քահանան իր մատով թող վերցնի նրա արյունից և քսի ողջակեզի զոհասեղանի եղջյուրներին, իսկ մնացած ամբողջ արյունը թափի զոհասեղանի պատվանդանին։ 31Եվ հանի նրա ամբողջ ճարպը, ինչպես հանվում է խաղաղության զոհի ճարպը, և քահանան այն այրի զոհասեղանի վրա՝ իբրև անուշահոտություն Տիրոջ առաջ։ Քահանան քավություն անի նրա համար, և նրան թողություն կլինի։ 32Եթե գառ է մատուցում որպես մեղքի զոհ, թող բերի անարատ մի էգ գառ։ 33Եվ իր ձեռքը դնի մեղքի զոհի գլխին և այն մորթի որպես մեղքի զոհ այնտեղ, ուր ողջակեզներն են մորթում։ 34Քահանան իր մատով թող վերցնի մեղքի զոհի արյունից և քսի ողջակեզի զոհասեղանի եղջյուրներին, իսկ մնացած ամբողջ արյունը թափի զոհասեղանի պատվանդանին։ 35Եվ հանի նրա ամբողջ ճարպը, ինչպես հանվում է խաղաղության զոհի գառան ճարպը։ Քահանան այն թող այրի զոհասեղանի վրա Տիրոջը մատուցվող զոհերի հետ։ Քահանան քավություն անի նրա գործած մեղքի համար, և նրան թողություն կլինի”»։

Currently Selected:

ՂԵՎՏԱԿԱՆ 4: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy