YouVersion Logo
Search Icon

ԵՍԱՅԻ 47

47
Բաբելոնի դատաստանը
1«Իջի՛ր ու նստի՛ր հողին, ո՛վ Բաբելոնի կույս աղջիկ, նստի՛ր գետնին առանց գահի, ո՛վ քաղդեացիների աղջիկ, որովհետև քեզ այլևս չեն կոչելու քնքուշ ու փափկասուն։ 2Ա՛ռ երկանքը և ալյո՛ւր աղա, բա՛ց լաչակդ, վե՛ր բարձրացրու քղանցքդ, մերկացրո՛ւ սրունքներդ և անցի՛ր գետերի միջով։ 3Պիտի բացվի քո մերկությունը, և պիտի երևա քո նախատինքը։ Վրեժ եմ առնելու, չեմ խնայելու ոչ ոքի։ 4Մեր Փրկիչը,- Զորությունների Տեր է նրա անունը,- Իսրայելի Սուրբն է։ 5Լո՛ւռ նստիր և մտի՛ր խավարի մեջ, ո՛վ քաղդեացիների աղջիկ, որովհետև այլևս քեզ չեն կոչելու “թագավորությունների տիրուհի”։ 6Ես սրտմտած էի իմ ժողովրդի վրա, անպատվեցի իմ ժառանգությունը և նրանց քո ձեռքը մատնեցի։ Դու գթություն ցույց չտվեցիր նրանց նկատմամբ, շատ ծանրացրիր քո լուծը ծերերի վրա։ 7Դու ասացիր. “Ես հավիտյան տիրուհի կլինեմ”։ Այնպես որ սրա մասին չմտածեցիր, սրա վախճանի մասին չհիշեցիր։ 8Իսկ հիմա լսի՛ր այս, ո՛վ դու հեշտասեր, որ նստած ես ապահով և սրտիդ մեջ ասում ես. “Ես եմ, և ինձնից բացի մեկը չկա. իբրև այրի չպիտի նստեմ և անզավակություն չպիտի գիտենամ”։ 9Բայց այս երկուսը քեզ վրա են հասնելու վայրկենապես, մեկ օրվա մեջ՝ զավակների կորուստն ու այրիությունը։ Դրանք գալու են քեզ վրա ամբողջովին՝ չնայած քո բազում դյութություններին և քո զորեղ կախարդություններին։ 10Դու ապավինեցիր քո չարությանը, ասացիր. “Ինձ տեսնող չկա”։ Քո իմաստությունն ու քո գիտությունը մոլորեցրին քեզ. բայց դու ասացիր քո սրտում. “Ես եմ, և ինձնից բացի մեկը չկա”։ 11Քեզ վրա չարիք է գալու, որ չես իմանալու հմայել, քեզ վրա մի թշվառություն է ընկնելու, որը չես կարողանալու վանել, քեզ վրա հանկարծակի մի ավերում է գալու առանց քո իմանալու։ 12Դե մնա՛ քո կախարդությունների և քո բազում դյութությունների մեջ, որոնցով դու աշխատել ես քո մանկությունից ի վեր. գուցե կարողանաս օգուտ ձեռք բերել, գուցե և սարսափեցնես։ 13Դու հոգնել ես խորհուրդներիդ շատությունից. թող կանգնեն երկինքը քննողները, աստղեր զննողները, նորալուսնով գուշակողները և քեզ փրկեն այն բանից, ինչ գալու է քեզ վրա։ 14Ահա նրանք մղեղի պես կլինեն, կրակը կայրի նրանց, նրանք իրենց անձը չեն ազատի բոցի զորությունից. դա մի կայծ չի լինելու տաքանալու համար, կրակ՝ առաջը նստելու համար։ 15Այսպես կլինեն քեզ համար նրանք, որոնց հետ դու հոգնել ես, նրանք, որոնց հետ դու շահավաճառություն արեցիր քո երիտասարդությունից ի վեր. նրանցից յուրաքանչյուրն իր ճանապարհով մոլորվեց գնաց, և քեզ ազատող չկա»։

Currently Selected:

ԵՍԱՅԻ 47: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy