YouVersion Logo
Search Icon

ԵԼՔ 9

9
5. Անասունների կոտորածը
1Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛ փարավոնի մոտ և խոսի՛ր նրա հետ, թե եբրայեցիների Տեր Աստվածն այսպես է ասում. “Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ։ 2Եթե չուզենաս արձակել և դեռ պինդ պահես նրանց, 3ահա Տիրոջ ձեռքը կգա դաշտում գտնվող քո հոտերի վրա, ձիերի, էշերի, ուղտերի, արջառների և ոչխարների վրա, և շատ մեծ կոտորած կլինի։ 4Տերը կզատորոշի իսրայելացիների հոտերն ու եգիպտացիների հոտերը, և Իսրայելի որդիների մեկ անասունն անգամ չի սատկի”»։ 5Տերը ժամանակ որոշեց՝ ասելով. «Վաղը Տերը կանի այս բանը երկրի վրա»։ 6Հետևյալ օրը Տերն արեց այդ բանը, այսինքն՝ եգիպտացիների բոլոր հոտերը սատկեցին, իսկ Իսրայելի որդիների հոտերից մեկ հատ էլ չսատկեց։ 7Փարավոնը մարդ ուղարկեց և իմացավ, որ Իսրայելի հոտերից մեկ հատ էլ չի սատկել։ Փարավոնի սիրտը կարծրացավ, և նա ժողովրդին չարձակեց։
6. Խոցեր
8Տերն ասաց Մովսեսին և Ահարոնին. «Լցրե՛ք ձեր ձեռքերը հնոցի մոխրով. թող Մովսեսը փարավոնի առաջ այն շաղ տա դեպի երկինք։ 9Եգիպտոսի ամբողջ երկրի վրա փոշի կլինի, և խոցեր առաջացնող ուռուցքներ կհայտնվեն Եգիպտոսի ամբողջ երկրի մարդկանց ու անասունների վրա»։ 10Նրանք վերցրին հնոցի մոխիրն ու կանգնեցին փարավոնի առաջ։ Մովսեսն այն շաղ տվեց դեպի երկինք, և մարդկանց ու անասունների վրա խոցեր առաջացնող ուռուցքներ հայտնվեցին։ 11Մոգերը չկարողացան կանգնել Մովսեսի առաջ ուռուցքների պատճառով, որովհետև ուռուցքներ առաջացան նաև մոգերի և բոլոր եգիպտացիների վրա։ 12Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը, և նա չլսեց նրանց, ինչպես որ Տերն ասել էր Մովսեսին։
7. Կարկուտ
13Տերն ասաց Մովսեսին. «Վե՛ր կաց վաղ առավոտյան, գնա կանգնի՛ր փարավոնի առաջ և ասա՛ նրան. “Այսպես է ասում եբրայեցիների Տեր Աստվածը. "Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ։ 14Որովհետև այս անգամ իմ բոլոր հարվածները պիտի ուղղեմ քո սրտի վրա, քո ծառաների և քո ժողովրդի վրա, որպեսզի իմանաս, թե ամբողջ աշխարհում ինձ նմանը չկա։ 15Որովհետև հիմա կմեկնեմ իմ ձեռքը և կհարվածեմ քեզ ու քո ժողովրդին ժանտախտով, և կկորչես երկրից։ 16Ես քեզ խնայեցի հենց նրա համար, որ ցույց տամ իմ զորությունը քեզանով, և իմ անունը հայտնի լինի ամբողջ աշխարհում։ 17Դու դեռ իմ ժողովրդի դեմ ես ելնում, որ չարձակե՞ս նրան։ 18Ահա ես վաղն այս ժամանակ այնպիսի սաստիկ կարկուտ կտեղացնեմ, որպիսին երբեք չի եղել Եգիպտոսում՝ նրա հիմնադրման օրից մինչև այժմ։ 19Հիմա մա՛րդ ուղարկիր և հավաքի՛ր քո հոտերը և ինչ որ ունես դաշտում. որովհետև դաշտում գտնվող և տների մեջ չմտած բոլոր մարդկանց և բոլոր անասունների վրա կարկուտ է իջնելու, և նրանք ոչնչանալու են"”»։ 20Փարավոնի ծառաներից նա, ով վախենում էր Տիրոջ խոսքերից, իր ծառաներին և հոտերը հավաքեց տների մեջ։ 21Իսկ ով որ ուշադրություն չդարձրեց Տիրոջ խոսքերին, դաշտում թողեց իր ծառաներին և իր հոտերը։
22Տերն ասաց Մովսեսին. «Ձեռքդ մեկնի՛ր դեպի երկինք, և թող կարկուտ թափվի Եգիպտոսի ամբողջ երկրի մարդկանց և անասունների վրա, Եգիպտոսի երկրում եղած արտերի բոլոր խոտերի վրա»։ 23Մովսեսն իր գավազանը մեկնեց դեպի երկինք, և Տերը որոտ ու կարկուտ ուղարկեց, և երկրի վրա կրակ էր վազում։ Տերը կարկուտ տեղացրեց Եգիպտոսի երկրի վրա։ 24Կարկուտ եղավ, և կարկուտի հետ խառնված կրակ տեղաց. շատ սաստիկ էր, որ դրա նմանը չէր եղել Եգիպտոսի ամբողջ երկրում ազգի առաջացումից ի վեր։ 25Կարկուտը հարվածեց Եգիպտոսի ամբողջ երկրի դաշտերում եղած ամեն ինչին՝ մարդուց մինչև անասուն։ Կարկուտը հարվածեց դաշտի բոլոր խոտերին և կոտրատեց դաշտի բոլոր ծառերը։ 26Կարկուտ չտեղաց միայն Գեսեմի երկրում, որտեղ գտնվում էին Իսրայելի որդիները։
27Փարավոնը մարդ ուղարկեց, կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց նրանց. «Այս անգամ մեղանչեցի. արդար է Տերը, իսկ ես և իմ ժողովուրդը հանցավոր ենք։ 28Աղաչե՛ք Տիրոջը, որ Աստծու որոտներն ու կարկուտը դադարեցնի։ Ես ձեզ կարձակեմ, և այլևս այստեղ չեք մնա»։ 29Մովսեսն ասաց նրան. «Հենց որ դուրս գամ քաղաքից, ձեռքերս կտարածեմ դեպի Տերը. որոտները կդադարեն, և այլևս կարկուտ չի լինի, որպեսզի իմանաս, որ երկիրը Տիրոջն է։ 30Բայց ես գիտեմ, որ դու և քո ծառաները դեռ չեք վախենում Տեր Աստծուց»։
31Կտավատն ու գարին կարկտահար եղան, որովհետև գարին հասած էր, և կտավատը՝ սերմ բռնած։ 32Բայց ցորենը և հաճարը կարկտահար չեղան, որովհետև դրանք ուշ են հասունանում։
33Մովսեսը, փարավոնի մոտից ելնելով, գնաց քաղաքից դուրս։ Նա ձեռքերը տարածեց դեպի Տերը, և որոտներն ու կարկուտը դադարեցին, և անձրև չտեղաց երկրի վրա։ 34Երբ փարավոնը տեսավ, որ անձրևը, կարկուտը և որոտը դադարել են, դարձյալ մեղանչեց. և կարծրացրեց սիրտը, ինքը և իր ծառաները։ 35Եվ այսպես փարավոնի սիրտը կարծրացավ, և Իսրայելի որդիներին չարձակեց, ինչպես որ Տերն ասել էր Մովսեսին։

Currently Selected:

ԵԼՔ 9: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy