YouVersion Logo
Search Icon

ԵՍԹԵՐ 2

2
Եսթերը դառնում է թագուհի
1Այս բաներից հետո, երբ որ Ասուերոս թագավորի բարկությունը նստել էր, հիշեց Վաշթիին, նրա արածը և նրա դեմ եղած վճիռը։ 2Թագավորին սպասավորող ծառաներն ասացին. «Թագավորի համար թող գեղեցկադեմ կույս աղջիկներ որոնեն, 3և թող թագավորն իր թագավորության բոլոր գավառներում վերակացուներ դնի, որ բոլոր գեղեցկադեմ կույս աղջիկներին բերեն Շուշան մայրաքաղաքը՝ կանանց պալատը, թագավորի կանանց պահապան ներքինի Հեգեիի ձեռքի տակ ժողովեն և նրանց մաքրության համար պետք եղած օծանելիքներ տան։ 4Եվ այն աղջիկը, որ թագավորի աչքին հաճելի կլինի, թող թագուհի դառնա Վաշթիի տեղը»։ Այս բանը հաճելի թվաց թագավորին, և նա այդպես արեց։
5Շուշան մայրաքաղաքում մի հրեա մարդ կար. նրա անունն էր Մուրթքե՝ որդին Հայիրի՝ որդին Սեմեիի՝ որդին Կիսի՝ Բենիամինի ցեղից։ 6Նա Երուսաղեմից գերի էր տարվել այն գերիների հետ, որ Հուդայի Հեքոնիա թագավորի հետ գերեվարվեցին, որոնց գերի տարավ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը։ 7Նա խնամում էր իր հորեղբոր աղջիկ Ադասսային, այսինքն՝ Եսթերին, որովհետև նա հայր ու մայր չուներ։ Այդ աղջիկը գեղեցիկ էր արտաքինով և գեղեցիկ՝ դեմքով։ Եվ երբ որ նրա հայրն ու մայրը մեռան, Մուրթքեն նրան աղջիկ դարձրեց իր համար։
8Եվ երբ թագավորի հրամանն ու հրովարտակը լսվեցին, շատ աղջիկներ հավաքվեցին Շուշան մայրաքաղաքում՝ Հեգեիի ձեռքի տակ. Եսթերն էլ տարվեց թագավորի պալատ՝ կանանց պահապան Հեգեիի ձեռքի տակ։ 9Աղջիկը հաճելի եղավ նրա աչքին և շնորհ գտավ նրա առաջ։ Եվ նա շուտով նրան տվեց մաքրության համար պետք եղած օծանելիքները, նրա ռոճիկն ու այն յոթ աղախիններին, որ նշանակվել էին նրան տրվելու թագավորական պալատից։ Նրան և նրա աղախիններին փոխադրեց կանանց պալատի լավագույն տեղը։ 10Եսթերը չհայտնեց իր ազգը և իր ծագումը, որովհետև Մուրթքեն նրան պատվիրել էր, որ չհայտնի։
11Մուրթքեն ամեն օր ման էր գալիս կանանց պալատի գավթի առջև, որ իմանար Եսթերի առողջությունը, և թե նրան ինչ է լինելու։
12Երբ գալիս էր յուրաքանչյուր աղջկա՝ Ասուերոս թագավորի մոտ գնալու հերթը՝ ըստ կանանց սովորության տասներկու ամիսը լրանալուց հետո (որովհետև այսպես էին լրանում մաքրությունները. վեց ամիս զմուռսի յուղով, վեց ամիս էլ անուշահոտ խունկերով և կանանց մաքրության համար պետք եղած օծանելիքներով), 13այդ ժամանակ աղջիկը գնում էր թագավորի մոտ. ամեն ինչ, որ նա պահանջեր, տրվում էր նրան, որ նրա հետ կանանց պալատից տարվեր թագավորի պալատը։ 14Երեկոյան գնում էր և առավոտյան հետ էր դառնում կանանց մյուս տունը՝ թագավորի ներքինի և հարճերի պահապան Սաասգազի ձեռքի տակ։ Նա կրկին թագավորի մոտ չէր գնա, մինչև որ թագավորը նրան չհավաներ և նրան անունով չկանչեր։
15Եվ երբ որ Մուրթքեի հորեղբայր Աբիքելի աղջիկ Եսթերի հերթը եկավ, որին Մուրթքեն իրեն աղջիկ էր վերցրել, որ գնար թագավորի մոտ, ոչինչ չպահանջեց, բացի նրանից, որ ասաց թագավորի կանանց պահապանը՝ ներքինի Հեգեին։ Եսթերը շնորհ գտավ իրեն բոլոր տեսնողների առաջ։ 16Եվ Եսթերը տարվեց Ասուերոս թագավորի մոտ՝ նրա արքայական տունը, տասներորդ ամսում, այսինքն՝ թեբեթ ամսում՝ նրա թագավորության յոթերորդ տարում։ 17Թագավորը Եսթերին բոլոր կանանցից ավելի սիրեց, և նա բոլոր աղջիկներից ավելի սեր և շնորհ գտավ նրա առաջ. և արքայական թագը նրա գլխին դրեց և նրան Վաշթիի փոխարեն թագուհի դարձրեց։ 18Եվ թագավորը մեծ խնջույք արեց իր բոլոր իշխանների և ծառաների համար, այսինքն՝ Եսթերի խնջույքը, թեթևացրեց գավառների հարկերը և թագավորին վայել պարգևներ տվեց։
Մուրթքեն փրկում է թագավորի կյանքը
19Երբ երկրորդ անգամ աղջիկներ ժողովեցին, այն ժամանակ Մուրթքեն նստում էր թագավորի դռանը։ 20Եսթերը չէր հայտնել իր ծագումն ու իր ազգը, ինչպես որ Մուրթքեն էր նրան պատվիրել։ Եսթերը Մուրթքեի հրամանն անում էր այնպես, ինչպես որ նրա մոտ խնամքի ժամանակ։
21Այն օրերին, երբ Մուրթքեն թագավորի դռանն էր նստում, թագավորի երկու ներքինիները՝ Բիգթանը և Թարեսը, որ դռան պահապաններից էին, բարկանալով որոշեցին ձեռք բարձրացնել Ասուերոս թագավորի դեմ։ 22Այս բանը հայտնի դարձավ Մուրթքեին, և նա հաղորդեց Եսթեր թագուհուն։ Եվ Եսթերը Մուրթքեի անունից ասաց թագավորին։ 23Երբ այս բանը քննվեց ու ստուգվեց, նրանք երկուսն էլ կախվեցին փայտից, և սա թագավորի առջև գրվեց ժամանակագրության գրքում։

Currently Selected:

ԵՍԹԵՐ 2: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy