YouVersion Logo
Search Icon

ԱՄՈՎՍ 2

2
զ. Մովաբ
1Այսպես է ասում Տերը. «Մովաբի երեք օրինազանցությունների համար և չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նա Եդովմի թագավորի ոսկորներն այրելով կիր դարձրեց։ 2Այլ կրակ պիտի գցեմ Մովաբի վրա, և այն պիտի լափի Կարիոթի պալատները, իսկ Մովաբը աղաղակելով, աղմուկով և փողի ձայնով պիտի մահանա։ 3Եվ նրա միջից պիտի վերացնեմ դատավորին#2.3 Այսինքն՝ պետության գլուխ եղող իշխանը։ և նրա բոլոր իշխաններին պիտի մեռցնեմ»,- ասում է Տերը։
է. Հուդա
4Այսպես է ասում Տերը. «Հուդայի երեք օրինազանցությունների համար և չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նրանք մերժեցին Տիրոջ օրենքը և նրա կանոնները չպահեցին, նրանց մոլորեցրին իրենց ստերը, որոնց հետևից գնացել էին իրենց հայրերը։ 5Այլ ես կրակ պիտի գցեմ Հուդայի վրա, և այն պիտի լափի Երուսաղեմի պալատները»։
Աստծու դատաստանը Իսրայելի դեմ
6Այսպես է ասում Տերը. «Իսրայելի երեք օրինազանցությունների համար և չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նրանք արդարին փողով ծախեցին, իսկ կարիքավորին՝ մի զույգ կոշիկով։ 7Նրանք կոխկռտում են աղքատների գլխին, ինչպես որ կոխում են երկրի հողի վրա, խոնարհների ճանապարհը շեղում են, և որդին ու իր հայրը միևնույն աղջկա մոտ են գնում, որպեսզի պղծեն իմ սուրբ անունը։ 8Եվ պառկում են ամեն մի զոհասեղանի մոտ գրավ առնված հանդերձների վրա և իրենց աստվածների տանը խմում են բռնագրավված գինին։ 9Ես նրանց առաջ բնաջնջեցի ամորհացուն, որի բարձրությունը եղևնիների բարձրության պես էր, և որը պինդ էր կաղնիների նման։ Եվ ես նրա վրայից վերացրի իր պտուղը, իսկ տակից՝ նրա արմատները։ 10Եվ ես ձեզ հանեցի Եգիպտոսի երկրից և քառասուն տարի ձեզ անապատում առաջնորդեցի, որպեսզի ժառանգեիք ամորհացիների երկիրը։ 11Եվ ձեր որդիների միջից մարգարեներ հանեցի և ձեր երիտասարդներից՝ նվիրյալներ#2.11 Կամ ուխտավորներ։ Եբր. Նեզիրիմ։. մի՞թե այդպես չէ, ո՛վ Իսրայելի որդիներ»,- ասում է Տերը։ 12«Սակայն դուք նվիրյալներին գինի խմեցրիք և մարգարեներին հրամայեցիք՝ ասելով. “Մի՛ մարգարեացեք”։ 13Ահա ես ձեզ պիտի ճզմեմ, ինչպես որ ճզմում է խրձերով լի սայլը։ 14Եվ ամենաարագաշարժն անգամ չի կարող փախչել, և զորավորին չի արիացնի նրա ուժը, և հզորը չի ազատի իր անձը։ 15Աղեղ բռնողը չի կանգնի, և վազորդը իրեն չի ազատի, և ձի հեծածը չի փրկվի։ 16Եվ հզորների մեջ քաջասիրտը պիտի թողնի զենքերը և փախչի այդ օրը»,- ասում է Տերը։

Currently Selected:

ԱՄՈՎՍ 2: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy